‘Գույք՝ ոչ մի բանի դիմաց. Պուտինը առանց նվեր չի մնա. Մամուլ’

1405

Հայաստանի «ռուսաֆիկացումը» մի այնպիսի թափ է հավաքել, որ արդեն դժվար է կռահել, թե մինչև ուր դա մեզ կհասցնի։ Գործող իշխանությունը բոլորովին վերջերս Գյումրիի մի հսկայական մասը դարձրեց ռուսական 102-րդ ռազմաբազան սպասարկող տարածք, և հիմա արդեն հերթը Երևանինն է։ «ՀԺ»-ն գրում է, որ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանը ռուսական ռազմաբազային հանձնելու հարցը։ Հարցի ձևակերպումից դա ակնհայտ չի երևում։ Այն ձևակերպված է այնպես, որ ռուսական ռազմաբազային են փոխանցվում Երևանի «…Արշակունյաց փողոցի 11 7 ռազմական ավանը՝ (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները և «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ) դրանք ներառելով Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում»։ Իսկ ցանկում նշված տարածքի կոնկրետ տեղաբաշխումը սահմանված է փողոցների անուններով՝ Արշակունյաց փողոց, Արարատյան փողոց, և Շիրակի փողոց։ Հենց այս երեք փողոցներով էլ պարփակվում է Էրեբունի օդանավակայանն իր հարակից տարածքներով` ավելի քան 10 քառակուսի կիլոմետր։

«Օդանավակայանը հիմա էլ օգտագործվում է ռուսական ռազմաօդային ուժերի կողմից։ Սակայն այս որոշմամբ այն կդառնա ռազմակայանի սեփականությունը։ Ակնհայտ է, որ սա մեր կառավարության նվերն է Վլադիմիր Պուտինին, նրա՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցելության առթիվ։ Մինչև դեկտեմբերի 2-ը դեռ երկու շաբաթ էլ կա ու հայտնի չէ, թե քանի քառակուսի կիլոմետր ևս կփոխանցվի Ռուսաստանին»,–հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Գյումրեցիները ևս առանց նվերի չեն մնա. Մամուլ’