‘Գուցե ընդդիմությունը ամենախելացի փաստարկները չի ներկայացրել ՍԴ, բայց դրանից ընտրությունների կեղծման փաստը չի փոխվում. Մամուլ’

1165

«Հրապարակն» իր խմբագրականում գրում է. «Երեկ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող դատաքննությունը լուսաբանող մեր լրագրողը ընդդիմությունից անսահման հիասթափված էր եկել՝ դիմող կողմը շատ թույլ էր եղել, փաստարկներ գրեթե չէր ներկայացրել, ընդամենը հռետորական ու ոչնչով չհիմնավորված հարցադրումներ էին հնչել, և իշխանական բավական ուժեղ թիմը խաղուպարով ջախջախել էր նրանց և ի ցույց դրել իր գերազանցությունը:

Գուցե իսկապես ընդդիմության ներկայացուցիչներն այս պարագայում լավ չէին պատրաստվել և ամենալավ մասնագետներին ու ամենախելացի փաստարկները չեն ներկայացրել ՍԴ, բայց դրանից ընտրությունների կեղծման փաստը չի փոխվում, և հանրության գիտակցության մեջ էլ ընտրված թեկնածուի կշիռը չի մեծանում:

Ընդհանրապես՝ իշխանական լծակներ տիրապետողների խելքն ու հնարամտությունն այս պարագայում ավելի շատ իր կերակրատաշտը պաշտպանողների ցինիզմի է նման և հանցագործների ճարպկության, այլ ոչ թե ազնիվ ու արդար ընտրություններ անցկացրածի համոզմունքի: Չէ՞ որ մեր փոքրիկ երկրի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած ընտրատեղամասում մի ծանոթ-բարեկամ-ընկեր է ունեցել և ամենալավը գիտի, թե ինչ է կատարվել փետրվարի 19-ին:

Այդ ընտրատեղամասերում աշխատած հանձնաժողովականներն ու վստահված անձինք, անգամ եթե ակտիվորեն մասնակցել են ընտրախախտումներին, այս օրերին ամենուրեք պատմում են, թե ինչ է կատարվել իրենց տեղամասում: Բացի այդ, մարդիկ զրուցում են հարևան-բարեկամների հետ և իրենց սեփական ուսումնասիրություններն են անում, թե հասարակությունն ում է ընտրել:

Եվ երբ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հեռուստաէկրանից խոսում են ազնիվ ու արդար ընտրությունների մասին, մարդկանց մոտ ոչ թե ընտրությունների արդյունքների նկատմամբ հավատն է աճում, այլ նրանց նկատմամբ հարգանքն է նվազում»:

Նախորդ հոդվածը‘Աշոտյանը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպա՞ն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վաշինգթոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 10 մարդ է տուժել (տեսանյութ)’