‘
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակվի աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում: Ցանկացած երկրում, որտեղ կա, գործում է հայ եկեղեցի, զանգերը կղողանջեն ուղիղ հարյուր անգամ, եւ Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանձնարարությամբ պատարագ կմատուցվի՝ Ի հիշատակ Հավատքի եւ Հայրենիքի համար զոհվածների:
Այս կարգը կպահպանվի բոլոր երկրներում` բացառությամբ Թուրքիայի: Պոլսո Հայոց պատրիարքարանը եւ անձամբ Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն արդեն տեղեկացրել են, որ ոչ միայն չեն մասնակցի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայաստանյան միջոցառումներին, այլեւ Թուրքիայում եւ մասնավորապես Պոլսում զերծ կմնան որեւէ «գրգռիչ ձեռնարկից»:
Սրան ի պատասխան՝ Մայր Աթոռից կեսբերան հայտարարել են, թե Էջմիածինն ըմբռնումով է մոտենում Պոլսո պատրիարքարանի որոշմանը, սակայն կրքերը շարունակվում են բորբոքվել թե՛ Թուրքիայում, թե՛ այստեղ՝ Հայաստանում, որովհետեւ Պատրիարք Աթեշյանը նույն օրը պատարագ է մատուցելու… ի հիշատակ Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակի:
Պատրիարքարանի տեղեկացմամբ՝ թե՛ քրիստոնյա, թե՛ մահմեդական…
Հիմա, իհարկե, կարելի է վշտանալ այս առիթով, նաեւ՝ զայրանալ, որ չնայած տեղի օրենքները քիչ թե շատ ազգային ու կրոնական փոքրամասնությունների շահերին հարմարեցնելուն՝ Եվրոպա ձգտող Թուրքիան այն աստիճան է ահաբեկել պատրիարքարանին եւ այնպիսի մթնոլորտ է ստեղծել երկրում, որ պարզ պատարագ մատուցելն անգամ իբրեւ «գրգռիչ ձեռնարկ» է դիտարկվում հայ հոգեւորականի կողմից:
Կարելի է նաեւ հետաքրքրվել-պարզել, թե եթե այլ տարբերակ չկար, չէ՞ր կարելի պարզապես լուռ կենալ եւ «չմանել այն թելը», որը հարմար է թրքական կառավարության «կտավին»: Հետաքրքրվել զգուշորեն, ոչ թե հաշիվ պահանջողի, այլ եղբո՛ր պես:
Բայց ո՛չ, Պատրիարքարանի եւ անձամբ դրա փոխանորդ Արամ Աթեշյանի նկատմամբ այս օրերին իսկական գրոհ է սկսվել «ուռա-հայրենասերների» կողմից, եւ տպավորություն ունեմ, թե շատ քչերն են գիտակցում, թե ինչ կրակի հետ են խաղում, ինչ վատ դրության մեջ են դնում մեր համայնքին ու Թուրքիայում դեռեւս գործող 42 եկեղեցիներին:
Դե իրենց հեշտ է՝ մե՛ր իսկ երկրում մեզ հարստահարող, իրավազրկող ռեժիմին չնկատելու տան՝ բավական է, իսկ այ Էրդողանին կարելի է հանգիստ «քացու տակ տալ-շան լափը գլխին լցնել», Պատրիարքի փոխանորդի առիթով հիշել, որ նա Դիարբեքիրում ծնված եւ հավատափոխ եղած մահմեդական ընտանիքի անդամներ ունի, որ պատրիարքարանի աշխատանքից դժգոհ են համշենահայերը, որ Արամ Աթեշյանը, ով հայտնի է Թուրքիայի կառավարող շրջանակների հետ սերտ շփումներով, պատրիարքարանը դարձրել է «փող աշխատող կանտորա»…
Կրկնում եմ՝ այն կարծիքին չեմ, որ ինքս ամենայն հստակությամբ տեղեկացված եմ բոլոր մանրամասներին, կամ՝ մտածում եմ, թե վերը մատնանշած բոլոր հանգամանքները պիտի զանց առնել եւ ամենեւին չքննարկել, թե ինչ իրավիճակ է տիրում Պոլսո պատրիարքարանում, ինչու է Արամ Աթեշյանից դժգոհում հայ համայնքը, եթե իսկապես դժգոհում է, ինչու է Էջմիածին-Կ. Պոլիս կապն այսչափ խզված, եւ թե ինչու՞ վերջապես Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հավանություն չի տալիս Պատրիարքի նոր ընտրություններին:
Կոնկրետ իմ տեղեկությունները իրարամերժ են:
Մեկը պնդում էր, թե Արամ Աթեշյանն իրականում մեծ դիվանագետ է եւ Օրմանյանի նմանությամբ՝ «Բարձրագույն դռան առջեւ լարախաղացությամբ է զբաղված, որպեսզի որեւէ հայի քիթը չարյունի, եւ որպեսզի Էրդողանը ե՛տ վերադարձնի եկեղեցապատկան հայոց գույքը», ինչին, իբր, Էջմիածինը խանդով եւ անվստահությամբ է նայում, ջանալով նոր ընտրությունների միջոցով իշխանության բերել էջմիածնական Սեպուհ Սրբազանին: Մյուսն էլ պնդում էր, թե որեւէ նմանություն չկա կաթոլիկությունից Հայ առաքելական եկեղեցու գիրկը վերադարձած եւ 1886-ին Պոլսո հայոց Պատրիարք ընտրված Մաղաքիա Օրմանյանի հետ, եւ որ ի դեմս Պոլսո պատրիարքի փոխանորդի՝ մենք գործ ունենք թույլ հոգեւորականի հետ:
