‘
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սոցիալական ցանցերի օգտատերերը կոչ են անում Google-ին 2015-ի ապրիլի 24-ին հատուկ doodle տեղադրել: Այդ առթիվ պատրաստված doodle-ով և #ArmenianGenocideDoodle հաշթեգով օգտատերերը ցանկանում են աշխարհին տեղեկացնել համաշխարհային պատմության դառը էջերից մեկի մասին: Նոր doodle-ի հեղինակն է վեբ դիզայներ, ծրագրավորող Վանանդ Մկրտչյանը:
«Քանի որ Գուգլը ներկայիս հասարակության համար ինֆորմացիայի հիմնական աղբյուրն է, պարզապես ցանկացա նման կերպով համաշխարհային հանրությանը տեղեկացնել այդ սև օրվա մասին: Բայց պարզվում է դա այդքան էլ հեշտ չի: Գուգլի կողմից այս դիմումը շատ քաղաքական ձևով է դիտվում, այդ իսկ պատճառով մինչ օրս չի տեղադրվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ սոցցանցերում արդեն սկսել են ողջունել ակցիան: Doodle-ն արդեն հասցրել է հայտնվել նաև boredpanda.com կայքում:
‘