‘
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլանանդրադարձել է անգլիացի դարպասապահ Ջո Հարթին, որը վերջին շրջանում կորցրել է տեղը մեկնարկային կազմում, բայց ռումինական «Ստյաուայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի պատասխան խաղին մասնակցեց առաջին րոպեներից:
«Ես գիտեմ, որ Ջոն ակումբի լեգենդն է: Ակումբի՝ այսքան բարձր դիրքում մնալու պատճառներից մեկը հենց Հարթն է: Նա «Մանչեսթեր Սիթիին» օգնել է քայլ առաջ կատարել, եւ ես գոհ եմ, թե ինչպես երկրպագուներն աջակցեցին նրան խաղից հետո:
Ինձ այստեղ են հրավիրել որոշումներ ընդունելու համար: Այո, ես նույնպես սխալվում եմ մարզչական կարիերայիս ընթացքում: Երբեմն որոշումը հաջող է ստացվում, երբեմն՝ անհաջող: Չեմ կարող ժխտել, թե ինչպես եմ տեսնում խաղը, եւ անկեղծ եմ եղել Հարթի ու ակումբի ղեկավարության հետ: Դա հենց այն է, ինչը ես միշտ եմ փորձում անել:
Հասկանում եմ երկրպագուներին ու նրանց դժգոհությունը: Հարթը երկար տարիներ է անցկացրել «Մանչեսթեր Սիթիում» եւ, միաշանակ, ակումբի համար արել է ավելին, քան ես»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» կայքը:
‘