‘Գոհար Սիմոնյան. Չգիտեմ՝ ինչ են ուզում Ուորլիքը, Մերկելն ու Ալիեւը, բայց գիտեմ՝ ինչ ենք ուզում մե՛նք’

1605

Մինչ Ադրբեջանն այլեւս ամենժամյա լկտիություն է գործադրում սահմանին՝ մեր բանակին հրահրելով լայնամասշտաբ գործողությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական «հուզիչ»  գրառումն է անում Թվիթերում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ լեհական Կրակովում կայանալիք հանդիպման վերաբերյալ:

Այլ կերպ ասած՝ Ուորլիքը տեղեկացնում է, որ մեկնում է հանդիպման, չգիտես ինչու՝ միայն ադրբեջանական կողմի հետ, որ «այս ընթացքոում» կարեւոր է համարում հրադադարի պահպանումը, եւ ընդգծում է, թե «քննարկվելու են հրադադարի պահպանմանը հաջորդ քայլերը», որովհետեւ «առաջընթացն անհրաժե՛շտ է»:

Բայց հետաքրքիր է՝ ու՞մ կողմից, ի՞նչ քայլերի եւ ինչպիսի՞ «առաջընթացի» մասին է խոսում Ուորլիքը:

Եւ ո՞վ կարող է հավատ ընծայել, մի կողմից՝ առաջընթացի՝ ադրբեջանական խոստումներին, մյուս կողմից՝ համանախագահների մանդատի «զորությանը», եթե Ալիեւը, նույն այդ Թվիթերում, «առաջընթաց» ասելով՝ միայն «Շուշայի երկնքում ծածանվելիք  ադրբեջանական հաղթական դրոշն» է պատկերացնում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն չի կարողանում կամ չի՛ ուզում զսպել Բաքվի խանի ախորժակը, այլեւ մի բան էլ ի՛նքն է սադրվում կամ «հուզվում» Ալիեւի լալկան տեքստերից:

Բայց երանի՝ ամեն բան միայն «հուզվելով ավարտվեր»:

Կամ՝ հուզվեին միայն Ալիեւի՛ տեքստերից:

Ինչպես երեւում է՝ «հուզումների» առիթն անհրաժեշտ է մեզ համար շատ ավելի  վտանգավոր տեղերում, մասնավորապես՝ համանախագահների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների  տարամետ շահերի կիզակետում փնտրել:

Համենայն դեպս, ընդամենը մի քանի օր առաջ Բեռլինում տեղի ունեցած Ալիեւ-Մերկել հանդիպման մանրամասների վերհանումը հենց այդպիսի՛ եզրակացության կարող է հանգեցնել ցանկացած մեկին…

Ճիշտ է՝ Բաղրամյան 26-ի «Հայլուրը», ինչպես միշտ, այստեղ էլ ապակողմնորոշեց մեր հանրությանը՝ կենտրոնանալով հատկապես մի քանի ակտիվիստների ակցիայի, Ալիեւի՝ արդեն ավարտված ասուլիսի դահլիճը լքելու, այսինքն՝ Բաքվի խանի, իբր, ամենուրեք հեղինակազրկված լինելու փաստի՛ վրա: Բայց ակնհայտ է, որ Ալիեւ-Մերկել ասուլիսը բացարձակապես այլ ուղերձներ էր հղում բոլորիս, ինչն, իհարկե, մեր անձեռնհասների կողմից պիտի զանց առնվեր:

Բա հո չէին խոստովանելու, որ սահմանին կրած կորուստներին զուգահեռ՝ ամեն վայրկյան կորուստներ են կրում նաեւ դիվանագիտական հարթության եւ Էդվարդ Նալբանդյանի «քաշքշվող թշերով կանտորայի» համապատկերին…

Բայց գանք Մերկել-Ալիեւ հանդիպմանը:

