‘Գոհար Սիմոնյան. Ո՞վ են սրանք, ո՞ւմ հացին են յուղ քսում ‘

1620

«Ո՞վ են սրանք, ո՞ւմ հացին են յուղ քսումահա հարցեր, որոնցով հետաքրքրվում էին Գեներալ Ալոշից սկսած մինչեւ Վարսավիր Վասիլը»:

Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»

Եւ այսպես՝ իշխանական քարոզչամեքենան ոչ թե ճաք է տվել, այլ ուղղակի պայթել է: Այլեւս ոչ ոք եւ ոչ մի վերլուծական կենտրոն չի՛ խիզախում ուղիղ հայացքով ներբողներ ձոնել ձախողված վարչակազմին, պես-պես հաղթանակներ գրանցել, տեսակ-տեսակ տնտեսական աճեր մատուցել հանրությանը, վերջապես՝ գոնե որեւէ թատերականացված բանավեճ ձեռնարկել:

Մի կողմից՝ սա, իհարկե, լա՛վ է. գոնե գլուխներս չեն տանում իրենց դատարկ գեղեցկախոսությամբ: Մյուս կողմից էլ՝ հասարակական գիտակցության դեմ տարվող պատերազմը տեղափոխվել է ընդհատակ: Հատկապես՝ «ազատ-անկախների» դաշտ, եւ երբեմն սովորական քաղաքացու համար դժվար է լինում իրականության անխախտ գույնը տեսնել խաբեության այն ամբողջ ներկապնակում, որով սրա՛նք են աշխատում…

Օրինակ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում, հիմնվելով արարատյան ընտրությունների արդյունքների վրա,  «ազատ-անկախների» բանակը նրբորեն գաղափարական մի գիծ է առաջ տանում, որ  նոր չէ, իհարկե, բայց առնվազն շատ տարօրինակ է՝ հատկապես Շանթի «միայնակ հեղափոխության» ֆոնին:

Եւ այսպես՝ ՀՀԿ-ն Արարատում ԲՀԿ-ին եւ մնացած բոլորին ուղերձ հղեց առ այն, որ չի՛ պատրաստվում խաղաղ ճանապարհով, այսինքն՝ ընտրությունների միջոցով, իշխանությունը զիջել ընդդիմությանը ո՛չ այսօր, ո՛չ 2018-ին: Ո՛չ Արարատում, ո՛չ՝ ընդհանրապես: Մնում է հուսալ քաղաքացիական համախմբմանը, հատկապես՝ երբ քաղաքական ուժերն էլ ցույց տվեցին, որ անզոր են դիմակայել իշխանական մեքենայի առաջ՝ գրում են սրանք:

Առաջին հայացքից՝ թվում է, մարդիկ նորմալ փաստ են արձանագրում՝ իշխանությունն իսկապես էլ պատրաստ է կենաց-մահու պատերազմ մղել ինքն իրեն ոչ միայն 2018-ին, այլեւ դրանից հետո էլ վերարտադրելու համար, եւ այստեղ որեւէ նորություն չկա: Նոր բան չէ նաեւ քաղաքական դաշտն առհասարակ վարկաբեկելու, անուժ, անպետք մի բան հռչակելու եւ քաղաքականություն կոչվածն առհասարակ արմատից կտրելու քոչարյանական վարքագիծը: Հասկանալի է նաեւ ակնարկը՝ քաղաքացիական անհնազանդության առումով, ինչն «ազատ-անկախները», 25-րդ կադրի սկզբունքով, փորձում են ներարկել հանրության գիտակցության մեջ՝ այն որպես միակ եւ անփոխարինելի գործիք ներկայացնելով:

Բայց ինչու՞ այժմ, երբ Շանթը հրեն՝ կանգնած էր Ազատության հրապարակում, եւ վճռականներից ու ազատ-անկախներից ոչ ոք նրան այդպես էլ չմոտեցավ: Մանավանդ՝ նրանք, ովքեր ժամանակին Կոնգրեսին մեղադրում էին Բաղրամյան 26 չհասնելու եւ իշխանությունը չվերցնելու մեջ:

Պատասխան չկա՛: Չի էլ կարող լինել, որովհետեւ աշխատանք է տարվում ոչ թե իրավիճակը հստակեցնելու եւ կամ՝ հասարակությանը կողմնորոշելու, այլ ապակողմնորոշելու համար: Այլ խոսքով՝ Շանթին սադրելը սրանց քիչ էր, հիմա նորից համառ ջանքեր են գործադրվում մարդկանց առանձին խմբերի գազազեցնելու, նրանց արկածախնդրության տանելու, եւ ապա իշխանությանը՝ մեզ կոտորելու օրինական հիմքեր տալով, վերջինիս ամրապնդման ու համախմբման համար: Ինչի՞ շուրջ: Բնականաբար՝ հին ու չարչրկված արժեքների: Կայունության,Արցախի, ինչ-որ գրված ու չգրված արժեքների՛ վերջապես…

Ընդ որում՝ սրանց բոլորի նենգությունը հատկապես կատարյալ ու վտագավոր է դառնում քաղաքացիական եզրն այսքան հոլովելու եւ քաղաքական հնարավոր պայքարի իրական ալիքը վարկաբեկելու համատեքստում: Ուզածներն ի՞նչ է. որ մարդիկ առանց առաջնորդի, առանց օրակարգի հրապարակ գնան  կանխորոշելի քանակությա՞մբ: Որ ի՞նչ անեն, եւ ովքե՞ր հընթացս ձկներ որսան: Էլի՛ պատասխան չկա:

