‘Գորիկ Հակոբյանը չի ուզում, որ իշխանություններին ուժով հեռացնեն’

1806

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը իր պաշտոնը զբաղեցնում է 2004 թ.-ից: Այսքան ժամանակ նա հրապարակային ելույթներով աչքի չի ընկել: Միակ հրապարակային բառակապակցությունը, որը նա արտաբերել է, եղել է՝ «ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար» արտահայտությունը, որն ուղղված էր կառավարության շենքի մոտ հավաքված՝ խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերին:

Եվ ահա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, Ազգային անվտանգության ծառայության մասնագիտական տոնի կապակցությամբ անցկացվող հանդիսավոր նիստի ընթացքում ունեցած ելույթում Գորիկ Հակոբյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք՝ սենսացիոն հայտարարություններ է արել, որոնք հիմնականում ուղղված էին ընդդիմությանը: Գորիկ Հակոբյանի խոսքից մի շարք մեջբերումներ՝ առանց մեկնաբանության, ներկայացնում ենք ստորև:

Այսպես, Հակոբյանը «մի շարք գործիչների» կոչ է արել զերծ մնալ ապստամբությունների, իշխանություններին ուժով հեռացնելու անպատասխանատու կոչերից. «Բոլորի համար ակնհայտ է, թե ինչպիսի ողբերգական իրադարձությունների հանգեցրեց, այսպես կոչված՝ «գունավոր հեղափոխությունների» ալիքը: Դաժան փորձությունն անցած ժողովուրդները դեռ երկար տարիներ չեն կարողանալու հաղթահարել քաղաքացիական պատերազմների, սոցիալ-տնտեսական և հումանիտար ճգնաժամերի կործանարար հետևանքները»,-ասել է նա և հավելել. «Ցավոք, մեր ժողովրդին նույնպես վիճակվեց հասարակության բևեռացումը, անհանդուրժողականությունը, անթաքույց չարությունն ու կույր ատելությունը: Իրավիճակը կայունացնելու և բնականոն հունի բերելու համար գերագույն ջանքեր պահանջվեցին: Այդ դեպքերից անհրաժեշտ դասեր չքաղած մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հակոբյանը:

Նա ընդգծել է, որ Ազգային անվտանգության մարմինները չեն պատրաստվում որպես կողմնակի դիտորդ հետևել այս իրադարձություններին: «Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք»,- հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Գորիկ Հակոբյանը շեշտել է, որ այլակարծության, ընդդիմախոսության, կուսակցական ազատ մրցակցության, բողոքի արտահայտման իրավունքները ժողովրդավարական հիմնարար արժեքներ են և չեն կարող կամայականորեն արգելվել կամ սահմանափակվել:

«Սակայն քաղաքացիների իրավունքները հստակ սահմանազատված են ամենաթողությունից, անարխիայից, քաղաքական ծայրահեղականությունից: Քաղաքական գործունեությունում ուժային մեթոդներ կիրառելու, զանգվածային անկարգություններ ու բախումներ հրահրելու սադրանքներին մենք հակադրելու ենք միայն օրենքի ուժը»,- շեշտեց Գորիկ Հակոբյանը:

Հակոբյանը անդրադարձել է նաև սփյուռքահայությանն ընդդիմության ազդեցության ոլորտ ներքաշելու, այդ նպատակով արտերկրի հայկական համայնքներում շտաբներ ձևավորելու մտադրություններին՝ ընդգծելով, թե այդ նախաձեռնությունն իրականացնելու դեպքում ապակառուցողական հեռահար հետևանքներն ակնհայտ են: «Հայաստանի անկախ պետականությքան ամբողջ ժամանակահատվածում միայն համայն հայության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք հավաքական համախմբմամբ է հնարավոր եղել նշանակալի նվաճումներ արձանագրել: Այնինչ, սփյուռքահայության միջավայր ներքաղաքական խնդիրների տեղափոխումը պառակտման իրական պայմաններ կստեղծի թե’ հայ համայնքներում, թե’ Հայաստան-Սփյուռք կապերում: Այդպիսի հնարավոր զարգացումների ազդեցությունը հայ ժողովրդի առաջընթացի, Հայաստանի տնտեսական աճի, արտաքին քաղաքական նպատակների առաջխաղացման համար խիստ անբարենպաստ են լինելու: Եվ, վերջապես, հարկավոր է ընդունել, որ ներքաղաքական պայքարին պետք է մասնակցեն Հայաստանի քաղաքացիները, իսկ օտարերկրացիները, անկախ նրանց ազգային պատկանելիությունից, այս ոլորտում անելիք չունեն»,- նշեց Հակոբյանը:

Գորիկ Հակոբյանը հավելել է, թե տարակուսանք են առաջացնում Սփյուռքում ֆինանսական միջոցներ հայթայթելուն ուղղված որոշ գործիչների ջանքերը: Նա ընդգծել է, թե, ի տարբերություն այդ գործիչների, մեր հայրենակիցների մեծամասնությունը սթափ գիտակցում է, որ ներքաղաքական վայրիվերումները չեն բխում հայության օրվա շահերից, իսկ միասնական կամքն անհրաժեշտ է նպատակաուղղել հայրենիքը շենացնելուն, ժողովրդի կենսական խնդիրները լուծելուն, բազում վտանգներից երկիրը զերծ պահելուն և մարտահրավերներին դիմագրավելուն:

Նախորդ հոդվածը‘Կոչ ԵՄ և ԵԱՀԿ պատվիրակություններին. Դադարեցրե՛ք սնուցել կոռուպցիան և պետական տեռորը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Էն, որ ասում ենք՝ համագործակցություն, սա է ‘