‘Գոհար Սիմոնյան. Վանգան ու մեր ապագայի տիրակալները’

2334

«Թշնամու ապագան կանխատեսելը մի մեծ բան չէ,

ավելի լավ է՝ քո ներկա՛ն նայիր»:

Ուգո Շտեյնհաուս

Սրանից ուղիղ հինգ տարի առաջ, նույն այս օրը, մարտի մեկի իրադարձությունները քննող խորհրդարանական հանձնաժողովում լրագրողներին ներկայացվեց մի գրություն, որը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն կազմել էին՝ որպես մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցի հավելում։

Համազեկուցողները դրանում նշել էին, որ իրենք իշխանությունների կողմից այդպես էլ չեն ստացել որեւէ համոզիչ ապացույց առ այն, որ մարտի 1-2-ի դեպքերն ուղղված են եղել իշխանության բռնազավթմանը, կամ՝ որ տեղի ունեցած դեպքերը կազմակերպված են եղել ընդդիմության, մասնավորապես՝ քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց կողմից:

«Ելնելով ՀՀ ՔՕ 225/3 եւ 300 հոդվածներին վերաբերող մեր դիտարկումներից՝ մենք կարող ենք միայն եզրակացնել, որ այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքները քաղաքական հիմնավորումներ են ունեցել…Ուստի, մենք կարող ենք եզրակացնել, որ ՀՀ իշխանությունները չունեն բավարար քաղաքական կամք` մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ ձերբակալված անձանց հարցը կարգավորելու եւ այդ օրերին կատարվածը լիարժեքորեն հետաքննելու համար»,- ասված էր հայտարարության մեջ:

Թե ինչ եղավ հետո՝ որեւէ մեկի համար նորություն չէ՛:

Համենայն դեպս՝ չենք հիշում, որ մեր մշտական ու անակնկալ արեւմտամետներն այդ օրերին գիշերեին կա՛մ Բաղրամյան 26-ի դարպասների, կա՛մ եվրոպական ներկայացուցչությունների դռների տակ՝ մարդասպաններից անհապաղ պաշտոնանկություն, իսկ  եվրոպացիներից էլ՝ տեղի ունեցած խայտառակ ընտրությունների չօրինականացում, դավիթհարությունյանական սուջուխ-բաստուրմայի  մերժում եւ սեփական արժեքներին հավատարմություն պահանջելով:

Իսկ չենք հիշում, որովհետեւ չի՛ եղել  նման բան:

Հակառակը՝ մարդասպաններից ոչնչով չտարբերվող լրատվական քիլլերները, տարատեսակ փորձագետներ, վերլուծաբաններ ու ակտիվիստներ, մարդասպանների նկատմամբ առանձնահատուկ խանդաղատանք էին տածում՝ իրենց թունավոր գրիչը կրկին ընդդիմության դեմ ուղղելով, եւ ինչպես Տեր-Պետրոսյանը նկատեց այդ օրերին՝  վարչակազմի հետ միասին ջանում էին զոհին դահիճ ներկայացնել, իսկ դահճին՝ զոհ…

Բայց ինչու՞միայն այդ օրերին:

Ընդհուպ մինչեւ 2011թ., ընդդիմությունը պայքարում էր գոնե Ազատության հրապարակի՛ն մոտենալու համար, անընդմեջ նստացույցեր ու քաղաքական զբոսանքներ էր անում Հյուսիսային պողոտայում, որի սալաքարերն, ի դեպ, ընդդիմությանը չպայքարելու մեջ մեղադրող ներկայիս ակտիվիստներից շատերի ոտնահետքն էլ չեն տեսել, ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցողներ Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆՑ՝ մարտի 16-ին, հանդիպելով նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանի հետ ու արժանանալով նրա մեղադրանքներին, դեռ անամոթաբար ընդամենը քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների կազմակերպման հարցում անիրավաչափ խոչընդոտների վերացման անհրաժեշտության մասին են խոսում, ինչն, իբր, քննարկել են Սերժ Սարգսյանի հետ, իսկ սրանք, տես՝ ինչ են օրումեջ բարբաջում:

Իբր, այդ ոչ թե եվրոչինովնիկներն են հապաղել, սխալվել, հիասթափեցրել եւ այլն, հենց Կոնգրե՛սն է հրաժարվել իր երբեմնի դավանած եվրոպական արժեքներից ու անդառնալիորեն չեկիստական Ռուսիայի  գիրկը նետվել…

Ավելին՝ այս սքանչելի բույլը հիմա էլ հասել է նույնիսկ այնտեղ, որ Կոնգրեսին մեղադրում է սահմռկեցուցիչ մեկ այլ դավաճանության մեջ. իբր՝ իշխանություններին օժանդակելով Մաքսային միություն մտնելու հարցում /ոչինչ, որ ոչ մեկը իրականում չի տեսնում՝ այդ օժանդակությունն ինչով են ուտում, եւ կամ գոնե՝ ինչ է այն իրենից ներկայացնում/, նպաստում է, որ սրանք, ռուսների պարտադրանքով, տարածքներ հանձնեն ադրբեջանցիներին…

Կատարյալ մառազմ՝ այսինքն:

Ուրեմն, իրենք ամեն կերպ օժանդակեն, որպեսզի 1998-ի պետական հեղաշրջմամբ իշխանության եկածները մաս առ մաս ծախեն Հայաստանը, 2008-ից այս կողմ ներդնեն բոլոր ջանքերը՝ ավազակապետության պաշտպանության ու մարտի մեկի արյունը պարտակելու համար,  հետո ականջի ծայրով ինչ-որ խորհրդավոր եվրաինտեգրում լսելով՝ ընդհանրապես բացահայտ թշնամանք տածեն առողջ մտքի ու բանականության նկատմամբ, եւ դեռ Տեր-Պետրոսյանն ու Կոնգրե՞սը մեղավոր լինեն: Որտե՞ղ է տրամաբանությունը…

Եւ հետո՝ Նոր տարվա շեմին նման ջղաձիգ, ես կասեի նույնիսկ՝ բայղուշ  պնդումների հեղիակներին, ովքեր, ի դեպ, ժամանակին հավաստիացնում էին, թե Տեր-Պետրոսյանը չափազանցում է «Հայաստանի՝ այլեւս ռեսուրսներ չունենալու» հարցում, խորհուրդ կտայինք ոգեշնչվելու համար մի քիչ ավելի հաճախ շփվել իրենց հայրենի, այսինքն՝  իշխանությունների հետ:

Հրեն՝ ղարաբաղցի Բակոն էլ այնտեղ է «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմի պրեմիերա կազմակերպել, որում,  իրենց դարդերը թողած՝ թշնամու ինքնության հարցերն են մեջտեղ բերել՝ քիչ է, մի բան էլ բոլոր հարցերի պատասխանը Վանգայի միջոցով միանգամի՛ց են գտել…

Պարզվում է, 90-ականներին ադրբեջանցի լրագրողները մեկնել են Վանգայի մոտ, որպեսզի նրանից հարցազրույց վերցնեն: Վանգան էլ տարել-բերել ու նրանց մի բան է ասել, որի մասին, իբր, ադրբեջանական իշխանությունները բոլորին հրահանգել են մոռանալ: Կեցցե՛ն, ուրեմն, ղարաբաղցիները, ովքեր, ինչպես միշտ՝ ամեն թաքուն բան հայտնի անելու դիրքերում են  կանգնած:

Իսկ ի՞նչ է ասել Վանգան՝ կհարցնեք:

«Դուք եկել եք այն երկրից, որտեղ շատ արյուն կա, լսում եմ երեխաների լաց, տեսնում եմ աղջիկների, որոնք այրում են իրենց հարսանեկան զգեստները: Ե՛տ քաշվեք, դուք պայքարում եք նրա համար, որը ճակատագրով ձեզ չի պատկանում: Դուք կպարտվեք, սակայն դա դեռ կլինի սկի՛զբը: Տեսնում եմ ոսկի, որը չի բերի երջանկություն: Ամբողջ մի ազգ ձեռնաշղթաների մեջ է, նրանք ոչինչ չեն մոռանա: Նրանք դեռևս 30 տարի ստիպված կլինեն տանջվել, բայց նրանք չեն հանձնվի, քանի որ հետագայում նրանք կդառնան իրենց երկրի տիրակալները, եւ այդ ժամանակ այն, ով որ նրանց շղթայել էր, կանհետանա ընդմիշտ: Բարին կհաղթի, և ժողովուրդը երջանիկ կապրի»,-ասել է նա: Եւ ահա, մեր ապագա տիրակալներն էլ իրենց ողորմելի ներկան ու անձեռնհասությունը թողած՝ հույսները Ադրբեջանի կործանման հետ են սկսել կապել…

Իսկ դրա համար ինչ է պե՞տք:

Կեցցե՛ք: Հերթական պետական հեղաշրջումը՝ սահմանադրական փոփոխությունների տեսքով, որպեսզի Սերժ Ազատիչը մի մի տասը տարի էլ առայժմ միայն Հայաստանի, իսկ Ադրբեջանի կործանումից հետո՝ նաեւ միացյալ Ղարաբաղի տիրակալը լինի:

Այ, եթե, երեկվանից բանտում հացադուլ հայտարարած Շանթի ասած՝ սամթը գտնեն ու մի նոր Վանգա էլ Թուրքիայի մասով գտնեն, լրիվ Հերմես Եռամեծար կդառնան՝ Տիրակալը անկախ Հայաստանի, միացյալ Ղարաբաղի եւ ազատ Արեւմտահայաստանի:

Խելքներիդ ձյուն գա, տկարամիտնե՛ր…

 

Նախորդ հոդվածը‘Ամանորյա «նվեր» վարորդներին. Նոր արագաչափեր հունվարի 8-ից’
Հաջորդ հոդվածը‘Զինկոմիսարիատի անփութության պատճառով երիտասարդի մոտ առաջացել է չարորակ ուռուցք’