‘Գոհար Սիմոնյան. Ոտքերն ամպոտ, մեկուսի հրեշտակ, կամ՝ «Իյա՜, իրո՞ք»’

1812

Կառավարության վերջին նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե «աշխարհում տնտեսական պատերազմ է ընթանում, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր սցենարներին»:

Տրամաբանական կլիներ, իհարկե, եթե նման մեծադղորդ հայտարարությունից հետո Աբրահամյանը նաեւ որոշակիացներ, թե հատկապես ո՞ր ոլորտներում ընթացող պատերազմի մասին է խոսքը,  ի՞նչ «թիրախների խոցմամբ» եւ, որ ամենակարեւորն է՝ կոնկրետ մեզ հասցեագրված ինչպիսի՞ սցենարներով:

Բայց, ինչպես հասկանում եք, մանրամասներ չկան:

Ընդամենն ինչ-որ անհասկանալի ակնարկներ են արվում երկրի «տնտեսական դիմադրողականության անկման» վերաբերյալ եւ այն մասին, թե պլանավորում են առաջիկայում նույն այդ դիմադրողականությունը «բարձրացնել» արտարժութային հոսքերի ներգրավմամբ՝ մեկ, ներդրումային գրավիչ միջավայր ստեղծելով՝ երկու:

Ավելին՝ արդեն իսկ այս ու այնտեղ խոսվում է այն մասին, թե չնայած հայաստանյան բիզնեսը դեռեւս հարկ եղած չափով գրավիչ չէ, օրինակ՝ ռուս բիզնեսմենների համար, այդուհանդերձ, առաջինը հենց նրա՛նք են պատրաստ արձագանքել կառավարության հիշյալ կոչին ասեմ, թե հրավերին…

Հիմա մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Հայաստանը ներդրումների համար գրավիչ դարձնելու մասին հեքիաթը, 1999-ից այս կողմ, չգիտեմ էլ՝ քանի միլիոն անգամ ենք լսել:

Մենք այն սերունդն ենք, ով «ականջալուր եղավ» նույնիսկ Հայաստանը հազար ու մի «տարածաշրջանային կենտրոն» դարձնելու տիգրանսարգսյանակա՛ն հեքիաթին, ով, ուղիղն ասած, Հովիկ Աբրահամյանից ավելի լավ «հեքիաթասաց էր»: Նաեւ՝ գեղեցկախոս:

Եւ եթե այսքան ժամանակ ականջով լսածը աչքով չտեսավ՝ ինչու՞ եւ ինչպե՞ս պիտի սովորական հայաստանցին հավատ ընծայի նույն թիմը ներկայացնող այս մարդուն ու  նախագահին, հետն էլ՝ ըմբռնումով մոտենա իր չարքաշ կյանքին, եթե տեսնում է, որ ինչ-որ երեւակայական պատերազմողների փոխարեն՝ հենց Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյա՛նն են իր դեմ տնտեսական պատերազմ վարում:

Կամ՝ դրսի ներդրո՞ղն ինչու պիտի այս երկիր գա, եթե տեսնում ու լսում է, թե իրեն Հայաստան հրավիրող այս կառավարությունն ինչ ատելությամբ է բնաջնջում իր իսկ քաղաքացու՝ օրվա հաց վաստակելու վերջին հույսը…

Օրինակ, միայն վերջին շաբաթվա ընթացքում եւ միայն Ֆիրդուսնոց կոչվող սոսկալի տարածքում, որ տոնավաճառ է համարվում, առնվազն 150 կրպակ  է փակվել հենց այդ պատերազմի կամ Շրջանառության հարկի՝ ներկայիս տեսքով ներդրման արդյունքում:

Ընդ որում՝ ցինիզմը հասել է այնտեղ, որ, նախ՝ կառավարությունում չեն ընդունել կառավարության դիմաց բողոքող ցուցարարներին եւ հայտարարել են, թե արդե՛ն իսկ կատարել են առեւտրականների պահանջը, որովհետեւ նախկինում ծրագրված  3% Շրջանառության հարկի փոխարեն՝ արդեն իսկ 1% են որոշել գանձել: Իսկ երբ ցուցարարները նաեւ նախագահական նստավայրն են «թիրախավորել», հանկարծ որոշել են, որ  խնդիրն էլի՛ կքննարկեն, եւ հաջորդ երկուշաբթի վերջնական պատասխան կունենան բողոքավորների համար:

Ձեռ են առնում, այսինքն, մարդկանց, ուժները առավոտից մինչեւ գիշեր՝ սառը գետնին կանգնած այս խեղճ ու կրակներին է պատում, բյուջեն էլ, փաստորեն, նրանց հույսին է մնացել:

Եւ չկա գիտակցությունը, որ խեղճ ու կրակը հենց իրե՛նք են, եթե վաթսուն տարեկան քաղաքացուն ստիպում են տեսախցիկի առաջ հեծկլտալ չփակված վարկերի, փակված տաղավարի եւ որոնելիք հացի կտորն այլեւս  «երկնքից էլ կախ չտեսնելու» պատճառով…

Բա լրատվական «մուտիտնե՞րը»՝ թող ներվի ասել:

Մարդիկ հիստերիայի մեջ են, թե ոնց են ապրելու, ոնց են փակելու միանգամից երկու-երեք բանկերից վերցրած վարկերը, իսկ ոմանք «կախվել են ցուցարարների վանկարկումներից» եւ մեկը մյուսի ետեւից վերլուծականներ են գրում այն մասին, թե  ովքեր էին «ուղղորդել» ցուցարարներին դեպի Բաղրամյան 26, ինչու նրանք  վերադարձան կառավարություն, ինչու «կոտրվեց» Հովիկ Աբրահամյանը, երբ նախկինում անզիջում դիրք էր գրավել: Վերջապես՝ երբ է հնչելու «սիրուն չի, Տարոն ջան» հայտնի ֆրազը, այս անգամ էլ Աբրահամյանին «փչացնելու» եւ ցուցարարների մոտ դիվիդենտներ հավաքելու նպատակով:

Ընդ որում՝ այլ աղբյուրներով էլ տեղեկատվական հոսքեր են ապահովում այն մասին, թե «Սերժ Սարգսյանը դժգոհել է Հովիկ Աբրահամյանից եւ ասել՝ Հովի՛կ, քեզ աշխատանքից ազատելու եմ»:

Հասկացաք, չէ՞՝ թելն ուր են տանում, եւ ինչ մտակաղապարներ են փորձում հերթական անգամ հանրության գիտակցության մեջ ներդնել. իբր՝ այս անգամ էլ Հովիկ Աբրահամյա՛նն է մեղավոր:

Սերժ Սարգսյանը, ոնց միշտ, անմե՜ղ-անմե՜ղ է:

Ոտքերն ամպոտ, մեկուսի հրեշտակ:

Ճիշտ որ՝ իյա՜, իրո՞ք…

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Կառավարության պատասխանը անլրջության վերջին արդյունքն է’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտ»՝ համակարգաստեղծ կառույց և հանրապետության արդյունաբերության վերջին մոհիկանը’