Ի դեպ, հիշեցման կարգով նշենք, որ Օրմանյանը Կ.Պոլսի հայոց պատրիարք է ընտրվել սուլթան Աբդուլ Համիդ II-ի արյունոտ բռնապետության պայմաններում, երբ Պոլսում ու Արեւմտյան Հայաստանի նահանգներում սկսվել էին հայկական ջարդերն ու տեղահանությունները: Ստեղծված իրավիճակում Օրմանյան պատրիարքը հնարավոր միջոցներով փորձել է մեղմացնել Աբդուլ Համիդ II-ի՝ հայերի դեմ ունեցած ատելությունը, ինչպես ինքն է խոստովանել՝ «այդ թվում՝ ոսկիով կանխել ավելի մեծ աղետները» եւ քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել հայոց համար:
Իր այս զգուշավոր, պահպանողական քաղաքականությամբ Օրմանյանն առաջ բերեց Պոլսի ազգային որոշ շրջանակների, ինչպես նաեւ՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգեւորականության մի մասի դժգոհությունը՝ հանիրավի ամբաստանվելով: 1908-ի հուլիսի 16-ին Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժեցին պատրիարքարան եւ Օրմանյանինին հայտարարեցին պաշտոնանկ: Այդ հետո՛ իմացանք, որ՝ հուրախություն Աբդուլ Համիդի դռան…
Հիմա, ուրեմն, համարյա նմանատիպ մի իրավիճակ է ներկայացվում՝ Պոլսո պատրիարքը մեզ է ներկայանում կամ դավաճանի տեսքով, որին ուզում են, իբր, պատժել նաեւ Էջմիածնում ու նրա փոխարեն արդեն ընտրված Պատրիարք ունենալ Պոլսում, կամ՝ մեծ դիվանագետի, ում «վեղարին կեղտ փնտրում եւ չեն գտնում» նույնիսկ Թուրքիայի կառավարությունում…
Կա նաեւ մեկ այլ տարբերակ, որն, իբր, «չքաղաքականցված-չկրոնացված է» եւ զուտ տնտեսական շահ է հետապնդում:
Իբր՝ Պատրիարքի փոխանորդի դեմ կռիվ է տալիս Թուրքիայի հայ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուն՝ որոշ ազդեցիկ հայերի հետ միասին, իսկ նպատակը համայնքի բռնագրավված հողատարածքների ու գույքի սեփականումն է, որոնք թուրքական պետությունը աստիճանաբար վերադարձնում է հայ համայնքին:
Խոսվում է, թե Աթեշյանը ցանկանում է նոր հիմնադրամ բացել եւ հողատարածքները ձևակերպել պատրիարքարանի անունով, իսկ Շիրինօղլուն եւ մյուսները ջանում են բուն համայնքային հիմնադրամների տնօրինության տակ առնել եկամտաբեր հողատարածքները, եւ հենց նրանց ճնշման տա՛կ է փոխանորդ Աթեշյանը համաձայնել է ընթացք տալ պատրիարքի առաջիկա ընտրությունների կազմակերպմանը՝ դիմելով Թուրքիայի ներքգործնախարարությանը:
Ես չգիտեմ՝ թե որտեղ է եթե ոչ վերջնական, գոնե ամենահավանական ճշմարտությունը, բայց այս ամբողջ պատմությունից մի բան ակնհայտ է. նախ՝ Էջմիածինը պիտի ամենայն թափանցիկությամբ, զգուշությամբ եւ անշահախնդիր չափավորությամբ ջանա կարգ ու կանոն ստեղծել Պատրիարքարանում, որը, փառք Աստծո, դեռեւս Էջմիածնի նվիրապետական աթոռներից մեկն է: Եւ եթե ընտրությունները դրա միակ տարբերակն են, պիտի ամեն ջանք գործադրել, որ դրանք հնարավորինս արագ անցկացվեն:
Երկրորդ՝ մեր հասարակությունը պիտի վեր կանգնի «ուռա-հայրենասիրությունից» եւ գիտակցի, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են «դավաճանությունից, սրբապղծությունից» եւ այլ սարսափներից, լավ կանեն՝ սեփական տունը կարգի գցելով զբաղվեն եւ քթները չխոթեն այն «փեթակը», որտեղ իրենց առնվազն չեն հրավիրել:
Եւ վերջապես՝ երրորդ՝ մտածում եմ, որ մենք երեւի թե պիտի հանգենք մի հանրային գիտակցման, որ չի՛ կարելի, անհնար է ապրել՝ Ցեղասպանությունն «աշխարհիկ կրոն» դարձրած, եւ որ Թուրքիային ու Ցեղասպանություն կատարողներին ուղղված մեր լավագույն պատասխանը ծաղկուն Հայաստանի Հանրապետության գոյությունը պիտի լինի:
Հակառակ պարագայում, եթե այսպես գնա, եւ արտագաղթն էլ նույն տեմպերով շարունակվի, Հայկական հարցն ինքնըստինքյան կարելի է նաեւ լուծված համարել, թրքական երազանքն էլ՝ կատարված…
‘