Չնայած նրան, որ գերմանական մամուլն այդ օրերին իր հիմնական թեմայի՝ հակառուսական հիստերիայի եւ ուկրաինական ցավալի իրողությունների վրա էր կենտրոնացած, այդուհանդերձ, անհայտ չմնաց այն հանգամանքը, որ Ալիեւին պաշտոնական Բեռլինն ընդունել է ամենաբարձր մակարդակով:

Հաշված ժամերի ընթացքում հանդիպումներ են կայացել թե՛ կանցլերի, թե՛ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, թե՛ Մյունխենյան միջազգային կոնֆերենցիայի՝ անվտանգության հարցերով քարտուղար Վոլֆգանգ Ֆրեդերիկ Իշինգերի եւ թե՛ Բունդեսթագի ՛պատգամավորների՝ «Ադրբեջան-Գերմանիա» ֆորումի անդամների հետ, ինչն արդեն ինքնի՛ն կարեւոր ուղերձ է: Եթե նույնիսկ բառացի չասվեր, թե «Ադրբեջանը Գերմանիայի համար չափազանց կարեւոր գործընկեր երկիր է՝ հատկապես անվտանգության նկատառումներից ելնելով»:

Հասկանում եմ, իհարկե, որ հիմա ոմանք մեր այս դիրքորոշումը նույնական կդիտեն «խռոված սիրուհու պահվածքի հետ»՝ նշելով, թե կան դիվանագիտական քաղաքավարություններ, տեքստեր, որոնք Մերկելը չէր կարող, իբր, զանց առնել եւ այլն եւ այդպես շարունակ, բայց մի կարեւոր նրբությու՛ն կա:

Ի վերջո, միշտ չէ՛, որ Հայաստանին վերապահվում  է Ռուսաստանի հետ միասին կոնկրետ ագրեսորի դերակատարում՝ հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակոցների եւ լարման ֆոնին…

Մերկելի համար, այսինքն, «թվիթերիստ» Ալիեւը որեւէ առնչություն չունի՛ այստեղ կատարվողի հետ, որովհետեւ,  Ճիշտ է՝ «հրադադարի՝ ամենժամյա խախտումները բացասական երեւույթ են», բայց, միեւնույն է, Գերմանիայի կանցլերը կարծում է, որ «…այստեղ որոշակի դերակատարում ունի Ռուսաստա՛նը»:

«Ես ուղղակի ուզում եմ ընդգծել սա: Կարծում եմ՝ Ռուսաստանն ու Հայաստանը համատե՛ղ են որոշակի գործոններ կյանքի կոչում՝ կապված այդ հակամարտության հետ»,- ասուլիսի ընթացում ասել է Մերկելը, եւ այս արտահայտությունն, իհարկե, ադրբեջանական մամուլի «թոփ տասնյակի շարքում առաջին տեղն է գրավում»: Մի քիչ էլ՝ լկտիաբար:

Իբր՝ «Մերկելը չի՛ կարող հաշվի չնստել Ադրբեջանի հետ», որովհետեւ.

ա. Բաքուն, այնուամենայնիվ, կարողացավ հավասարակշռություն ապահովել՝ ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ մտնելու արդյունքում:

բ. Կան էներգետիկ ծրագրեր, մասնավորապես՝ Գերմանիայի համար կարեւորություն ներկայացնող Հարավային միջանցքը, TANAP-ը, TAP-ը, որոնց առնչությամբ Մերկելը Ալիեւին նրբորեն հասկացրեց, որ անհրաժեշտ է գործել, իսկ Ալիեւն էլ ուղիղ պատասխանեց, թե «թեպետ իր երկիրը բավական ծանր ֆինանսական բեռան տակ է մտնում, այդուհանդերձ, կանի ամեն բան, որպեսզի տարածաշրջանում ուղենշված բոլոր էներգետիկ ծրագրերը լավագույն կերպով կյանքի կոչվեն»…

