‘Գվարդիոլա. Չեմ ների նրանց, ովքեր սիրտն ու հոգին չեն նվիրի Բարսային ‘

1005

Գվարդիոլայի՝ առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնին նշանակվելուց չորս տարի անց ի հայտ են գալիս այն մոտեցումները, որը մարզիչը ցուցաբերել է իր ֆուտբոլիստների հանդեպ, և որի շնորհիվ նա կարողացավ պատմություն կերտել:

Իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագը անգլիական «The Telegraph»-ին պատմել է  «Բարսելոնա»-ի նախկին լեգենդար մարզչին նվիրված  իր՝ «Պեպ. Հաղթելու ուրիշ ձև» գրքում տեղ գտած մի քանի հետաքրքիր մանրամասներ:

«Եղիր ինքդ քո պես, եղիր՝ ինչպիսին որ կաս»,- ըստ Բալագի՝ այսպիսի խոսքեր էր ասում Պեպը իր գլխավորած Բարսայի առաջին հանդիպումից առաջ: 2008-ին թողնելով Բարսա Բ-ն և էլիտար ակումբում աշխատելու ոչ մի փորձ չունենալով՝ Գվարդիոլան հանդիպեց իր առջև կանգնած այնպիսի խաղացողների խմբի, ովքեր Ֆրանկ Ռայկարդի գլխավորությամբ անցկացրել էին շատ ծանր մրցաշրջան, և ոչ միայն՝ զուտ ֆուտբոլային առումով: Եվ ահա թե որոնք էին Պեպի առաջին խոսքերը՝ ուղղված իր սաներին:

«Բարև ձեզ, պարոնայք: Կարող եք պատկերացնել, թե ինչքան եմ ոգևորված, որ այժմ այստեղ եմ գտնվում: Սա մեծ պատիվ է ինձ համար: Ամեն ինչից ավելի ես սիրում եմ  այս ակումբը և  երբեք չեմ ընդունի մի որոշում, որը կվնասի թիմին: Այն ամենը, ինչ պատրաստվում եմ անել, հիմնված է լինելու այն սիրո վրա, որը ես զգում եմ Բարսայի հանդեպ: Մաղթում եմ և համարում, որ կարիքն ունենք հարգանքի և կարգապահության»:

«Ակումբն անցավ մի ժամանաշրջանի միջով, որտեղ ամեն ինչ այն պրոֆեսիոնալ մակարդակի վրա չէր, ինչպես պետք է լիներ: Այժմ ժամանակն է աշխատել և տրվել ամբողջովին: Ես եղել եմ ակումբի մի մասնիկը երկար տարիների ընթացքում, այդ պատճառով գիտակցում եմ անցյալում կատարված սխալները: Պատրաստ եմ մինչև մահ ձեզ պաշտպանել, բայց նաև լինելու եմ շատ պահանջկոտ բոլորիդ և առաջին հերթին՝ իմ հանդեպ»:

«Չեմ պատրաստվում ձեզ նախատել սխալ փոխանցում կատարելու կամ «երկրորդ հարկում» զիջելու համար, որի արդյունքում մենք միշտ գոլ ենք ընդունում, միայն այն դեպքում, եթե իմանամ, որ նվիրվում եք 100 %-ով: Ես կարող եմ ներել յուրաքանչյուր սխալ, բայց չեմ ների նրանց, ովքեր սիրտն ու հոգին չեն նվիրի Բարսային»:

«Ես այստեղ չեմ նրա համար, որպեսզի ձեզնից պահանջեմ արդյունք, մեզ անհրաժեշտ է միայն աշխատանք: Չեմ պատրաստվում ընդունել նրանց, ովքեր կշահարկեն համապասխան տրամադրվածության խնդիրը: Այսպիսին է Բարսան, պարոնայք: Պետք է անմնացորդ տրվենք նրան: Առանձին խաղացողր ոչինչ չարժե, եթե իր կողքին չունի իր խաղընկերներին: Խոսքը վերաբերում է բոլորին, ովքեր այս պահին գտնվում են այստեղ»:

«Ձեզանից շատերը դեռևս ինձ չեն ճանաչում, այդ պատճառով հաջորդ մի քանի օրերը կնվիրենք նրան, որպեսզի կազմենք ամբողջական ընտանիք: Եվ եթե որևէ մեկը որևէ խնդիր ունենա, ես միշտ հասանելի կլինեմ, և խոսքը միայն մարզական խնդիրներին չի վերաբերում, այլև անձնական և ընտանեկան: Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք միմյանց և զգանք, որ հոգեպես ընկճված անձնավորություն չունենք, ովքեր ճնշում են զգում իրենց վրա: Մենք առանձնացված խմբակներ չենք կազմելու, և բոլորս պետք է լինենք միասին, քանի որ այդ խմբակներն են, որ վերջնական արդյունքում սպանում են թիմային ոգին»:

«Այստեղ գտնվող բոլոր խաղացողներն էլ ամենաբարձրակարգ մարզիկներն են, և եթե չստացվի որևէ մրցանակ նվաճել, ապա մեղավորը հենց ինքներս կլինենք: Վատ պահերին, որոնք կլինեն, պետք է շարունակել լինել միասնական և ներքին խնդիրները դուրս չհանել զանգվածային լրատվամիջոցների համար: Չեմ ցանկանում, որ որևէ մեկն իր անձնական պատերազմը մղի այստեղ: Պետք է հավատ ունենաք իմ հանդեպ, ես նախկինում եղել եմ ֆուտբոլիստ և շատ լավ ծանոթ եմ և պատկերացնում եմ այն խնդիրները, որոնց միջով դուք ստիպված եք լինում անցնել»:

«Թիմի ուրույն ոճը հստակեցվել է ակումբի պատմության ընթացքում, և մենք պետք է հավատարիմ մնանք նրան: Երբ գնդակը մեզ մոտ է, չի կարելի այն կորցնել, իսկ  կորցնելու դեպքում պետք է միասնաբար ջանալ և հետ վերցնել այն: Սա է ամենը, ըստ էության»:

Այս ամենը «The Telegraph»-ն առանձնացրել է այն գրքից, որը լույս է տեսել նոյեմբերի 15-ին և շուտով կթարգմանվի բազմաթիվ լեզուներով: Գրքում տեղ են գտել նաև տակտիկական նուրբ լուծումներ և Պեպի՝ ընդմիջումներին արտահայտած բազմաթիվ փիլիսոփայական մտքեր:

Աղբյուրը՝ կատալոնական «ՍՊՈՐՏ» օրաթերթ

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Պահանջ կա՝ միասնական թեկնածուով երկիրը դուրս բերել ծանր վիճակից ‘
Հաջորդ հոդվածը‘«Գրողուցավ»-ից. Արփի Ոսկանյան.«Անմոռանալի Սովետ»’