‘Գուրգեն Եղիազարյանը հիշեց Մեծ Բրիտանիայի դեսպանի առջև «կրծքաբաց» ՕԵԿ-ական կնոջը ‘

840

«Նախկին ընտրություններին էլ խայտառակ բաներ էին կատարվում, խոսքը 2007 թվականի ԱԺ և 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին է: Հիշո՞ւմ եք, թե ինչպես մի ՕԵԿ-ական մի տիկին Մեծ Բրիտանիայի դեսպանի առջև բացել էր կուրծքը՝ ասելով. «Շուռ արի, չե՞ս տեսնում՝ կուրծքս բաց է, սիրտս բաց է…»: Երբ վերջինս շուռ էր եկել, սպիտակ խալաթներով  որոշ սրիկաներ շտապ օգնության անվան տակ լցվել էին ընտրատեղամասեր և լցոնումներ արել»,- լրագրողների հետ զրույցում հիշեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա հավաստիացմամբ՝ այդ  ընտրություններում կային թմրամոլներ, սրիկաներ՝ տարբեր գույնի և սեռի, նույնիսկ կալանավայրերից էին մարդկանց  ներգրավում քվեարկություններին:

«Գալիս էին գյուղեր ու պայման դնում կալանավորվածների հարազատների առջև, որ եթե 200 ձայն բերեն, ապա կազատեն իրենց զավականին»,- մանրամասնեց Գուրգեն Եղիազարյանը՝ հավաստիացնելով, թե կարող է ներկայացնել նման ձևով ազատված մարդկանց անունները:

Նրա խոսքով՝ այժմ իրավիճակն այլ է, քանի որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը կանչեց և հրահանգեց, որ թմրամոլներով, այլանդակներով, խուլիգաններով ու հանցագործներով և մարդկանց ընտրատեղամասից առևանգելով ընտրություններ չպետք է անել:

«Այդ պատճառով այս անգամ որոշվեց հետևյալը. փորձը դրեցին Հրազդանում, ուր տուն առ տուն 10 000 դրամ բաժանեցին յուրաքանչյուր ձայնի դիմաց, մնում էր միայն հետևել, թե գումար վերցրած մարդն արդյո՞ք իսկապես ընտրում է իրենց թեկնածուին, տեսան՝ անցան, նույնն էլ կիրառեցին թե՛ Գյումրիում, թե՛ Ավանում»,-ասաց ՀԱԿ անդամը՝ շեշտելով, որ տրված ընտրակաշառքը «իշխանություններն իրենց տնից չեն բերել, դրանք ժողովրդի փողերն են՝ ցածր աշխատավարձի, գրպանահատության և կուտակված հարկերի հաշվին»:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումները կմեկնարկեն դեկտեմբերի 5-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Սուքիաս Ավետիսյան. Ստյոպա Սաֆարյանը թող բավարարվի 3000 ձայնով ‘