Կրակի վրա յուղ լցրեց նաեւ ԵՄ քաղաքական հարցերով խորհրդական, Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանի՝ միջազգային հարաբերությունների դոկտոր Անդրե Գերտելը, ով մի շարք լրատվամիոջցների  բառացիորեն հետեւյալն էր ասել. «Գերմանիան եւ ԵՄ-ն մոտակա ապագայում ուրախ կլինեն այդ տարածաշրջանի ամեն մի երկրի համար, որը դեմ կկանգնի ռուսական ինտեգրացիոն ծրագրերում ներգրավվելուց: Ադրբեջանն այս իմաստով առանցքային դերակատարում ունի»:

Եւ, ուրեմն, «նորմալ է», որ այս օրերին մենք գործ ունենք ադրբեջանական բացառիկ ցինիզմի եւ Բաքվի քաղտեխնոլոգների այն պնդման հետ, թե «չնայած Human Rights Watch-ը փորձեց Ալիեւի այցն օգտագործել՝ Մերկելի վրա ճնշում գործադրելու եւ այդ երկրում քաղբանտարկյալների, մարդու իրավունքների մասին բարձրաձայնելու համար, այնուամենայնիվ, նա համատեղ ասուլիսի ընթացքում դիվանագիտորեն խուսափեց այդ թեմայից եւ ստիպված եղավ հաշվի նստել Ալիեւի հետ»:

Մերկե՛լը, ով օրնիբուն ճառում է մարդու իրավունքների մասին եւ գլխավորում փարիզյան քայլերթը…

Այո, բայց մենք հո չե՞նք կարող դարասկզբի նմանությամբ լալ ու ողբալ «աշխարհի անարդար լինելու», մշտապես գերտերությունների «ոտքի կոխան», «փոքրիկ, հալածական,աստանդական եւ անհովիվ հոտ լինելու» մոտիվներով:

Հակառակը, կարծում եմ՝ հիմա պիտի ամբողջ մեր էությամբ եւ կոնկրետ գիտակցենք, որ ստեղծված անբարենպաստ միջազգային դրությունը մեծապես հնարավոր է դարձել նաեւ սերժսարգսյանական չընտրված, անատամ, բռնությունների պակաս չզգացող եւ բացարձակապես պետական կառավարմանն անպատրաստ ղեկավարության առկայության շնորհիվ:

Եւ եթե նույնսիկ Սեյրան Օհանյանը հաջողի՝ ադրբեջանական կողմին «կանոնավորապես ու կարգին ծեծելու հարցում», ակնհայտ է, որ Բաղրամյան 26-ն այլեւս «կանոնավորապես թքում է» մեր բանակի արած գործի վրա: Մեր հիվանդ դիվանագիտությունը չի՛ կարողանում նույքնան քաջաբար պաշտպանել մեր դիրքերը միջազգային ասպարեզում, որքան մեր եղբայրներն ու որդիներն են դա անում:

Ուստի՝ վայրկյան առաջ  պիտի հաջողություն մաղթենք այս իշխանություններին:

Խաղաղ, անցնցու՛մ: Նաեւ՝ «իրենց կերածն իրենց փեշքեշ», որովհետեւ հիմա նույնիսկ «վհուկներ որսալու ժամանակ չկա»:

Թող հեռանան, որպեսզի ազգովի հասկանանք, թե ինչ նկատի ունի ամերիկյան համանախագահ Ուորլիքը՝ «առաջընթաց» ասելով, ինչ՝ Մերկելն ու Էրդողանը, ինչ՝ Ալիեւը, ինչ՝ Օլանդը, ինչ՝ Պուտինը, եւ ԻՆՉ՝ՄԵ՛ՆՔ:

Որպեսզի կարողանանք արժանապատվորեն կռիվ տալ եւ հաղթել, ինչպես մի անգամ արդեն արինք մարտի դաշտում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանատարությամբ…

Նախորդ հոդվածը‘Զինծառայողներ Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել են մեդալներով’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Վախենալով ֆինանսների պակասից` Բաքուն գիտակցաբար սրում է իրավիճակը ‘