‘
Զավեշտալի է, բայց Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ, ոչ իշխանական ուժերից բացի` բոլորն զբաղված են բացառապես Սերժ Սարգսյանի կաշին փրկելու սուրբ առաքելությամբ:
Հայաստանը Ռուսաստանի ֆորպո՞ստն է` կեցցե Սերժը. իմաստուն արտաքին քաղաքականություն է վարում: Նախաձեռնողական քաղաքականություն է իր ձեռքն առել` ուրանալով Ցեղասպանությունն ու հրճվելով թուրքական գնդակը մեր դարպասում տեսնելու պատկերո՞վ, ավելի՛ կեցցե` հմուտ եւ ճարպիկ մեկն է: ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագի՞ր է կնքում` փառք ի բարձունս, որովհետեւ էլ ո՞ւր պիտի գնա իր արժեհամակարգով եվրոպացի Հայաստանը, եթե ոչ Եվրոպա…
Սպանիչ է, ուրեմն, աբսուրդը, երբ սոված ժողովրդին աքացի տալով ու մի անկյուն քշելով` անգամ ազգային նպատակներն ու իղձերն են «կարում-ձեւում» ոչ թե իրողություններից ու մարտահրավերներից ելնելով, այլ հատկապես Բաղրամյան 26-ի հագով ու պահանջով: Ընդ որում ՝ առանց գիտակցելու, որ պատրաստի ցանկացած «տարազ», որ մատուցվում է հանրությանը, նախ եւ առաջ անձնական պատասխանատվություն է ապագայի հնարավոր հետեւանքների եւ պատմության առաջ: Պիղատոսությունն այստեղ տեղ չունի…
Բայց սրանք նաեւ բավական փնթի կերպով են իրենց գործն անում, որովհետեւ հանրապետության թիվ մեկ փեսայի «վատիկանացումից» հետո իշխանական քարոզչամեքենան ակնհայտորե՛ն է ճաք տվել: Պարզամիտ-ծիծաղելի՝ բայց ժամանակին ավելի կազմակերպված, միաբան եւ նույնաբառ էին աշխատում: Ո՛չ ինչպես այժմ, երբ պատվերի կարճամիջոցին երբեմն նաեւ դավաճանված սիրուհու խուլ հեծկլտանքներ էլ են լսվում` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված «սմերչների» առիթով…
Իսկ «արքան» լուռ է: Չնայած` վերադարձել է անհայտ տեղում անհայտ կերպով անցկացրած արձակուրդից: Ընդ որում` նյարդայնորե՛ն է լուռ: Օբյեկտիվորեն թելադրվող գոյապայքարը, մարտի մեկից, ավտորիտար ռեժմից բացի, կողմնորոշման նոր գին է պահանջում նրանից: Կեղծ մի ընտրանք, որի ասպարեզ բերելու վտանգավորության մասին ժամանակին խելացի մարդիկ մի անգամ չէ, որ զգուշացրին:
Չլսե՞ց: Ավելիո՞վ փայփայեց «համ սրին, համ՝ ցցին նստելու» այսօրը, ուրեմն թող ինքնուրույն էլ գլուխ հանի դրանից, առանց մի ամբողջ ժողովրդի վրա պատասխանատվություն բարդելու: Մենք նվազագույնը հին հազար տարի Սերժ Սարգսյանին փրկելու երազանքով չենք ապրել Հայկական լեռնաշխարհում, որ հիմա ջանք թափենք դրա համար:
Այ իրենցից ջանք պահանջվում է: Հակառակ դեպքում, ուզենք թե չուզենք, «փրկվել Սերժից» կարգախոսն աշնանն ամենաակտուալն է դառնալու բոլորիս համար:
Հարցնում եք` ինչպե՞ս: Նախ եւ առաջ` բառ, սեփական որոշումները փաստարկելու խելամիտ, տրամաբանված միտք արտահայտելու ունակություն: Նաեւ բացատրություն, թե Եվրոպան ինչո՞ւ պիտի հանկարծ հարգանք դրսեւորի մեր ժողովրդի ազատ-անկախ գոյության իրավունքի նկատմամբ: Ինչպե՞ս է ապահովվելու Լեռնային Ղարաբաղի եւ մեր անվտանգությունը, եթե մեր սահմանը ռուս զինվորներն են հսկում: Արդյո՞ք չենք դառնալու մեծ համակարգերի քաղաքական առեւտրի հերթական զոհը` ինչպես դարասկզբին պատահեց:
Կամ ընդհանրապես` ասպարեզում նման խնդիրներ կա՞ն, թե՞ միակ խնդիրն, այնուամենայնիվ, շարունակում է Սերժի կաշին լինել: Այն է` պահել իշխանությունը՝ եվրոպացու տարազ հագած` մեկ, ժողովրդին թուլափայ տալ սպասվող եվրոներից` երկու:
Չէ՛, թող տպավորություն չստեղծվի, թե ես հակառակի, այսինքն` Կրեմլի քրոմե սապոգի տակ ծնկաչոք ապրելու կողմնակիցն եմ: Բացի այդ` հիմա մեր մոտեցումները չենք քննարկում, այլ այն անհոգի թեթեւթյունը, որով մի խումբ արկածախնդիրներ խաղ են խաղում մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ…
‘