‘Գորիսի քաղաքապետ. Բուդաղյանի սպանության մասին պետք չէ հիշել, անձնական դեպք է’

1332

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը ստորագրահավաք է կազմակերպել եւ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) մարզպետի պաշտոնին վերադառնալու հարցով դիմել է Հովիկ Աբրահամյանին ու Սերժ Սարգսյանին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Ադունցը:

Նրա խոսքով՝ դա նաեւ բնակչության մեծամասնության կամքն է:  Այն հարցին, թե ինչպե՞ս  է Բուդաղյանների դեպքից հետո նման ստորագրահավաք նախաձեռնել, Ադունցը նշել է, որ դա անձնական դեպք է եւ պետք չէ անընդհատ դրա մասին վերհիշել:

Հիշեցնենք, որ հենց Լիսկայի  եղբոր որդին էր ծեծի ենթարկել, առևանգել և որոշ տեղեկություններով՝ նույնիսկ դանակահարել երկու քաղաքացու: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների հանցագործություններում հանցակազմը համարյա միշտ բացակայում է: Իսկ Լիսկայի բարեկամ հանդիսանալու հանգամանքը հենց առիթ է հանդիսանում քրեական գործ չհարուցելու համար:

Ավելին՝ մինչ օրս բոլորի ուշադրության կենտրոնում են գտնվում Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքերը, երբ նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը սպանեցին Ավետիք Բուդաղյանին եւ վիրավորեցին Ավետիքի եղբայր՝ Արտակ Բուդաղյանին, սակայն երկուսն էլ քրեական գործում ներգրավված են որպես վկա, իսկ Արտակ Բուդաղյանը՝ որպես մեղադրյալ:

Սուրիկ Խաչատրյանի կամ նրա ազգականների կողմից իրականացված այս կամ մի շարք այլ հանցագործությունների առկայության պայմաններում նշենք, որ Սյունիքի մարզի բնակչությունը ոչ միայն չի ցանկանում ետ բերել հայտնի Լիսկային, այլ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին ասել էին տեղի բնակիչները՝ «բոլորը շատ լավ գիտեն, թե իրենք ինչպես են զզվում Սուրիկ Խաչատրյանից»: 

Նախորդ հոդվածը‘Էլեկտրոնային երաժշտությունը և բիթբոքսը կբացեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Էնֆիաջյանի անդրադարձը սահմանադրական փոփոխություններին՝ կոնֆերանսի ժամանակ (տեսանյութ)’