‘Գործադուլի պատճառով Փոթիի նավահանգստում հայկական բեռներ են կուտակվել ‘

716

Փոթիի նավահանգստում գործադուլի պատճառով կուտակվել է Հայաստանի համար նախատեսված մոտ 300 բեռնարկղ: Ըստ «Արմենպրես»-ի, իրավիճակի կարգավորում ակնկալվում է երկու օր հետո: Այս մասին գործակալությանը հայտնել է «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով Փոթիի նավահանգստում գործադուլի պայմաններում դեպի Հայաստան բեռնափոխադրումների իրականացման խնդրին: Նա նշել է, որ նոյեմբերի 6-ից բեռների արտահանումը Փոթի նավահանգստով կրկին հնարավոր չէ: «Կամ պետք է լրացուցիչ պահպանման ծախս վճարվի բեռները Փոթիի տերմինալներում պահելու համար, կամ սեփական միջոցներով բեռները պետք է տեղափոխվեն Փոթիից Բաթում՝ այնտեղից նավերով ճանապարհելու համար»,- ասաց Ղազարյանը:  

Ղազարյանը չբացառեց, որ գործադուլի ալիքը գործադուլավորների համերաշխության շնորհիվ կարող է տարածվել նաև Բաթումի նավահանգստում, ինչը դժվարություններ կստեղծի  Վրաստանի համար` եկամուտների կրճատման տեսքով:

Վրաստանի Փոթի նավահանգստի աշխատողները հոկտեմբերից գործադուլ են հայտարարել: Բողոքի ակցիային մասնակցում է 1200 մարդ: Ակցիայի մասնակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու աշխատանքի արժանի պայմաններ ապահովել: Գործադուլի արդյունքում կաթվածահար է եղել Վրաստանի գլխավոր ծովային դարպասը:

Փոթիի նավահանգստի գլխավոր տնօրեն Ջոզեֆ Քրոուլին նոյեմբերի 7-ին հրաժարական է տվել: «Իմ հրաժարականը կապ չունի այս իրադարձությունների հետ. սա բիզնեսի հետ կապված սովորական գործողություն է, որը ծրագրված էր 2-3 ամիս առաջ»,-ասել է Քրոուլին: 

 

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Ամենաբարձրը գնահատում եմ «Բարսելոնայի», «Ռեալի» եւ «Բորուսիայի» հնարավորությունները’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային’