‘Գորիսի արյունահեղության գործում Լիսկայի մեղավորությունը ապացուցող նոր փաստեր կան-փաստաբան’

1383

2013-ի հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած արյունահեղության մեղավորը Սուրիկ Խաչատրյանն է՝ Լիսկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը նոր ապացույցներ է ներկայացրել: Հիշեցնենք, որ ներկայումս Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում քննվում է միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանի մեղավորության հարցը:

Հայկ Ալումյանի խոսքով, վերջապես իր ձեռքի տակ են գործի նյութերը, որոնք երկար ժամանակ հրաժարվում էին իրեն հանձնել: Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկներից մեկի տեսաձայնագրության համաձայն, մինչև հրաձգության սկսվելը Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը պատմում է, թե ինչպես են Ավետիք Բուդաղյանին ծեծել մեքենայում, եւ որ ծեծողը եղել է Սուրիկ Խաչատրյանը:  Մասնավորապես, Խաչատրյանի տան բակում հավաքված կանայք ամոթանք են տալիս Զարզանդին, թե՝ «ինչու՞ ծեծեցիք Ավոյին (Ավետիք Բուդաղյանին), չէ՞ որ նրա հայրը Սուրիկի ընկերն է», ինչին Զարզանդը պատասխանում է, որ «չէի թողում, բայց դե՝ ինչ արած»: Բացի դրանից, Զարզանդ Նիկողոսյանը պատմում է, թե ինչպես է Լիսկան մեքենայի մեջ հայհոյել Ավետիք Բուդաղյանին, որից հետո «մի երկու հատ տվինք, ասեցինք՝ դավայ ռադդ քաշի ստուց»:  

Ըստ Ալումյանի, կրակոցների ժամանակ հնչած ձայները հերքում են այն վարկածը, թե Խաչատրյանների կողմից արձակված կրակոցները եղել են ինքնապաշտպանությունից դրդված:   Մասնավորապես, Խաչատրյանի տանը գտնվող կանայք հրաձգության պահին հորդորում են Լիսկայի որդուն՝ Տիգրանին՝ չկրակել: Ըստ Հայկ Ալումյանի, եթե Տիգրանի մերձավոր կանայք, որոնց թվում էր նաեւ նրա մայրը, ինքնապաշտպանության կարիք տեսնեին, նրան չէին հորդորի չկրակել:  

Հայկ Ալումյանը նշել է նաեւ, որ Բուդաղյանների բնակարանում բազամթիվ խուզարկություններ են արվել. դրանք տևել են նվազագույնը 2 ժամ, կատարվել են առնվազն մեկ քննիչի և երկու օպերատիվ աշխատակցի կողմից: Մինչդեռ, Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը խուզարկվել է ընդամենը 35 րոպեում և միայն մեկ քննիչի կողմից: Եվ այդ խուզարկությունն էլ կատարվել է դեպքից 12 ժամ անց:

Այնուհանդերձ, ըստ փաստաբանի՝ անգամ այս ապացույցների առկայության դեպքում Սուրիկ Խաչատրյանի դեմ քրեական հետապնդում չի լինի, որովհետեւ թե առաջին ատյանը, թե վերաքննիչ դատարանը մերժել են փաստաբանի բողոքը՝ վերանայել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

 

Նախորդ հոդվածը‘«Վիլյառեալի»՝ քաղցկեղով հիվանդ պատանի երկրպագուի ամենաերջանիկ օրը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչը մտել է շվեդական ֆուտբոլի պատմության մեջ (տեսանյութ)’