‘Գոհար Սիմոնյան. Տե՛քստ կարդա, ոչ թե տեքստ հորինիր’

2543

Ուրեմն, պարտավոր ենք հետևել այս կանոնին. ուշադիր նայել ժամացույցին, և հենց որ դրա սլաքները ժամը ութը ցույց տան, ուրեմն, ժամը ութն է: Այդքան բան:

Լուիս Քերոլ

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Եթե մի կողմ թողնենք մեզ բացարձակ կերպով հակացուցված արյունոտ հեղափոխության սցենարը, նաև զանց առնենք քաղաքական չափազանցված «մաքրակրոնությունն» ու զգացմունքայնությունը, բոլորի կողմից փակուղային գնահատվող այս իրավիճակից երկու ելք է ընդամենը նշմարվում:

Կա՛մ, ուրեմն, ոչ իշխանական քաղաքական ուժերն իսկապես վերանայում են իրենց առանձին օրակարգերը՝  իշխանափոխությանը հասնելու նպատակով համատեղ ճանապարհային քարտեզ գծելով ու այն կետ առ կետ իրականացնելով, ինչը նախագահ Տեր-Պետրոսյա՛նն առաջարկեց վերջին հանրահավաքում, կա՛մ սուսուփուս նստում ենք տեղներս և սպասում, թե ՀՀԿ-ն, Սերժն Սարգսյանի գլխավորությամբ, ինչ արագությամբ է լուծում պետությունը վերջնականապես կործանելու  խնդիրը:

Այլ ճանապարհ չկա՛, և եթե որևէ մեկին թվում է, թե լոկալ պայքարի գուցե արդյունավետ, բայց խոշոր հաշվով ոչինչ չորոշող փոքր օջախները, անպատասխանատու և անկարգապահ մտքի ֆեյսբուքյան տվայտանքները, ընդամենը սեփական հացի խնդիր լուծող «փորձագիտական վակխանալիան», Ծառուկյանից զզվանքը կամ Տեր-Պետրոսյանին ուղղված թունավոր հայհոյախոսությունը նաև կոնկրետ հաղթանակող ուղենիշ ու ելք են իրենցից ներկայացնում, չարաչար սխալվում է:

Սա պետությու՛ն է, տիկնայք և պարոնայք, ոչ թե մեջլիս, որ ով ասես՝ սազն առնի և  հատկապես համակրանքների ու հակակրանքների հարթության մեջ՝ ուզած մուղամն ասի:

Եւ ուրեմն, վերացարկվելով անփաստարկ և դատարկ հայհոյախոսությանը պատասխանելու պարտավորվածությունից՝ փորձենք, այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանին հերթական անգամ և նույն համառությամբ վերագրվող ռուսասիրության խնդրին ու, իբր, նրա կողմից Մաքսային միությունը ողջունելուն անդրադառնալ:

Մի առիթով նկատել ենք, այժմ էլ վերահաստատենք, որ հայ «փորձագիտական միտքը», թերևս ավելի, քան պարզ ժողովուրդը, սեփական միֆերը հնարելու և ամեն գնով դրանք պաշտպանելու առանձնահատուկ օժտվածություն ունի: Այստեղ մի ժամանակ որոշել ու հանրությանն էլ «սրսկել էին», թե Լևոն Տեր-Պետրոսյանը վերջացած արևմտամետ է, և այս առասպելը մեծից փոքր ու անառարկելի տոնով այնքան էին պատմել, որ էն գլխից էլ անկարող էին դարձել կա՛մ իրականություն տեսնել, կա՛մ  տեքստ կարդալ: Այնպես որ, միայն այն հանգամանքը, որ այսօր որոշ անուններ փոխվել են, ոչինչ չի նշանակում. «հենց որ ժամացույցի սլաքները գալիս-հասնում են ութին՝ նրանք նույն համառությամբ կրկնում են,  թե ժամը տասն է»…

