‘Գործարար-քաղաքագե՞տ, թե՞ վարձու խամաճիկ ‘

1961

Տասը տարուց ավելի անհայտ կորչելուց հետո հանկարծ լրատվամիջոցներում հայտնվեց Արկադի Վարդանյանի անունը։ Նա հայ հանրությանն անծանոթ էր նաեւ մինչեւ 2000թ.։ Այն ժամանակ նա անակնկալ Ռուսասատանից եկավ, մեկ-երկու աղմկոտ հանրահավաք արեց, հետո բռնեցին բանտարկեցին։ Տարածված ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ նրան ֆիզիկական բռնությունների էին ենթարկել, հասցրել մահամերձ վիճակի։ Ու որպեսզի ավելի մեծ«շառի» մեջ չընկնեն, դուրս էին թողել, սակայն ունեցած-չունեցածը ձեռքից խլելով եւ պայմանով, որ այս կողմերում այլեւս չերեւա։ Հիմա ինքն էլ,մի քիչ մեղմացված, համարյա նույն բանն է պատմում այդ շրջանի մասին։

Երկրորդ անգամ նա որոշ քաղաքական ակտիվություն դրսեւորեց 2007-2008 թվականներին, երբ Իսպանիայից գրած հոդվածներով մեծարում ու լիակատար աջակցություն էր հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա ղեկավարած շարժմանը։ Հիմա բոլորովին այլ լեզվով է խոսում։ Եթե այն ժամանակ անկեղծ չէր, ուրեմն սրիկայություն է եղել արածը, իսկ եթե անկեղծ է եղել եւ սխալվել է, ուրեմն զրո արժեք ունի քաղաքագիտության դոկտորի նրա կոչումը։ Հիմա նորից հայտնվել է ասպարեզում Ր. Հովհաննիսյանի արձանագրած հաջողություններից  հետո (եւ ոչ թե նախընտրական շրջանում), իբր, նրան աջակցելու, բայց իրականում բոլորովն այլ նպատակներով։  

Ինչո՞ւ է մեր ուշադրությունը գրավել այս, ինչպես նրան հորջորջում են, «գործարար-քաղաքագետը»։ Որովհետեւ նրա մի քանի հարցազրույցները ցույց են տալիս, որ սույն պարոնը ակտիվորեն ներգրավված է Սերժ Սարգսյանի ներքաղաքական պրոյեկտներում եւ որոշակի դերակատարություն է իրականացնում։Այլ կերպ դժվար է բացատրել այն հանգամանքը, որ նրա առաջ քաշած ու պաշտպանած թեզերը ճշգրիտ համընկնում են «ազատ» եւ «անկախ» լրատվամիջոցներումորոշ «անհատ քաղաքական գործիչների» կողմից միահամուռ պաշտպանվողթեզերին։ Ահա դրանցից մի քանիսը.

