Գվարդիոլա․ Պիկեի ապագան լուսավոր կլինի, նա խելացի տղա է

232

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի որոշումը կարիերան ավարտելու մասին։ Նրանք միասին աշխատել են կատալոնական ակումբում։

«Զարմանալի նորություն է։ Նա անհավանական կարիերա է ունեցել «Բարսելոնայում»։ Պիկեին մաղթում եմ լավագույնը։ Ես ճանաչում եմ նրա ծնողներին՝ անհավանական մարդիկ են։ Պիկեի ապագան լուսավոր կլինի, նա խելացի տղա է։  Նա ասում էր, որ ցանկանում է լինել ոչ թե ֆուտբոլիստ, այլ «Բարսելոնայի» խաղացող։

Մեծ պատիվ էր լինել նրա մարզիչը։ Մենք անհավանական չորս տարի ենք անցկացրել միասին «Բարսելոնայում»։ Նրա երազանքը կատարվեց։ Նա 15 տարի անցկացրեց իր սիրելի ակումբում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։

35-ամյա Պիկեն «Բարսելոնայի» սան է, 2004-ին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», 2006-ին մեկ տարով վարձակալությամբ միացել է «Ռեալ Սարագոսային», 2008-ից դարձյալ խաղում է կատալոնական ակումբում՝ դառնալով Իսպանիայի 8-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ Իսպանիայի հավաքականում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

Նախորդ հոդվածըԱնչելոտի․ «Ռոմայի» եւ Մոուրինյոյի միությունը կատարյալ է
Հաջորդ հոդվածըՉավի․ Ես անկեղծ եւ ազնիվ եմ եղել Պիկեի հետ