‘Գվարդիոլա. «Մեծն մարզիչների հետ մրցակցությունը (իսկ Ժոզեն անկասկած այդպիսին է), օգնում է քեզ ավելի բարձր մակարդակի հասնել»’

1888

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլան հայտարարել է, թե լի է Պրեմիեր լիգայում իրեն դրսևորելու ցանկությամբ։ 45-ամյա իսպանացու խոսքերով ինքը շատ հեշտ կարող էր երկարաձգել իր պայմանագրերը նախորդ ակումբներում՝ «Բարսելոնայում» և «Բավարիայում, բայց նրա անձնական հավակնությունները ստիպեցին նրան ավելի հեռուն գնալ։ Հիմա Գվարդիոլան հայտնվել է Անգլիայում, և ծարավի է ապացուցելու իրեն, որ կարող է դրսևորվել տեղական ֆուտբոլում։

«Դրա համար եմ ես այստեղ, որպեսզի դրսևորվեմ, որպեսզի ապացուցեմ, որ դա իմ ուժերից վեր չէ։ Ես «Բարսելոնայում» ամեն ինչ ունեի. բոլոր ժամանակների լավագույն խաղացողն ու թիմը՝ բաղկացած հիմնականում ակադեմիայի սաներից։ Հետո աշխատեցի «Բավարիայում»՝ մեծ փորձ ունեցող ակումբում։
Սա նոր փորձություն է։ Ինձ համար ավելի հարմար էր մնալ նախկին ակումբում։

Ես երբեք Boxing Day հանդիպումների փորձ չեմ ունեցել, երբեք չեմ եղել այնպիսի մարզադաշտերում, որոնց դաշտերը վատն են, և քամին է սուրում այնտեղ։ Այդ դեպքում ինչու՞ չգալ այստեղ, որտեղ քամոտ է և ցուրտ, ու հանդես գալ սեփական խաղաոճով։ Իմ անհատական հավակնությունները պահանջում են, որ ես ինձ դրսևորեմ այստեղ։

Ի վերջո մեր ուզածը շատ պարզ է։ Եթե գնդակը մրցակցի մոտ է՝ պետք է շտապ վերադարձնել։ Երբ գնդակը քեզ մոտ է՝ պետք է հնարավորինս շատ արարես։ Դա է Մանչեսթերում իմ կյանքի ժամանակաշրջանի նպատակը։

Այստեղ հեշտ չէ հաղթել։ Դրա մասին ասել են նաև Անգլիայում մեծ փորձ ունեցող մարզիչները։ Հնարավոր է՝ հենց դա է իմ փորձությունը. դարձնել մեր խաղն ավելի կայուն։ Մենք ուզում ենք որքան հնարավոր է ավելի շատ մրցանակներ շահել, և լավ է, երբ այդպիսի ճնշման ես ենթարկվում։ Հնարավոր է՝ մենք չկարողանանք ամեն օր հաղթել, բայց կձգտենք դրան»։

Գվարդիոլան նաև կոչ արեց չկենտրոնանալ Ժոզե Մոուրինյոյի հետ դիմակայության վրա, ով հիմա գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ժամանակին նրանք դիմակայել են մեկը մյուսին՝ մարզելով «Բարսելոնան» և «Ռեալը»։ Հիմա նրանց մրցակցությունը կվերականգնվի Պրեմիեր լիգայի և Մանչեսթերի մակարդակում։
Գվարդիոլան նաև խոստովանեց, որ Մոուրինյոյի շնորհիվ ինքն ավելի բարձրակարգ մարզիչ է դարձել։ «Կարծում եմ՝ Ժոզեն բավականին պարզ արտահայտվեց իր մամուլի ասուլիսին։ Հարցը ոչ ես եմ, ոչ էլ նա։ Մենք բազմիցս ենք դիմակայել իրար, և ես՝ որպես մարզիչ, կարող եմ միայն ասել, որ մեծն մարզիչների հետ մրցակցությունը (իսկ Ժոզեն անկասկած այդպիսին է), օգնում է քեզ ավելի բարձր մակարդակի հասնել։

Աշխարհի բոլոր մարզիչներն ուզում են հաղթել, և Անգլիայի մարզիչները բացառություն չեն,»- Գվարդիոլային է մեջբերում Sky Sports-ը։

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիայի հավաքականը պարտվել է ֆրանսիացիների դեմ նախորդ 10 խաղերում, չի հաղթել 41 տարի’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը ևս կմասնակցի 24 հավաքական’