‘Գոհար Սիմոնյան. Պացիֆիստական ջղաձգումներ՝ Սոչիին ընդառաջ’

1801

Հետաքրքիր է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներից մինչև հայ պացիֆիստ, ՄԱԿ-ից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ ղարաբաղյան հակամարտության վերջին սահմանային թեժացումը ներկայացնում և դատապարտում են՝ հատկապես Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելով:

«Երկուստեք գնդակոծություններ», «երկու կողմերից էլ պահանջում ենք զսպվածություն», «անհրաժեշտ է վերադառնալ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին», «ո՛չ պատերազմին». ահա այն վերտառությունները կամ արվող հայտարարությունների ամփոփ բովանդակությունը, որ ամենաշատն ենք տեսնում այս օրերին:

Չենք պնդում, անշուշտ, թե սրանք բացարձակապես սխալ հայտարարություններ են, որովհետև հասկանում ենք, որ՝

ա. լարված այս օրերին որևէ մեկի ուղղությամբ նետվող միակողմանի դատապարտության խոսքը,  հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից, կարող է ընկալվել որպես հովանավորչություն կոնկրետ կողմի նկատմամբ,

բ. ակնհայտ է, և որևէ մեկը չի կարող ժխտել, որ պատերազմն իսկապես էլ դատապարտելի՛ է բոլոր դեպքերում, և որ այն ոչ մի լավ բան չի բերելու կողմերից ցանկացածին: Այդ թվում՝ տարածաշրջանում շահեր ունեցող գերտերություններին, որովհետև ոչ ոք մինչև վերջ չի կարող կանխատեսել հրահրված պատերազմի ցանկալի ելքը:

Ինքը՝ Ալիևն էլ հույս ուներ, թե այս տարիների ընթացքում մինչև ատամները զինել ու այնպիսի պատրաստության է բերել իր բանակը, որ կարող է ցանկացած պահի «ստուգատես անցկացնել»՝ ահուսարսափի գնով ստորացուցիչ խաղաղություն կորզելով հայկական կողմից…

Ուրեմն, եթե հարցին այսպես ենք մոտենում, հայ պացիֆիստի այսօրվա ակցիան բնավ էլ ուժեղի կամ հաղթողի կողմից ցուցաբերված մեծահոգություն, թե կուզեք՝ լրջմտություն ու ընդհանրական հումանիզմի երևակում չէ: Խորքում՝ թե՛ նրա, թե՛ միջազգային հանրության՝ պարիտետի վրա խարսխված «խաղաղասիրությունն» իրականում սոսկալի վտանգավոր ծուղակ է իր մեջ ամփոփում, որովհետև՝

ա. չի պատասխանում հարցին, թե ինչու՛ չի պահպանվել բացառապես խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունը,

բ. պահպանվելո՞ ւեն, արդյոք, կամ ի՞նչ երաշիքներ կան, որ կպահպանվեն խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված հետագա՛ պայմանավորվածությունները,  

գ. և ամենակարևորը՝ միտումնավո՛ր կերպով է լղոզվում  կրակոցների պատասխանատուի, հետևաբար նաև՝ նրան միջազգային պատասխանատվության կանչելու կարևորագույն խնդիրը:

Իհարկե, հիմա նույն այդ կազմակերպություններն ու անհատները կարող են «արդարանալ», թե՝ իսկ ո՞վ կարող է ճշգրիտ իմանալ, թե որ կողմից արձակվեց առաջին կրակոցը: Բայց նրանք հենց այդտեղ էլ կսայթաքեն, որովհետև կպարզվի, որ նույն այդ միջազգային հանրությունը պարզապես արհամարհել է ղարաբաղյան կողմից քանիցս հնչած այն առաջարկը, ըստ որի՝ շփման գծում անհրաժեշտ է ԵԱՀԿ մշտակա՛ն մոնիտորինգ իրականացնել, ոչ թե ամիսը մեկ տուրիստ գալ, և վերջ: Հետո՞ ինչ, որ «խաղաղարարները»  հակամարտության բուն կողմին բանակցությունների ընթացքում անկյուն են քշել և, հայաստանյան «իշխանությունների» ապաշնորհությունից օգտվելով՝ Բաքվի հետ միասին սկսել են իրենց այնպես պահել, ասես՝

ա. ղարաբաղյան հակամարտությունն ի սկզբանե ոչ թե ազգային ինքնորոշման խնդիր էր, այլ տարածքային վեճ՝ ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը,

բ. Ղարաբաղ գոյություն չունի, և հակամարտության միակ կողմը Հայաստանի Հանրապետությունն է:

Այսպիսով, ստիպված ենք արձանագրել, որ եթե խաղաղարարներն իսկապես կամենում են որևէ լավ բան անել տարածաշրջանում, ապա սկզբի համար առնվազն Ալիևին պիտի ստիպեն հաշվի նստել Ղարաբաղի հետ: Որքան շուտ մեր այս «միլիտարիստորեն բեմողը» հասկանա, որ ստիպված է Բակո Սահակյանի հետ նույն սեղանի շուրջ քննարկում սկսել, այնքան լավ: Այլ ճանապարհ չկա, ցանկացած այլ ուղի միանշանակ պացիֆիստական չէ՝ ինչպես ինքներդ էլ տեսնում եք:

…Բայց վերադառնանք պատասխանատվության խնդրին ու նկատենք, որ՝ «ով կարող է գիտենալ» հարցի թվացյալ անպատեհությունն անգամ այս պայմաններում դեռ չի նշանակում, թե այն պատասխան չունի, և կամ որ՝ բացարձակ անհնար է թացը չորից զատել:

Ակնհայտ է, և անաչառ քննողը պարզապես չի՛ կարող չնկատել, որ վերջին էսկալացիայի միակ պատասխանատվությունը սեփական ռեժիմը կրակոցներով պահող Ալիևի ուսերին է ընկնում:

Հակառակ պարագայում՝ նրա առաջին իսկ գործը սեփական ռազմական նախարարին ու պատասխանատու այլ անձանց պաշտոնանկ անելը, նրանց ռազմական տրիբունալին հանձնելը պիտի լիներ, որովհետև այդ մարդիկ սպանել են ադրբեջանական անպարտելի բանակի միֆը, և այժմ էլ ենթակա են Մինգեչաուրի ջրամբարն ու գազամուղը հայերի կողմից հնարավոր պայթեցնելու, ավելի ճիշտ՝ իրենց կողմից հնարված սարսափներին: Չխոսեմ արդեն զոհերի հարազատներին մինչև օրս այդպես էլ չասված ցավակցական խոսքի և տեղական հեռուստատեսությամբ  հնչող «տաշի-տուշիների» մասին, որով ասես հանրության ականջն էր խլացվում՝ տագնապալի լուրերին դեմ հանդիման…

Այնպես որ, բարեկամներ, Հայաստանում պացիֆիստական միտինգներ անցկացնելու փոխարեն՝ լավ կլիներ, եթե քննարկվեր այն հանգամանքը, թե «խաղաղ բանակցությունների վերսկսման ջատագով» Ալիևն ինչո՞ւ է Սոչիին ընառաջ թվիթներ անում այն մասին, թե  շուտով նոր պատերազմ է սկսվելու, որում նա հաղթելու է,  և ինչո՞ւ է հերթական անգամ կատաղեցնում իր հանրությանն այն խոստմամբ,  թե  բան չմնաց. Շուշիից Ստեփանակերտ՝ դեռ ծածանվելու է ադրբեջանական դրոշը:

Թե՞  մեր պացիֆիստին հենց միայն Ալիևի ու Սարգսյանի նույնիսկ դեռ չճշտված հանդիպման՝ հատկապես Սոչիում անցկացվելու խնդիրն է մտահոգում:

Կարող են հանդարտվել՝ խաղաղության մասին դեռ ժամանակ կունենան թե՛ խորհրդածելու, թե՛ արտահայտվելու, որովհետև Սոչիում ոչինչ չի որոշվելու: Ալիևի «վերլուծական սրբապատկերները», օրինակ՝ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ու քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, ոչ մի սարսափելի բան չեն գուժում՝ «ռուսական կատարմամբ խաղաղության մասին»: Առաջինին Ալիևը հանձնարարել է ի լուր աշխարհի հայտարարել, որ «Պուտինն ընդամենը կամենում է աշխարհին ապացուցել, որ նա ոչ միայն ապակառուցողական դերակատարում չի ստանձնել Ուկրաինայում, այլև ի վիճակի է խաղարարար լինել…բայց պետք չէ կոնկրետ առաջընթացի սպասել», իսկ երկրորդն էլ սպառնացել է, թե «Պուտինին չի՛ հաջողվի Բաքվին վախեցնել… ես չեմ հավատում պուտինյան խաղաղարարությանը» (haqqin.az):

Ստացվում է՝ երբ Ալիևն ու Սարգսյանը հանդիպեն, պիտի ուղղակի Պուտինի հետ թե՞յ խմեն:

Ստացվում է՝ այո՛: Եթե, իհարկե, Ալիևը մեկնի Սոչի: Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն, օրինակ, Ալիևին խորհուրդ է տվել՝ չմեկնե՛լ Սոչի: «Ճիշտ կլինի, որ նա չմեկնի Սոչի, որովհետև ղարաբաղյան ողբերգության հեղինակներից ու ճարտարապետներից մեկը հանդիսացող Պուտինը մեր մասին երբեք էլ հոգ չի տանի…փաստացի՝ այն, ինչ պատահեց, Ռուսաստանի՛ ձեռքի գործն է, որը որոշակի գաղափարներ տվեց հայերին, որպեսզի ինչ-որ կերպ ազդի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վրա» (Ենի Մուսավաթ):

Ինչպիսի՜ տարօրինակ համընկնում հայ պացիֆիստների տեսակետների հետ: Այլ բան  է, որ՝ ձանձրալի: Պիտի մի նոր բան մտածել էնտեղ՝ Ալիևի, էստեղ՝ Սերժ Սարգսյանի ռեժիմները փրկելու համար: Անհույս գործ է, իհարկե. դրան ոչ խաղաղությունը կօգնի այլևս, ոչ՝ պատերազմը…

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Կդադարեցվի Սմբատ Զորավարի, Սեւանի փողոցների եւ Արշակունյաց պողոտայի ջրամատակարարումը’