‘Գոհար Սիմոնյան. Սահմանադրական փոփոխությո՞ւն, թե՞ «սահմանադրական» հեղաշրջում’

1651

Ճանապարհ կա, որ ուղիղ է թվում մարդուն,

բայց  նրա վերջը մահվան ճանապարհ է:

Առակաց 13:12

Մի անգամ չենք նկատել, որ Բաղրամյան 26-ում բազմած ինքնահռչակին կարելի է մեղադրել, թերեւս, հնարավոր ու անհնար ամեն ինչում, բացի սեփական կաշին փրկելուն միտված ու մեկը մյուսից նենգ գաղափարների գեներացման ծուլությունից:

Ուրեմն` քիչ էին «նախաձեռնողական քաղաքականությունը», «Հայկական լեռնաշխարհն ամեն մի հայի օրրանը դարձնելու» կոմսոմոլական խանդավառությունը, քիչ էին ռուս-հայկական նվաստ, ռազմավարական դաշնակցության հետ որեւէ աղերս չունեցող ուղղահայաց հարաբերություններն ու մի գիշերում եվրոպացի դառնալու հավակնությունները, հիմա էլ հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին դավիթհարությունյանական ավանտյուրան գումարվեց եղածին…

«Արդեն շատ վաղուց քննարկումներ են ընթանում պետության կառավարման այս կամ այն ձեւի վերաբերյալ, եւ այս առումով կարծիք կա, որ եկել է ժամանակը` Սահմանադրության մեջ բարեփոխումներ իրականացնելու, քննարկելով ո՛չ միայն խորհրդարանական կառավարման մոդելը…Այս պահին, սակայն, արդե՛ն իսկ հստակ է, որ 2005-ին ընդունված Սահմանադրության մեջ առկա ո՛չ բոլոր որոշումներն են մեզ բավարարում»,- հայտարարում է ոչ անհայտ Դավիթ Հարությունյանը, ակնհայտորեն նպատակ ունենալով շոշափել հանրային տրամադրությունն ու վերաբերմունքը խնդրո առարկայի  վերաբերյալ:

Ինչ է թաքնված տարիներ շարունակ «քինդեր սյուրպրիզի» իր տաղանդը բարեխղճորեն Բաղրամյան 26-ի ասֆալտին նետածի գեղեցկախոսության ետեւում, դժվար չէ հասկանալ: Ակնհայտորեն` Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է եւ դեռ 2018 թվականը չեկած` ջղաձգվում է սոսկ լափամանի զորությա՛մբ դեռեւս իրեն անդավաճան ծառայող պետական ապարատի փլատակների տակ մնալու սոսկումից:

Ով ով` նա էլ հո սեփական փորձով գիտի «արքայադավության դառը համը» եւ  ամենայն մանրամասնությամբ է ճանաչում հին ու նոր տերերին առանձնապես չտարբերակող հաճախորդների` բազմակի օգտագործումից  տխեղծ դեմքը…

«Ռուլետկա խաղալու» ժամանակ, ուրեմն, այլեւս չկա՛: Թիրախը նախագահական ինստիտուտն է, այսինքն նաեւ` Սահմանադրությունն ու երկիրը, որ 98-ից ի վեր, սիամական երկվորյակի հետ համատեղ, այսչափ վայրագորեն կոխկրտվեց: Պարզ է նաեւ մի վերջին անգամ օգտագործվելիք ու այլեւս դեն շպրտվելու ենթակա գործիքը, որ պետական ապարատն ու արդեն հիշատակածս հաճախորդների հավաքածուն է: Արդյունքում` կկարվի նոր տարազ, այսինքն, նոր Սահմանադրություն` Սերժ Սարգսյանի «հագով», եւ կիսանախագահականից խորհրդարանական հանրապետություն «դարձվելիք» մեր երկրում ինքնահռչակը վերջապես մարմին կտա հայկական Թուրքմենբաշի կամ Ալիեւ դառնալու վաղեմի ցնորքին:

Այլ խնդիր չկա: Չի էլ կարող լինել: Բացի մնացած բոլոր փաստարկներից` հենց այս պահին էլ կարելի է մեջտեղ բերել առնվազն երկու հանգամանք, որոնք կարող են հօդս ցնդեցնել «Սահմանադրության մեջ առկա ո՛չ բոլոր որոշումներն են մեզ բավարարում» դավիթհարությունյանական ձեւակերպման թվացյալ տրամաբանականությունն ու հաստատելով  Սերժ Սարգսյանի` ամեն գնով «իշխանության թամբին մնալու» ծրագիրը:

Նախ` Անկախությունից այս կողմ ով չի հոգնել` ԱԺՄ, ԱԻՄ, ՀՅԴ, Րաֆֆի Հովհաննիսյան, բոլորն այս կամ շրջանում խոսել են նախագահական-կիսանախագահական կառավարման մոդելի «վտանգների» ու խորհրդարանական հանրապետության անցնելու անհրաժեշտության մասին: Եւ ի՞նչ եք կարծում, ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Իհարկե, ժամանակին նա հիմնականում գորշ եւ չխոսկան կարդինալի դերակատարումն էր նախընտրում, բայց, միեւնույն է՝ պատմությունը մեզ «մեծ լավություն է արել` պահպանելով» նրա` հատկապես խորհրդարանական հանրապետությանը դեմ լինելու մասին փոքրիկ հիշատակումներ:

Բայց եթե նույնիսկ դրանք էլ զանց առնենք, համարելով, թե կյանքը տեղում չի դոփում, եւ իսկապես էլ կան նոր մարտահրավերներ, որոնք միայն խորհրդարանական կառավարման եղանակով է հնարավոր լուծել, ուրախ կլինեինք նախ դրանց ծանոթանալ եւ ապա` լսել մի շարք հարցերի պատասխաններ:

Մասնավորապես` արդյո՞ք ներկայիս կիսանախագահական կառավարման կերպն է մեղավոր վարչակազմի բոլոր ձախողումների, կոռուպցիայի, արտագաղթի ու աղքատության, դատական համակարգի անիրավության եւ վերջապես` հանրապետական կուսակցության անձեռնհասության մեջ:

Իհարկե` ոչ: Եւ եթե ոչ, ուրեմն, այս պահից սկսած պարտավոր ենք գիտակցել եւ հենց այս պահին բարձրաձայնել, որ Հայաստանի հանրապետությունում տեղի է ունենում հերթական, այս անգամ` սահմանադրական հեղաշրջում:

Չենք կարող նաեւ ահազանգ չհնչեցնել առ այն, որ բոլոր նրանք, ովքեր մաս կկազմեն հիշյալ ավանտյուրային, ստիպված են այս պահին արդեն հասկանալ, որ հենց իրե՛նք են այն պահանջվող գինն ու քավության նոխազը, որ զոհաբերվելու է խորհրդարանական հանրապետության արշալույսին իսկ:

 

Նախորդ հոդվածը‘Թիվ 38 ընտրատարածքում մեկնարկել է քարոզարշավը’
Հաջորդ հոդվածը‘Դաշնակցությունն հավաք արեց. Ֆոտոշարք’