‘
Քաղաքը կառուցվում է տեքստից: Տեքստը սկզբում օդում կախված շաղախ է, հետո կամաց-կամաց գոյանում, փողոց, նրբանցք, հրապարակ է դառնում: Տարբեր, երբեմն՝ միանման, հազվադեպ հանդիպող ՄԻԱԿ նորակառույցով: Հետո իր իսկ ստեղծած տեքստ-քաղաք է մտնում բանաստեղծը, մազերի մեջ լիքը թռչուն-բառեր: Բայց գալիս է մի պահ, երբ կատարյալ լռության մեջ քաղաքը արագորեն ու միանգամից հեռանում է: Ու մնում է բանաստեղծը մենակ՝ Երևացող կյանքին դեմ հանդիման կանգնած…
ԿՌԱՎԱԾ ԿՌԱՀՈՒՄ
Նոր Նորք, 6-րդ զանգված, ջնջված հորիզոն,
Պղտոր համայնապատկեր, դարձյալ այստեղ եմ:
…մեզ ոչ թե պատմել են, կարծես, այլ զրպարտել…
Դիտարժան են միայն թռչունները,
ասենք, քաղաքայինները՝ ագռավն ու աղավնին,
ճնճղուկներն էլ, եթե նկատում եք նրանց,
չէ՞որ թռչունները ենթակա չեն
ճակատագրին, իրենց էլ ճակատագիրը
ենթակա չէ, ուստի՝ դուրս են գրքից
զրպարտության… բայց նրանք էլ ահա
կռավում-ղունղունում, ճռվողում են
վատթարը՝ պոեզիայի ավարտը,
մարդկային հոգին՝ առօրյա-
պատմական-ձուլածո սաղավարտը,
ճեղքելու փոխարեն… Բայց ես
դարձյալ այստեղ եմ…«Ինքնին աշխարհ»
չկա, ու ես մեկ առ մեկ տեսնում եմ
տեսածներս, որոնք ավելին են,
քան եղածը. տես՝
ագռավների կռավածը,
չկռահածը աղավնիների,
և ճնճղուկներն՝ իրենք…
«Անտարես» հրատարակչության կողմից «Հայ ժամանակակից պոեզիա» շարքով լույս ընծայված Ավագ Եփրեմյանի «Վարք. սևագրություն» ժողովածուն հարցրեք գրախանութներում:
‘