‘
Անհրաժեշտ է բողոքի ակցիա անցկացնել Ռուսաստանի դեսպանատան մոտ և պահանջել անհապաղ փոխել արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է գործարար Վահագն Հովնանյանը:
Նրա խոսքով, Հայրապետյանի առողջական վիճակը թույլ չի տալիս կալանքի տակ պահել նրան, և ՌԴ դատարանը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը: «Բացի այդ, Հայրապետյանն այնքան պարկեշտ և բարի մարդ է, որ նրա հանդեպ նման վերաբերմունքն ուղղակի անընդունելի է»,- հայտարարել է Հովնանյանը:
Նշենք, որ հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանի դատարանը Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել 2 ամիս կալանավորումը: Դատարանը նաև կալանք է կիրառել «Բաշնեֆտի» Հայրապետյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ, որոնք կազմում են շուրջ 300 մլն ռուբլի: Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 160 հոդվածի (մսխում) և 174 հոդվածի (հանցավոր եկամուտների օրինականացում) հատկանիշներով: Հիշեցնենք, որ Հայրապետյնաը ձերբակալվել է Սերգեյ Ֆինագինի ղեկավարած հանցավոր խմբավորման գործունեությանն առնչվող գործի շրջանակներում: Խմբավորման գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մեղսակցության մասին քննիչներին հայտնել էր նախկին սենատոր Իգոր Իզմեստևը:
‘