Հերթական մի այդպիսի արշավից հետո, 1993-ի հունիսի 28-ին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ ՀՀՇ համագումարում ընդարձակ կերպով անդրադառնալ խնդրին և նշել հետևյալը. «…Մեզ մեղադրում են արևմտամետության և, այսպես կոչված, հակառուսականության մեջ: Հայ-ռուսական հարաբերությունների երեքհարյուրամյա պատմության ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի կապերը երբևիցե այնքան սերտ, այնքան անկեղծ, այնքան բարեկամական չեն եղել, որքան Ելցինի և Տեր-Պետրոսյանի օրոք: Եւ դա միայն այն բանի շնորհիվ, որ երկու երկրներում էլ իշխանության են եկել իրապես ժողովրդավարական ուժեր, որոնց փոխգործակցությունը հիմնվում է միջազգային իրավունքի նորմերի և համամարդկային արժեքների վրա…Հայաստանի ներկա իշխանությունները ամբաստանվում են նաև այն բանում, որ հենց Արևմուտքի ճնշմամբ, ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, մենք հապաղեցինք բանակի ստեղծման հարցում: Ադրբեջանն, այո՛, ընթացավ Ռուսաստանի հետ առճակատման և խորհրդային բանակի բռնի ազգայնացման ճանապարհով: Հայաստանն իրավունք ունե՞ր, արդյոք, ընթանալու նույն ճանապարհով,  ինչպես պահանջում էին մեզ մեղադրողները: Մի՞թե հասկանալի չէր Ադրբեջանի և Հայաստանի վիճակների տարբերությունը: Մենք կարո՞ղ էինք վտանգել Ռուսաստանի հետ ունեցած մեր բարեկամությունը՝ գտնվելով, մեղմ ասած, ոչ այնքան նպաստավոր աշխարհագրական միջավայրում: Սրանց հարցեր են, որոնք միայն մանկամիտները կարող են անտեսել և չտեսնել, որ արդյունքում մեր իշխանությունը շատ քաղաքակիրթ կերպով՝ միջպետական համաձայնագրերի տեսքով ստացավ մոտավորապես նույնքան, որքան Ադրբեջանն ստացավ առճակատման գնով՝ վերջին հաշվով դառնագույնս հատուցելով դրա դիմաց: Հայաստանը ստորագրեց նաև Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը և իր տարածքում ստեղծեց, կամ ավելի ճիշտ՝ պահպանեց ռուսական բանակի դիվիզիաներից մեկը, որին առաջիկայում հակված ենք ռազմաբազայի կարգավիճակ տրամադրել: Ընդամենը մի փոքր ուշ, բայց Հայաստանի բանակն այլևս իրողություն է, այդ իրողությունը կերտվել է ճշգրիտ հաշվարկված ու ժամանակին գործադրված քայլերի միջոցով, ինչը ոչ ոք չի կարող ժխտել, քանի որ փաստն անուրանալի է»:

Ասացեք, խնդրեմ, տիկնայք և պարոնա՛յք, որ առավոտից երեկո մոլորեցնում եք մարդկանց, թե՝ «արևտամետ» Տեր-Պետրոսյանը հրաժարվել է իր իսկ սկզբունքներից և դարձել ռուսամետ. ռուսականության և հակառուսականության տիրույթում նախագահն այս ամբողջ ընթացքում ինքն իրեն հակասող ի՞նչ նոր միտք է արտահայտել 91-ից այս կողմ, որ բացահայտ կերպով նույն բանը բարձրաձայնելու համար երեկ նրան արևմտամետի, այսօր արդեն ռուսամետի պիտակ եք կպցնում: 

Չե՞ք հասկանում, թե՞ չհասկանալու համար վճարվում եք: Եւ այլևս այն աստիճան, որ իրականությունը նենգափոխում եք՝ քիչ է, սկսել եք արդեն կոնկրետ ձեզ մատնանշվող տեքստերն էլ զանց առնել՝ դրանցում կարդալով ոչ թե այն, ինչ գրված է, այլ այն, ինչ ուզու՛մ եք կարդալ:

Տեսեք. Մարտի մեկի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հետևյա՛լն է ասում. «Չորս տարի շարունակ Եւրոասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեցին և պատրաստակամություն հայտնեցին անդամակցելու Մաքսային միությանը։ Ընդամենը ամիսներ առաջ նրանք երդվյալ արևմտամետ ու Եւրոինտեգրման ջատագովներ էին, իսկ այսօր՝ նույնքան երդվյալ ռուսամետ ու Մաքսային միության ջատագով են դարձել: Այն աստիճան, որ իրենց անսահմանորեն շոյված են զգում, երբ ռուս պաշտոնյաները ոչ միայն զարմանում, այլ նաև հիանում են իրենց փութաջանությամբ, ինչպես նախկինում շոյվում էին Արևմուտքի շռայլած գովեստներից։ Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը, գավառամտության արտահայտություն լինելուց առավել, բացատրվում է այն պարզ իրողությամբ, որ եթե առաջ նրանք համարում էին, որ իրենց օրինակարգության (լեգիտիմության) ճանաչումը կախված է Արևմուտքից, ապա այսուհետև այն կախված է լինելու Ռուսաստանից։ Բայց սա, եթե կուզեք, սոսկ հարցի բարոյական կողմն է, որը նույնիսկ կարելի է զանց առնել։ Սրանից շատ ավելի կարևոր է, անշուշտ, հարցի մյուս` քաղաքական կողմը։ Խոսքը բոլորովին չի վերաբերում Եւրոմիության և Ռուսաստանի միջև կատարված ընտրությունը դրական կամ բացասական գնահատելուն, այլ այն նվաստացուցիչ ու վտանգավոր հանգամանքին, որ Հայաստանը փաստորեն Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, ինչի վկայությունն է, թեկուզ, վերը հիշատակված գազային պայմանագիրը»:

Որևէ առողջ միտք ունա՞կ է, արդյոք, այստեղ Մաքսային միության մասին ողջույնի, դրվատանքի խոսք կամ նման կոնտեքստում ասված որևէ  բառ գտնել՝ բացի նրանից, որ այս իշխանությունների ջանքերով մենք մի գիշերում հայտնվել ենք Մաքսային միությունում՝ «ոչ իրավահավասար գործընկերոջ և ձայնազուրկ հպատակի կարգավիճակով»:

Կամ՝ ի՞նչ է նշանակում, թե քանի որ Տեր-Պետրոսյանն ասել է՝ Մաքսային միությանն անդամակցումն այլևս անշրջելի է, հետևաբար՝ նա կողմ է Մաքսային միությանը: Լա՛վ, ինչքա՞ն կարելի է վիրավորել դիմացինին, կասկածի տակ առնել նրա մտածելու, լսելու, լսածը համադրելու, եզրակացություններ անելու կարողությունը, եթե ոչ ավելի վատ մի բան, որ է՝ փաստերի միտումնավոր նենգափոխում և կոնկրետ քաղաքական գործչի անվանարկում:

Սոցիալական ցանցերում էլ եմ նույն օրինակը բերել, նյութիս մեջ էլ բերեմ: Ենթադրենք՝ որպես փաստ ֆիքսում եմ, որ բաժակը ջարդված է: Ձեր կարծիքով՝ իմ դիտարկումը, որ սա այլևս անշրջելի փաստ է, իմ վերաբերմու՞նքն է արտահայտում բաժակի նկատմամբ: Մանավանդ որ՝ ես այն չեմ էլ կոտրել: Ես ընդամենը ֆիքսում եմ, որ բաժակն այլևս չկա, և դա անշրջելի փաստ է գոնե այդ պահի և տեսանելի ապագայի համար այնքան ժամանակ, քանի դեռ ես նոր բաժակ չեմ ունենա: Որտե՞ղ է այստեղ իմ դրական կամ բացասական վերաբերմունքը բաժակի և դրա ջարդված լինելու վերաբերյալ: Եւ ինչո՞ւ է հարցը միտումնավոր կերպով «դատապարտվածության» դաշտ մտցվում, հատուկ կերպով մոռացության տալով «տեսանելի ապագա» բառակապակցությունը:

Բայց  մի անգամ էլ կարդանք Տեր-Պետրոսյանի տեքստը. «Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ Եւրոինտեգրումը տեսանելի ապագայում՝ անհնարին։ Ըստ այդմ, թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որևէ քաղաքական ուժ, իր հաշվարկները կատարելիս, այսուհետև պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների…Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջև, որը, թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ, ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնելու նվազագույնի»։

Սրանից պարզ էլ ինչպե՞ս ասվեր, որ հասկանալի լիներ: Կամ՝ ինչպե՞ս չնկատես, որ մանր-մունր անկարգություններ հրահրելով՝ կոնկրետ մարդիկ, կոնկրետ նպատակով, ասպարեզից կամենում են դուրս մղել քաղաքական դաշտի հիմնական ֆիգուրների կոնսոլիդացիայի և  ամենկարևոր՝ իշխանափոխության , օրինակարգ-արժանապատիվ իշխանությունների հաստատման հրամայականը…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Հեֆերն. ԱՄՆ-ն աշխատում է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումն ապահովելու ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 8-ին տեղի կունենա քայլերթ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ’