‘Գվարդիոլա․«Հույս ունեմ՝ աշխատանքս առանց մյուս մարզիչների հետ կռիվների կընթանա»’

1439

«Մանչեսթեր Սիթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Պրեմիեր լիգայում աշխատանքից ունեցած սպասելիքներից և հույս է հայտնել, որ մյուս թիմերի մարզիչների հետ տարձայնություններ չեն առաջանա։

-Անգլիական ֆուտբոլի մասին ձևավորված կարծիք չունեմ։ Ես չէի ցանկանում նախապես կարծիք ձևավորել։ Քիչ բան գիտեմ անգլիական ֆուտբոլի մասին, պետք է շատ սովորեմ։ Ինչպես «Բավարիայի» դեպքում, այժմ ևս ընդհանուր պատկերացումներ ունեմ, թե ինչպես ենք խաղալու, պետք է փորձել։

Գործընկերներս պատմել են, որ այստեղ շատ բարդ է աշխատել։ Գերմանիայում ինձ զգուշացրել են, որ իմ ոճն անգլիական ֆուտբոլի հետ համադրելն անչափ բարդ է լինելու, բայց ես հաջողության եմ հասել բոլոր թիմերիս հետ․ այդպես կլինի նաև «Մանչեսթեր Սիթիում»։

Սպասո՞ւմ եմ թոփ-մարզիչների հետ մրցակցության։ Հույս ունեմ՝ աշխատանքս առանց կռիվների կընթանա (ժպտում է-խմբ․)։ Ֆուտբոլային տեսանկյունից, անխոս, բոլորը բոլորին ճանաչում են, գիտեն՝ ինչպիսի խաղաոճ են նախընտրում։ Եկեք պարզապես սպասենք մրցաշրջանի մեկնարկին, տեսնենք՝ ինչպես կմեկնարկեն մյուս թիմերը, և ինչպես կխաղանք մենք։ Ես կոնկրետ գաղափարներ ունեմ, բայց շատ բան կախված է լինելու ֆուտբոլիստներից։  

Ինչպե՞ս եմ շփվելու լրագրողների հետ։ Այս առումով գրեթե բոլոր մարզիչներն իրար նման են․ հաղթանակներից հետո մենք լավ տրամադրություն ունենք և հաճույքով պատասխանում ենք հարցերին, իսկ պարտություններից հետո ցանկանում ենք հնարավորինս արագ հեռանալ ասուլիսից։ Ես Բարսելոնայի և Մադրիդի խենթ լրագրողների հետ շփվելու մեծ փորձ ունեմ։ Անգլիացի լրագրողների հետ դեռ չեմ շփվել, բայց կարծում եմ՝ խնդիրներ չեն լինի,-ասել է Գվարդիոլան։ 

Նախորդ հոդվածը‘Վացկե․ «Շնորհակալ եմ Տուխելին, որ ըմբռնումով մոտեցավ Մխիթարյանի տեղափոխությանը» ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆերգյուսոն․ Գիգզը կարող է լինել գլխավոր մարզիչ’