‘Գոհար Սիմոնյան. Սահմանադրական փոփոխությունների «շաբաթը», կամ՝ Իյա՜, իրո՞ք…’

2217

Ոչ թե որոշակի քաղաքական ուժի, այլ,  ըստ էության, Հայաստանի ժողովրդի դեմ Ս.Սարգսյանի վերջին քստմնելի ու հանցավոր ահաբեկչական գործողությունից հետո «մոնոպոլիզացված ընդդիմադիր դաշտի» համար տներից, թերթերից ու կայքերից մոլի պայքարողները, բնականաբար, պիտի սկսեին «Ով է իսկական ընդդիմություն» չարչրկված ներկայացումը:

Չգիտեմ՝ ժամանակի սղության, թե «առանձնակի դաժանության» պատճառով այդպես ստացվեց, բայց հաջորդ փաստն էլ այն է, որ ներկայացման բեմադրիչը սադիստորեն կրճատեց «ընդդիմադիր խաղալու» ժամանակահատվածը եւ սրանց թույլ չտվեց նույնիսկ հարկ եղած չափով էքսպրեսիա ցուցադրել հանդիսատեսի առաջ:

Այլ կերպ ասած՝ պահանջվում էր անմիջապե՛ս փչանալ եւ շատ կարճ ժամանակամիջոցում գլուխ բերել այն «լայն հասարակական կոնսոլիդացիան», ինչի մասին սիրում են խոսել այս  փոփոխություններում չգիտես ինչու շահագրգիռ՝ Վենետիկի հանձնաժողովում:

Սրանցից ոմանց չթույլատրվեց նույնիսկ մեղա գալ նախկին դիրքորոշման համար եւ հայտարարել, թե երկար մտածելուց հետո եւ «հանկա՛րծ են հայտնաբերել», որ Հայաստանին հատկապես խորհրդարանական համակարգն է ձեռնտու այս փուլում:

Արգելվեց նաեւ երկար-բարակ դեբատներ ծավալել արդեն տոտալ կերպով վերահսկվող հեռուստաեթերներում ու «ազատ-անկախ» մեդիա-տարածքներում:

Շատ պարզ պատճառով:

Չէ՞ որ այդ ընթացքում դեռ կգտնվեի՛ն մարդիկ, ովքեր անպայման կխոսեին այն մասին, որ ցանկացած երկրի համար ամենակարեւորը ոչ այնքան կառավարման այս կամ այն համակարգն է, այլ հատկապես Սահմանադրությամբ առաջնորդվելն ու այն չխախտելը:

Թե՞ ոմանց թվում է, թե իրենք իրենց ուզած պահին կարող են «ինչքան ուզեն՝ էդքան տոկոս  խփեն» ու պայծառ մի օր հանկարծ «պարզեն», որ դրա մեղավորը Սահմանադրությունն է:

Կամ՝ ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղն էլ խորհրդարանակա՛ն կառավարման պայմաններում «չեն խփի այնքան, ինչքան սրտներն ուզի»:

Ոչ ոք, չկա՛ նման երաշխիք:

Հակառակը՝  կա վտանգ, որ միտումնավոր ջլատված քաղաքական դաշտի, ամուր-հաստատ միջին խավի չգոյության, մանր ու միջին բիզնեսի սպանված լինելու պայմաններում խորհրդարանական կառավարման առաջարկվող մոդելը միայն հավելյալ գլխացավանք է դառնալու առանց այդ էլ գաղջում շնչահեղձ լինող մեր երկրի համար:

Կրկնում եմ՝ այդ կերպ Հայաստանը վերածվելու է ոչ թե խորհրդարանական հանրապետության, այլ պսեվդո-Սովետի՝ համապատասխան «լենինյան վոժդով»:

Ոչինչ ավելի: 

Հիմա ինչպես կդասավորվի նման երկրի ճակատագիրն՝ այս պահին մի կողմ թողնենք, բայց այ՝ չքննարկել մի շատ կարեւոր խնդիր, ինչը կարծես նույնիսկ Սերժ Սարգսյանին է անհանգստացնում, չե՛նք կարող:

Բանն այն է, որ այնպիսի անվտանգության խնդիրներ ունեցող երկրին, ինչպիսին Հայաստանն է, ոչ թե նույնիսկ կիսանախագահական, այլ ամուր նախագահակա՛ն կառավարում է անհրաժեշտ, եւ այս հանգամանքը կարծեմ նույնիսկ ավելորդ անգամ փաստարկելու անհրաժեշտություն չկա, թեպետ կարող ենք նաեւ փաստարկել:

Բաներ կան, որ պարզապես չի կարելի դարձնել ներկայիս Հայաստանի «քաղաքական բալագանի» տուրեւառի առարկա, եւ նույնիսկ Սերժ Սարգսյանը, ով այս պահին ուղղակի տառապում է վերարտադրման մարմաջով, հրաշալիորեն է գիտակցում  սա:

Իր սարքած դաշտը, իր հաճախորդները, իր ավերակները՝ իսկ էլ ո՞վ իմանա, եթե ոչ նա…

Ահա թե ինչու էր Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում հետեւյալն ասում. «Այդուհանդերձ, պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ կառավարման գործող համակարգի օգտին՝ նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռեւս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարեւորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը եւ կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործո՛ղ մոդելի պայմաններում»…

Ի միջի այլոց, Սերժ Սարգսյանի անկեղծությունից այսօր «ազատ-անկախներն» այնքան էին շփոթվել, որ «ենթադրել էին», թե գուցե սահմանադրությունների փոփոխության անհրաժեշտությունը  պնդվում է  բոլորովին այլ կենտրոններում:

Կարճ ասած՝ դրսում:

Դուրսն էլ, նորից «ենթադրվում է»՝ Վենետիկյան հանձնաժողովն է,  որի առնչությամբ Սերժ Սարգսյանն իր ելույթում նկատեց, թե այնտեղ իսկապես էլ մտածում են, թե «կառավարման խորհրդարանական համակարգը ի վիճակի է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում»:

Հիմա ի՞նչ է ստացվում՝ Սերժ Սարգսյանը շարունակում է դեմ լինել խորհրդարանական կառավարման մոդելին, բայց իրեն պարտադրու՞մ են:

Տեղն է ասել՝ իյա՜, իրո՞ք:

Բայց եթե նույնիսկ «այդպես է», շփոթվելու կարիք ամենեւին չկա: Չէ՞ որ, այնուամենայնիվ, հույս է հայտնվում, որ «ամիսներ անց մենք կունենանք հստա՛կ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ»:

Ավելին՝ Սերժ Սարգսյանն այնքան «բարի կգտնվի», որ թույլ կտա քննարկման սեղանին դնել միանգամից երկու, այսինքն՝ նաեւ կիսանախագահական կառավարում ենթադրող սահմանադրություն, իսկ ձեռնասունները կփորձեն դեմքի լրջագույն արտահայտությամբ ընտրող ներկայանալ:

Իբր ընտրեցին այն, ինչ ճիշտ գտան՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն նրա վաղվա օրվա:

Առայժմ՝ այդպես, եթե, իհարկե, շաբաթն ուրբաթից շուտ չգա, եւ սահմանադրական փոփոխությունների «անհրաժեշտությունը», մնացած ամեն բանի հետ միասին,  չսրբի՛ մեջտեղից…

Նախորդ հոդվածը‘Վաղը՝ ՏԻՄ ընտրություններ’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’