‘Գուստավո Ալֆարոն՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչի գլխավոր թեկնածու’

1025

51-ամյա արգենտինացի մասնագետ Գուստաֆո Ալֆարոն կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին «Արմենիա» հեռուստանկերությանը հայտնել է Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ դեկտեմբերին մարզիչը ժամանելու է Հայաստան:

Միաժամանակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում նաեւ այլ մասնագետների հետ:

Armsport.am-ին հայտնի է դարձել, որ ՀՖՖ-ն այս օրերին կապի մեջ է նաեւ իսպանացի մասնագետ Գրեգորիո Մանսանոյի հետ, ով նախկինում աշխատել է Լա լիգայի մի շարք թիմերում, այդ թվում «Մալյորկայում»:

Ինչ վերաբերում է Ալֆարոյին, ապա ներկայումս նա գլխավորում է արգենտինական «Արսենալը»: Արգենտինայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրից հետո «Արսենալը» 29 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Ալֆարոն, որպես ֆուտբոլիստ, երկար տարիներ հանդես է եկել արգենտինական «Ատլետիկո դե Ռաֆայելայում», ապա նույն ակումբում անցել է մարզչական աշխատանքի (1992-95թթ.): Հետագայում Ալֆարոն աշխատել է արգենտինական մի շարք թիմերում, իսկ 2010 թվականից գլխավորում է «Արսենալը», որի հետ 2012 թվականին դարձել է Արգենտինայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր: Նույն թվականին «Արսենալը» հաղթել է նաեւ Արգենտինայի առաջնության Կլաուսուրայում (Արգենտինայում առաջնությունը բաղկացած է 2 մասից՝ Ապերտուրայից եւ Կլաուսուրայից):

Նախորդ հոդվածը‘Վովա Գասպարյան. Մեր հակառակորդներն են հանցագործները եւ քաղաքական ընդդիմությունը’
Հաջորդ հոդվածը‘Մանկական «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա երրորդը’