  1. Սերժ Սարգսյանը լավ էլ նախագահ է եւ փառավոր կենսագրություն է ունեցել.«Սերժ Սարգսյանին չի կարելի չհարգել, նա բավականին մեծ ավանդ ունի ազգային ազատագրական պայքարի մեջ: Չի կարելի թերագնահատել, նա ճանապարհ է անցել ե՛ւ որպես ռազմիկ, ե՛ւ որպես քաղաքական գործիչ, ե՛ւ որպես ղեկավար»։ Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանին բառացի նույնկերպ է արտահայտում իր «հարգանաց հավաստիքը» Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նրան անվանելով«Արցախյան ազատամարտի ռահվիրա»։
  2. Ս. Սարգսյանի ոչ օրինակարգության մասին, անշուշտ, խոսք չկա, որ նշանակում է, թե Ա. Վարդանյանը նրան այդպիսին չի համարում։ Նկատենք, որ 2008-ից Ս. Սարգսյանին օրինակարգ նախագահ է համարում նաեւ Ր. Հովհաննիսյանը, երբ ասում է «Ս. Սարգսյանը նախագահ է մինչեւ ապրիլի 9-ը»։
  3. Ըստ «գործարար-քաղաքագետի»՝ Ս. Սարգսյանն, անշուշտ,«չի կարող չհասկանալ այն ամենը, ինչ այստեղ (Հայաստանում) կատարվում է», ու, բնականաբար, շատ կուզեր բարեփոխումներ անել, շատ բան ուղղել։ Բայց նրան այդ բանն անել խանգարել ու խանգարում է իր վատ, անգրագետ շրջապատը, հին օլիգարխիան. «Ես չեմ պատկերացնում, որ նա կարող է սերտ, բարեկամական կապեր ունենալ, ասենք՝Լֆիկ Սամոյի, Նեմեց Ռուբոյի կամ Թոխմախի Մհերի հետ: Չեմ կարծում, որ որպես անձնավորություն՝ կարող է անկեղծ ընկերություն անել այդ մարդկանց հետ, ասենք՝ նստած են մի-մի բաժակ թեյ են խմում, կամ մի 100 գրամ օղի են  խմում, խաշ են ուտում ինքն ու Լֆիկը,ինչի՞ մասին են խոսում. ինչի՞ մասին կարելի է խոսել՝գրականությա՞ն, արվեստի՞, կինոյի՞, նոր ստեղծագործությունների՞, սպորտի՞, էլ չեմ ասում՝քաղաքականությա՞ն»: Մի կողմ թողնենք այն, որ այստեղ արտահայտվում է գործարար-քաղաքագետի պատկերացման բարձրակետը քաղաքական գործունեության մասին, երազանքը, եւ նա անգրագետ օլիգարխների փոխարեն իրեն է տեսել սուրճի կամ խաշի սեղանի շուրջ Ս. Սարգսյանի կողքին։ Այստեղ էլ հիշեցնենք, որ «հին օլիգարխիայի» մասին խոսելը՝ որպես Ս. Սարգսյանի համար բարեփոխումների խոչընդոտ, միշիկական «երիտօլիգարխիայի» քարոզչամեքենայի հիմնական տրյուկներից է։ Ավելին՝ ընտրարշավի ընթացքում այն մի քանի անգամ օգտագործեց անգամ ինքը՝ Ս. Սարգսյանը։ Իրականում, նախ՝ Ս. Սարգսյանը «շփման» եւ զրուցելու թեմայի» ոչ մի խնդիր չունի իր այդ շրջապատի հետ, վերջիններիս թեմաներն իրեն նույնքան հոգեհարազատ են, երկրորդ՝ Ա. Վարդանյանն էլ, ինչպես դժվար չէ նկատել, նրանցից ոչնչով չի տարբերվում (չհաշված քաղաքագիտության դոկտորի դիպլոմը, որ ամեն մի միջին գործարարի գրպանին հասանելի է):
  4. Ա. Վարդանյանը կարծում է, որ «Սերժ Սարգսյանը ծայրաստիճան հոգնած ու հիասթափված է իր շրջապատից եւ շատ լավ գիտակցում է, որ եթե անկեղծությամբ, իր ամբողջ սրտի մաքրությամբ ուզենա բարեփոխումներ իրականացնել, չի կարողանա, ֆիզիկապես չի կարողանա, թիմ չունի»։ «Թիմ չունի»-ն ակնհայտորեն վերաբերում է ողջ ՀՀԿ-ին։ Սա նույնպես վերջին շրջանում իշխանական (միշիկական) խոհանոցի՝ լրատվամիջոցներին իջեցված մի ուղղություն է։
  5. Հաջորդ թեզը վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, որը վերջապես Հայաստան բերեց նոր եւ «մեզ համար անսովոր քաղաքական մշակույթ», եւ նա էլ պիտի դառնա Հայաստանում հիմնական, տիտղոսային ընդդիմությունը։ Այսինքն, ըստ Ա. Վարդանյանի՝նա ստանձնել է կամ պետք է ստանձնի այն դերը, ինչ նրան հանդիպման ժամանակ առաջարկել է Սերժ Սարգսյանը։

Բայց Րաֆֆուն որպես հիմնական ընդդմադիր կարգելու համար պետք է նաեւ ապացուցել, որ Հայաստանում ուրիշ ընդդիմադիր ուժ չկա։ Գործարար-քաղաքագիտության դոկտորի համար դա ամենեւին խնդիր չէ։ Ս. Սարգսյանին՝ որպես նախագահ գովերգելուց եւ Ր. Հովհաննիսյանին՝ որպես քաղաքակիրթ ու տիտղոսային ընդդիմություն հաստատելուց հետո Ա. Վարդանյանը անցնում է այն երկու թեզերի հիմնավորմանն ու պաշտպանությանը, որոնք իշխանական քարոզչության կենտրոնական թիրախներն են։ Խոսքը վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսին եւ ԲՀԿ-ին։ Ըստ գործարար քաղաքագետի՝ Հայաստանի քաղաքական դաշտում դրանք այլեւս չկան, գոյություն չունեն, չեն էլ եղել։ Եթե եղել են, ապա ո՛չ ծրագիր են ունեցել, ո՛չ գաղափարախոսություն. «Նույն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Ի՞նչ է նշանակում Բարգավաճ Հայաստան, ո՞րն է նրանց գաղափարախոսական հենքը, սկզբունքները՝ սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտության եւ կրթության զարգացման, ոչինչ չասող բառակապակցություններ՝ մեր խոսքը գործ է եւ այլն: Սա կուսակցություն չէ, սա ոչ մի կապ չունի դասական իմաստով կուսակցություն հասկացության հետ: Ոչ սա է կուսակցություն, ոչ ՀԱԿ-ը»:

