‘Գորիսի նախկին քաղաքապետը շարունակում է Սուրիկ Խաչատրյանին վերաբերող իր բացահայտումների շարքը’

882

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը շարունակում է Aravot.am-ին  ներկայացնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին վերաբերող իր բացահայտումների շարքը:

«1991 թվականին՝ իմ քաղաքապետ ընտրվելուց առաջ, Գորիսի քաղխորհրդի գործկոմը 600 քմ հողատարածք է հատկացնում քաղաքի կենտրոնական մասերից մեկում՝ Դավիթ Բեկ հատվածում, մինչ այդ չորս անգամ դատապարտված Սուրիկ Խաչատրյանին: Նա մինչև այդ  ուներ 2 սենյականոց բնակարան և մեկ ժիգուլի՝ 06: Երբ ընտրվեցի քաղխորհրդի գործկոմի նախագահ, դրանից կարճ ժամանակ անց Սուրիկ Խաչատրյանը, արդեն որպես գումարտակի հրամանատար, ներկայացավ ու խնդրեց ավելացնեմ իր այդ  600 քմ հողատարածքը հարևանների հողատարածքների հաշվին:

Մերժեցի իր բանավոր դիմումը, բայց ինչպես հետո պարզվեց՝ այդ 600 քմ տարածքը մի քանի անգամ  ավելացրեց հարևանների հաշվին: Կարճ ժամանակ անց նա սկսում է Գորիսի իր ներկայիս ապարանքի շինարարությունը: Բոլորը գիտեն, որ այդ ապարանքի շինարարության վրա մի քանի հազար գծամետր սրբատաշ բազալտ է օգտագործվել, որի համար հատուկ հանք էին բացել: Այդ հանքը բացել էին այդ ժամանակ Գորիսում  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցվող գմբեթի համար:  Իմ ժամանակ դեռևս դժվարությամբ ֆինանսական միջոցներ հատկացրինք, որ շինարարությունը կարողանանք ավարտին հասցնել:

Սուրիկ Խաչատրյանը թե՛ քաղաքային ֆինանսական միջոցները, թե՛ առանձին հիմնարկների, գործարարների ու քաղաքացիների նվիրատվությունները օգտագործելուց հետո, տեսնում ենք, որ տասնապատիկ ավելի սրբատաշ այդ նույն բազալտից օգտագործում է իր ապարանքի շինարարության վրա: Այդ ընթացքում փակում է Դավիթ Բեկ փողոցի մի հատվածը , պարսպապատում է և դարձնում իր առանձնատան բակ: Հետո իր կալվածքին միացնում է իր տան դիմաց գտնվող  Գորիսի նորակառույց քաղաքային բաղնիքը: 90-ականների առաջին տարիներին՝ պատերազմի ժամանակ, մենք դժվարությամբ միջոցներ էինք հայթայթում բաղնիքի շինարարությունն ավարտին հասցնելու համար, որ գորիսեցիները, բաղնիքներ չունեցող անձինք հնարավորություն ունենան հարմարավետ բաղնիքում լողանալ: Այդ բաղնիքի շենքը սրբատաշ բազալտից է: Դրա վրա ծախսվել են հսկայական պետական միջոցներ: Այսօր 400. 000 դոլարով չես կարող նման շենք կառուցել»,- Aravot.am-ին պատմել է Գորիսի նախկին քաղաքապետը:

Նրա խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանը  Գորիսի իր առանձնատան ներսում էլ անթույլատրելի ճանապարհով օգտագործել է աշխարհի ամենաթանկ փայտանյութը. «Հսկայական փայտանյութ  է օգտագործվել, որն աշխարհի ամենաթանկ փայտանյութն է:  

Խոսքը Մարտակերտի անտառում շատ քիչ հանդիպող կարմիր ծառերի մասին է, որոնք համաշխարհային բնաշխարհի կարմիր գրքում են գտնվում»:

Aravot.am-ը պատրաստ է լսել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, բայց նա Գորիսում տեղի ունեցած դեպքից հետո անջատել է իր հեռախոսը:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Լիբանան, և ոչ թե Մալի’
Հաջորդ հոդվածը‘Պիտի լավ չուտենք, պիտի լավ չհագնենք, ամբողջ ուժը դնենք այս պատերազի մեջ, հաղթենք. 20 տարի առաջ զոհվեց Մոնթեն (Տեսանյութ)’