Հիմա որ պատասխան չկա, ինչպես արդեն նկատեցինք, նորմալ է իրենց դեպքում: Բայց ուրիշ մի աննորմալ բան կա, որ անհրաժեշտ է ամեն պահի եւ առանց բարդույթավորվելու՝ բաց տեքստով ասել: Դա քաղաքական վարքագծի եւ կոնկրետ քաղաքականության բացառումն է նաեւ բուն քաղաքակա՛ն գործչի կողմից: Չգիտես ինչու՝ մեզանում հրապարակայնորեն հնչեցված խիզախ, շատ հաճախ էլ՝ անպատասխանատու խոսքը սկսել է սիրվել եւ փոխարինել ամեն ինչին:

Օրինակ՝ երբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կոչ է անում «կազմակերպվել, դիմադրություն ցույց տալ, միասնաբար եւ առյուծի պես դուրս գալ բորենիների դեմ», ի՞նչ նկատի ունի, եւ ո՞ւմ է ուղղված նրա խոսքը: Եթե իր իսկ կուսակցությանը՝ նրա տեղն, օրինակ, պիտի Արարատու՛մ լիներ, որտեղ կոնկրետ քաղաքական պայքար ու շատ կոնկրետ կազմակերպման առիթ կար: Եթե հասարակությանը, կամ «քաղաքացիականներիս»՝ մեզնից յուրաքանչյուրն օրինական իրավուք ունի հետաքրքրվել, թե՝ իսկ ինչու՞ «Ժառանգությունն», օրինակ, Շանթին չմիացավ: Ի՞նչ պակաս առյուծ էր, ինչո՞վ դուր չեկավ նրան:

Էլ չեմ ասում, որ իրավունք ունենք նաեւ հետաքրքրվել, թե ճի՞շտ է, արդյոք, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երբ պնդում է, որ թե՛ «Ժառանգությունը», թե՛ ՀՅԴ-ն, Արարատում զբաղված են եղել իշխանության կոնկրետ թեկնածուի անթաքույց պաշտպանությամբ:

…Այս ամենից ինչ եզրակացության է պետք հանգել՝ ակնհայտ է: 2008-ին, Տեր-Պետրոսյանի վերադարձով, ամբողջովին տապալված, ջախջախված քաղաքական համակարգը վերջապես սկսեց վերագտնել իրեն: Քաղաքականությունն ու քաղաքական պայքարը, չնայած իշխանության ու նրա քարոզչամեքենայի ջանքերին, կամաց-կամաց սկսեցին սոցիալականացվել: Մարդիկ ոչ միայն արդարության վերականգնման, այլեւ կոնկրետ քաղաքական օրակարգի, կանխատեսելիության ու հատկապես քաղաքական մարդկանց պահանջ զգացին: Եւ եթե հիմա ոմանք նորից ցանկանում են այս ամենը գրողի ծոցն ուղարկել՝ հանրությանը նորից կերակրելով կամ արկածախնդրությամբ, կամ պարզապես կրքոտ-սիրողական՝ ոչ քաղաքական տեքստերով  ու մանավանդ՝ դրանց հակառակ գործելակերպով, սխալվում են, թե հաջողություն կունենան: 

Մարտի 1-ին մենք շա՛տ թանկ գին վճարեցինք՝ արժանապատվությունը, քաղաքական պայքարն ու բանականությունը ինքներս մեզ վերադարձնելու համար: Հակառակը նոր ողբերգությունների անսպառ աղբյուր կդառնա բոլորիս համար… 

Հ.Գ. Այսօր չորեքշաբթի է՝ կառավարություն-ԱԺ ավանդական հարցուպատասխանի օրը: Եւ լավ կլինի, որ բոցաշունչ ընդդիմադիրները Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեին ոչ թե նրա գուլպաների  գույնով ու բրենդով, այլ ,օրինակ, հարցնեին, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ  Հայաստան ներկրվող գազի քանակը (ընդամենը այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով՝ 1716.0 խ/մ) պաշտոնապես նվազում է շուրջ 3%-ով, ինչը ռուսական կողմը բացատրում է հայկական արտագաղթի ֆենոմենով, իսկ ահա արարատյան ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 44%-ից դառնում է 67%: Այլ խոսքով՝ 2011-ին գրանցվում է 12802 մարդ, որից  մասնակցում է  մոտ 5.400 մարդ, իսկ երկու տարի անց այդ թիվը հրաշքով դառնում է 13218, որից ընտրություններին մասնակցում են 8918-ը: Գուցե Արարատում Հրանուշ Հակոբյանն «Արի տուն» ծրագրով վերաբնակեցու՞մ է հաջողացրել՝ մենք անտեղյակ: Թող ասեն՝ իմանանք:

Մյուս կողմից էլ՝ այս հարցադրումն, իհարկե, կնմանվի ճաշից հետո մանանեխ ուտելուն, որովհետեւ եթե մարդիկ հակված լինեին կազինոների ու գուլպաների փոխարեն քաղաքական տեքստ հնչեցնել՝ նաեւ քաղաքականությամբ կզբաղվեին: Տվյալ դեպքում՝ Արարատում միասնաբար կձախողեին իշխանական ծրագիրն, ու վերջ:

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը տեղյակ չէ, թե ինչ է Մինսկում ստորագրել Սերժ Սարգսյանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը Լեհաստանից պահանջում է պաշտոնապես ներողություն հայցել’