Հայ Ազգային Կոնգրեսի չլինելու թեզը հիմնավորելն ու պաշտպանելը արդեն 5 տարվա պատմություն ունի։ Այդ ընթացքում ինչքա՜ն մարդ է դրանով կերակրվել, ընտանիք պահել։ Արդեն մեկուկես տարուց ավելի կան նաեւ ԲՀԿ-ի՝ իշխանությանը հակադրվելու, ընդդմադիր դաշտում գործելու, Կոնգրեսի հետ համագործակցության թեմաները։ Ինչքա՜ն մարդիկ են կերակրվել սրա դեմ խոսելով։ Ա. Վարդանյանը, որքան գիտենք, ընտանիք պահելու, կերակրվելու խնդիր չունի։Ուրեմն՝ինչո՞ւ է մտել այս բեռի տակ։ Գուցե Ս. Սարգսյանը դրա դիմաց խոստացել է վերադարձնել այն, ինչ նրանից խլվել է 2000 թվականի՞ն, գուցե ավելի՞ն է խոստացել՝ «քյարթու» օլիգարխների բիզնեսներից։ Գուցե այդ խոստումներով էլ ձեւավորվել է Ա. Վարդանյանի վարդագույն երազը՝ ինքը, Լֆիկ Սամոյի, Նեմեց Ռուբոյի, Թոխմախի Մհերի փոխարեն՝ Ս. Սարգսյանի հետ նստած՝ մի-մի բաժակ թեյ կամ սուրճ են խմում, կամ մի 100 գրամ օղի՝ խաշի սեղանի շուրջ, եւ խոսում գրականությունից, արվեստից, կինոյից… քաղաքականությունից»։ Այդ երազի համար ինչ ասես արժի անել։

Ա. Վարդանյանին, հաստատ, ավելի շատ են խոստացել, քան կարող ենք պատկերացնել։ Այլ կերպ դժվար է բացատրել, թե ինչպես պիտի ծնվեր Կոնգրեսի մասին նրա հետեւյալ միտքը. «Եւ դեռ ՀԱԿ-ը պետք է հանդես գա մեղայականով, ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը մարտի 1-ի հարցում մեղքի իր շատ մեծ բաժինն ունի»:Հիշեցնենք, որ սա ընդհանրապես վաղուց փակված թեմա է նաեւ իշխանական քարոզչության համար։ Մարտի 1-ի համար պատասխանատվության իշխանական այս վարկածը 2008թ.մի քանի ամսում ջրվեց, իսկ հետո ամբողջությամբ շուռ եկավ իր՝ վարչախմբի դեմ։ Այս ոճիրի համար պատասխանատուն վարչախումբն է՝ իր երկու պարագլուխներով՝ Ռ. Քոչարյանով եւ Ս. Սարգսյանով։ Սա է ինչպես հայաստանյան հասարակության, այնպես էլ միջազգային հանրության պատկերացումը։ Ու քանի որ վաղուց արդեն սա է քաղաքացիություն ստացած պատկերացումը, իշխանական քարոզչամեքենանանգամ ու նրա շոշափուկ «ազատ» ու «անկախ» լրատվամիջոցները վաղուց չեն ասում այն, ինչ հիմա ասում է Ա. Վարդանյանը։ Ի՞նչն է պատճառը։ Բանից անտեղյա՞կ է նա։ Այդչափ տգե՞տ է։ Թե՞ պարզապես ստորագույն պատվերը գերակատարել ձգտող խղճուկ մի խամաճիկ է։

Ա. Վարդանյանին անհանգստացնում է Ր. Հովհաննիսյանի հանդիպումը ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանի հետ. «Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի թվաց նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: Դա Գագիկ Ծառուկյանին հնարավորություն տվեց իր համար սովորական դարձած խորհրդավոր դիրքն ընդունել»։ Այս փաստը նրա համար անհանգստացնող է երկու առումով. նախ՝ դա վկայում է այն մասին, որ ԲՀԿ-ն, հակառակ Ա. Վարդանյանի գնահատականի, իրական քաղաքական ուժ է։ Երկրորդ՝ դա հակասում է Ա. Վարդանյանի մի այլ «քաղաքագիտական» թեզի, որը նրան հանձնարարվել է զարգացնել ի պաշտպանություն Ր. Հովհաննիսյանի տարօրինակ քայլերից մեկի՝ քաղաքականության մեջ քաղաքական ուժերի դերի ու գոյության անհրաժեշտության ժխտման.  «…մեր ժողովուրդը փոքրիկ ժողովուրդ է,այնքան փոքր, որ մենք պետք է լինենք ազգ-ընտանիք, ազգ- մաֆիա… առաջնորդվենք մեր ընտանիքի շահերով միայն ու միայն:Իսկ դա նշանակում է, որ մենք մեր ազգով կուսակցություն ենք, որ կանք: Րաֆֆին էլ նույնն է ասում, ասում է՝ չկա ոչ մի «Ժառանգություն», չկա ոչ մի Րաֆֆի Հովհաննիսյան, ես որպես Րաֆֆի Հովհաննիսյան հանդես չեմ գալիս…»:

Եւ վերջում երեք  հարց Ա. Վարդանյանին։

ա) Հետաքրքիր է իմանալ, թե ինչու Ա. Վարդանյանը օլիգարխներին չարիք համարելով՝ կանգ է առնում հատկապես Գ. Ծառուկյանի վրա, իսկ ուրշների  թվում ինչո՞ւ չի հիշատակում նաեւ, օրինակ՝ Սաշկին, Միկային, Ֆլեշին։

բ) Նա բողոքում է, որ 2000թ. քաղաքական ուժերի «լիդերների» դավաճանության պատճառով ինքը տապալվեց։ Ո՞ւմ մասին է խոսքը։ Դավաճանել կարող են նրանք, ովքեր քեզ հավատարմության երդում են տվել կամ ինչ-որ ժամանակ համատեղ պայքարել քեզ հետ։ Քաղաքագիտության դոկտորին բացատրենք մի պարզ ճշմարտություն. երբ Հայաստանից տեւական ժամանակ բացակայած մեկը հարեւան երկրի մայրաքաղաքից հանկարծ օդապարիկով իջնում է ու «շարժում» սկսում՝ անխնա ֆինանսական ծախսումներով, ապա շատ դժվար է հավատալ այն հեքիաթին, թե նա հենց նոր իմացել է իր հայրենի երկրում ժողովրդի ծանր վիճակի մասին, անմիջապես ինքնաթիռ է նստել ու եկել է նրան փրկելու։ Պարզ է, որ նման դեպքում նվազագույն քաղաքական գիտելիք ունեցողները պիտի մտածեին, թե ովքեր են նրան ուղարկել եւ ինչ նպատակով։ Այնպես որ՝ Հայաստանում ընդդիմադիր ուժերի լիդերները եթե ձեռնպահ են մնացել նրան օժանդակել, նշանակում է, թե ունեցել են այդ նվազագույն քաղաքական գիտելիքները (իսկ քաղաքագիտության դոկտորը այդքա՞ն էլ չունի)։

գ) Ա. Վարդանյանի ինչպես ազատազրկումը, այնպես էլ ունեզրկումը 2000թ., գուցեեւ, ինչպես ինքն է պնդում, ապօրինի է եղել։ Նրա ասելով՝ այն ժամանակ իրեն Ռ. Քոչարյանը սպառնալիքներով երկրից դուրս է քշել։ Հիմա «գործարար-քաղաքագետը» ինչո՞ւ դատարան չի դիմում իր խախտված իրավունքները վերականգնելու եւ ունեցվածքը ետ ստանալու համար։

Յու. Հովսեփյան

Նախորդ հոդվածը‘Շուշան Պետրոսյանը չի մեկնաբանում, թե ինչու է հետաձգել Գյումրիի համերգը’
Հաջորդ հոդվածը‘Տոմաս Մյուլերը դեմ չէ 1/4 եզրափակիչում խաղալ «Բարսելոնայի» հետ’