‘
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ԹԻՀԿ դիմումը, որը վերաբերում էր ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին և մասնավորապես՝ այն դրվագին, երբ ԱԱԾ պետը Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի մասնակիցներից մեկին «ոչխար» է անվանել: Ներկայացնում ենք ԹԻՀԿ-ի հաղորդագրությունն ամբողջությամբ.
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնների խախտումը բացահայտելու նպատակով վարույթ հարուցելու մասին ԹԻՀԿ դիմումը մերժվել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի կողմից այն պատճառաբանությամբ, որ դիմումում բարձրացված հարցի համակողմանի ուսումնասիրության, տվյալ դրվագի բոլոր փաստական հանգամանքները հաշվի առնելու և վարութ հարուցելու համար Հանձնաժողովը պետք է ստանա նշված ակցիա անցկացնողների խմբի կամ նրանցից որևէ մեկի դիմումը:
Չհամաձայնելով Հանձնաժողովի դիրքորոշմանը՝ հարկ ենք համարում նկատել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ վարույթ կարող է հարուցել որևէ անձի դիմումի հիման վրա, ինչը նշանակում է, որ վարույթ հարուցելու դիմում կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք»:
Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն ս.թ սեպտեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող քաղաքացիների բողոքի հերթական ակցիայի ժամանակ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն արձագանքել էր «Էշ ա, արա՛, ի՞նչ ես գոռում, ա՛յ ոչխար» արտահայտությամբ, ինչը ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ:
‘