‘ Գոհար Սիմոնյան. Վարչապետական ակումբի «խերն ու բարաքյաթը»…’

1844

Երբ 2014-ի ապրիլին, այսինքն՝ համարյա մեկ տարի առաջ, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակեց հանրային աջակցության զրոյական պաշտպանությամբ, հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ այս կառավարությունը եւս ձախողվելու է ու ձախողվելու է շա՛տ արագ:

Ճիշտ է՝ Աբրահամյանն ամեն կերպ ջանում էր ծածկել դատապարտվածության խարանն իր ճակատից, անգամ ամիսներ անց հայտարարում էր, թե իրեն հաջողվել է «շատ լավ թիմ հավաքել» եւ այժմ սոսկ «հանրության, գործարար աշխարհի, այդ թվում՝ նախկին վարչապետների կառուցողական օժանդակության, սրտացավ վերաբերմունքի կարիքն ունի», բայց պարզից էլ պարզ էր, որ օրակարգում ոչ թե կոնկրետ ծրագրեր էին ու դրանց կատարմանն ուղղված հստակ քայլեր, այլ երկու Սարգսյանների կողմից հիմնադրված «գաղջի բյուրեղացում»՝ ժամանակի անխնա եւ անիմաստ վատնմամբ:

Արդյունքում՝ այսօր մենք ոչ թե նույնիսկ տնտեսության լճացման առաջ ենք կանգնած, այլ ամենաիսկական անհուսության. տնտեսությունը պարզապես չի շնչում, բյուջեն դատարկ է եւ ապահովվում է միայն հարկային տեռորի գնով, պետական պարտքը հասել է աղետալի սահմանագծի, արտագաղթը ոչ թե նվազում է, այլ ահագնանում, եւ որեւէ հույս անգամ չկա, թե այս իրավիճակում ու այս թիմում ինչ-որ մեկը հրաշքով բեկում կարձանագրի:

Անշուշտ, արժանապատիվ մեկն այս պարագայում անմիջապե՛ս հրաժարական կտար՝ ընդունելով իր ձախողման պատասխանատվությունը: Բայց տես որ՝ Հովիկ Աբրահամյանը համառում է: Եւ համառում է ամե՛ն գնով:

Նա չհասկացավ, որ Բաղրամյան 26-ում փչացնում են բոլորին՝ հընթացս ստիպելով թքել նաեւ բոլոր սրբությունների եւ այնպիսի բաների վրա, որոնց դեպքում նահապետական-չխոսկան հարսն անգամ կընդդիմանար…

«Դոմփելու» եւ «դոմփվելու» հերթական տեսիլն, ուրեմն, դեռ ավարտված չէ: Եւ Աբրահամյանն, ասում են, հույս ունի, որ իր դեպքում բանը «դոմփվելուն» չի հասնի՝ ընդամենը  անհրաժեշտ է մի քիչ էլ ժամանակ ձգել, մի քիչ էլ  PR անել, քաղաքակիրթ երեւալ, մեծահոգի, «open minded»՝ ինչպես կասեին ամերիկացիները: Ձեռքի հետ էլ Բաղրամյան 26-ին լավություն անել: Գուցե նաեւ՝ հենց նրա՛ ցուցմամբ…

Կրկնում եմ, թող ոչ մեկը պատրանքներ չունենա, թե վարչապետն այս ամբողջ ընթացքում իսկապես էլ ուզում էր գործ անել, բայց տնտեսության վիճակն այնքան էր վատացել Տիգրան Սարգսյանի պատճառով, որ չկարողացավ շատ արագ արդյունքներ գրանցել:

Գործ էր ուզում անել՝ խնդրեմ, թող սկսեր ընդդիմության կողմից առաջարկված տասներկու կետերի իրականացումից: Վստահ եմ՝ դրանից հետո ոչ թե տասներկուսը, հարյուր քսաներկուսն էլ կճարվեին նրա համար:

Բայց ո՛չ, չարեց: Հետեւաբար՝ եզրակացությունը մեկն է. այս մարդը ոչ ինքն ուզեց աշխատել, ոչ էլ թույլ տվին, որ աշխատի:

Եւ եթե այդպես է, ինչու՞ է ստեղծվում այս հերթական թիթիզությունը՝ «վարչապետական ակումբ» կոչվածը: Որ ի՞նչ լինի:

Օրինակ՝ Հրանտ Բագրատյանը, որ տարիներ շարունակ գոռում է ԱԺ-ում, այս ու այն սխալը, թերությունը, հանցանքը, զանցանքը մատնացույց անում,  իր ո՞ր մի խորհուրդն է Աբրահամյանի կողմից կատարված տեսել, որ հիմա գնացել ու պատրաստվում է Խոսրով Հարությունյանի, Գագիկ Հարությունյանի եւ մյուսների հետ միասին՝ Աբրահամյանին կրկին խորհուրդներ տալ, աջակցել, շփման «նոր մշակույթ» հիմնել եւ այլն:

Թե՞ իսկապես այն կարծիքին ենք, որ այս անգամ էլ բոլոր մեղքերի պատասխանատուն Կենտրոնական բանկն է, եւ որ հենց Ջավադյանին փոխենք՝ միանգամից ամեն բան իր տեղն է ընկնելու երկրում:

Ծիծաղելի է պարզապես:

Կենտրոնական բանկն, իհարկե, սուրբ չէ, եւ, վստահաբար, տարիներ անց հատորյակներ են գրվելու այստեղ նյութված կեղտոտ սցենարների վերաբերյալ, բայց այնպես էլ չէ, որ հենց ԿԲ-ն է բոլոր յոթ մահացու մեղքերի «հեղինակն ու կատարողը»:

Լավ, կարճ ասեմ եւ առանց սեթեւեթանքների՝ ինձ համար բացարձակապես միեւնույն է, թե բոլորի կողմից ընդունելի վարչապետ լինելու PR-ով տարված՝ Հովիկ Աբրահամյանը քանի անգամ կտանի-կբերի նրանց, ովքեր  այս կամ այն չափով մեր պետությանը վատագույն ծառայություններ մատուցած մարդիկ են՝ գոնե իմ պատկերացմամբ:

Բայց այ Հրանտ Բագրատյանի պարագայում իսկապես ցավում եմ:

Ախր՝ եթե նույնիսկ նրան հնարավորություն տրվի ղեկավարել ԿԲ-ն, ինչին, ասում են, հենց ի՛նքն է ձգտում, անհնար է լինելու «երջանկության կղզյակ» սարքել մի տեղում, որտեղ համատարած Բաղրամյան 26-ական դժբախտությունն ու գաղջն են թագավորում:

Մի՞թե դժվար է այս պարզ բանը գիտակցել եւ նորից մեր բոլորի ժամանակը «չուտել»՝ չեմ հասկանում…

 

Նախորդ հոդվածը‘ «Ռեալը» սկսել է բանակցությունները Իկեր Կասիլյասի հետ պայմանագրի խզման վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘ «Մանչեսրթր Սիթին» լրջորեն հետաքրքրված է Կարլո Անչելոտիի ծառայություններով’