‘Գոհար Սիմոնյան. Շնորհավոր Ամանոր եւ Սրբ. Ծնունդ, իմ լավ տղա’

2110

Ես շատ երկար էի մտածում՝ ինչի՞ մասին գրել 2014-ի վերջին նյութում: Տարի՞ ամփոփել: Եւ եթե` այո, հատկապես ինչպե՞ս ու ինչի՞ վրա ուշադրություն դարձնել: Առանձնացնել կարեւոր քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական իրադարձությունները: Խոսել թվերի ու փաստերի չոր լեզվո՞վ՝ ավելորդ անգամ փաստելով իշխանափոխության անհրաժեշտությունը, թե՞ էմոցիոնալ մի տեքստով հիշատակել այն լոռեցի երեխային, որը մայրաքաղաքային եւ կամ` տոնի ընդհանրական մեր համապատկերից դուրս՝ Նոր տարուն երազում է «փորով մեկ կարտոլ, գդալը քաշած մուրաբա ուտելու, վրից էլ՝ մի հետից լիքը կամպոտ խմելու» մասին:

Խոստովանեմ՝ ինձ ամենից ավելի հետաքրքրողը վերջի՛ն պատկերն էր, որովհետեւ ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ամանորյա հրաշքը, որ ենթագիտակցորե՛ն է մեր մեջ նստած՝ որպես հին մոդելների վախճան, իբրեւ նոր ժամանակների եւ նո՛ր հրաշքի սպասում, ինչպես կարող էր այսքան «փոքրանալ» ու խեղճանալով` իր ետեւում թողնել նույնիսկ սովետական «կակալ-տխիլ-մանդարինի» ամենասովորական մանկական սպասումը…

Ես այնքան էի ուզում խոսել այդ երեխայի հետ, հարցնել նրան արձակուրդների, մուլտֆիլմերի, տոնածառի զարդարման, Ձմեռ պապի եւ էլի՛ շատ ու շատ բաների, հատկապես ամանորյա սպասման մասին: Այս տղային նյութիս հերոսն էի ուզում դարձնել, բայց հանկարծ հասկացա, որ  իրավու՛նք չունեմ:

Ես իրավունք չունեմ իմ սարքովի, թե իրական հետաքրքրասիրությամբ խախտել այդ երեխայի հավասարակշռությունը միայն այն պատճառով, որ չեմ հաշտվում իր չսպասման ու կարիքի բեռան տակ ժամանակից շուտ մեծանալու, «գլխից մեծ հրաշքներ չուզելու» էդ տարօրինակ պահվածքի հետ:

Ութ տարեկան է, բայց տես՝ անելիքն ու ասելիքը, նաեւ՝ ակնկալելիքը,  հստա՛կ ունի գլխում պահած. առանց նավ բաց ծով ելածի իմ տագնապները որ ի՞նչ տանեմ  խառնեմ կարտոֆիլի, մուրաբայի ու կոմպոտի անխառն իր սպասմանը:

Որ ի՞նչ լինի կամ ի՞նչ իմանամ, եւ ի՞նչ ասի:

Ու նաեւ մտածում եմ՝ եթե նույնիսկ օգնեմ, որ ամանորյա հրաշքը կայանա, եւ տղան ունենա այն, ինչ չէր էլ երազել, դա  նման չի՞ լինի առեւտրի:

Միանգամյա՛ առեւտրի, երբ իմ հետաքրքրությունը բավարարված է, իսկ ինքը, որ այլեւս ընտելացված է այս անգամ էլ հրաշքի հնարավորությանը, վաղը նորից մենակ եւ նորից Սերժ Սարգսյանի անհրաշք Հայաստանի իրականության հետ մեն-մենակ թողնված…

Չէ՛, իրավունք չունեմ:

Ոչ մեկն էլ` չունի:

Թերեւս, միայն իր ծնողները կարող են օգնել նրան, ով մի չնչին սպասման մեջ անգամ խնայում է նրանց: Խնայում՝ չերազելով:

Այ, նրանք պարտավո՛ր են հենց վաղը դուրս գալ փողոց եւ բարձրաձայն խոսել իրենց զավակի խլված մանկության ու խլված երազանքների մասին: Նրանք ու մյուսները իրավունք չունե՛ն իրենց երեխաներին թողնել այսպիսի Հայաստանում:

Եւ իմ մաղթանքն ահա այս Ամանորին հենց դա է՝  Նոր Հայաստանի տեսլականի մարմին հագնելը:

Որովհետեւ ոչ ոք իրավունք չունի մեր երեխաներից խլել ոչ միայն նրանց օրվա հացը, այլեւ նույնիսկ` երազելու իրավունքը, թունավորել առտնին կյանքն ու կյանքին նոր համ տվող տոնը: Այս դեպքում նաեւ՝ փոփոխության հնարավորությունը…

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, իմ լավ տղա:

Ես տեսել եմ քո երազանքը եւ գիտեմ, որ վաղը դու է՛լ ես տեսնելու:

Նախորդ հոդվածը‘Երկու օրում «Հարցազրույցը» BitTorrent-ով ներբեռնել են ավելի քան մեկ միլիոն անգամ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կարող է արագացվել’