‘Գորիսի ոստիկանապետի լիազորությունները դադարեցվել են, դատախազն ու քննչական կոմիտեի պետը դեռ աշխատում են’

2227

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները: Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, այս մասին Ֆեյսբուքում գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ armlur.am-ը երեկ տեսանյութ էր հրապարակել, որտեղ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ծեծում է իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գևորգյանին: Դեպքին ներկա են եղել նաև քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը և Սյունիքի մարզի դատախազը:

Միջադեպի հաջորդ օրը Արթուր Գևորգյանի եղբայրը ազատվել է ոստիկանապետի տեղակալի պաշտոնից, իսկ նա կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել, 18 մարդ արդեն հարցաքննվել է: Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հատկանիշներով

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե ու Գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նաև միջադեպին ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին:

Նախորդ հոդվածը‘Գասպարիի պաշտպանները միջնորդել են, որ դատավորը դատահոգեբուժական փորձաքննություն անցնի’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնի հուզիչ նամակը.«Ես երդվել եմ պաշտպանել ձեզ» ‘