Չորեքշաբթի երեկոյան Գվատեմալայում դատարանը երկրի նախկին նախագահ Օտտո Պերես Մոլինային դատապարտել է 16 տարվա ազատազրկման, հաղորդել է Prensa Libre թերթը։
Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել հանցավոր համաձայնության և մաքսային վճարներից խուսափելու համար։ Նույնպիսի պատժի է արժանացել նաև Մոլինայի իշխանության օրոք փոխնախագահի պաշտոնն զբաղեցրած Ռոքսանա Բալդետտին։ Նրանցից յուրաքանչյուրը 1,1 մլն դոլարի կարգի տուգանք կվճարի պետությանը։
2015 թ․ գլխավոր դատախազությունը և Գվատեմալայում ապօրինությունների դեմ պայքարի՝ ՄԱԿ-ից ֆինանսավորվող հանձնաժողովը կոռուպցիոն լայնածավալ սխեմա էին հայտնաբերել մաքսային մարմինների գործունեության մեջ, որի պատճառով մեծ սկանդալ էր ծագել, և փոխնախագահ Բալդետտին ստիպված էր եղել հրաժարական տալ, իսկ օգոստոսի վերջին ձերբակալվել էր։
Պերես Մոլինային, որը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2012 թվականից մինչև 2015-ի սեպտեմբեր, հանցավոր համաձայնության, մաքսանենգության և կաշառակերության մեղադրանք էր ներկայացվել, սեպտեմբերին խորհրդարանը նրան զրկել էր անձեռնմխելիությունից, ապա ընդունել էր նրա հրաժարականը։ Ավելի ուշ նախկին նախագահը դատարանի որոշմամբ կալանավորվել էր։
Փոխանցում է tass.ru-ն։