‘Գրիպից 58-ամյա տղամարդ է մահացել’

799

Հ առողջապահության նախարարության անցկացրած մշտադիտարկումը ցույց է տվել, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 2,1 անգամ (2013թ. փետրվարի 18-24-ը` 5033, 2013թ. փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688)՝ պայմանավորված ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ, այնպես էլ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ:

Նշված հիվանդություններով շտապ օգնության կանչերի թիվը նույնպես աճել է, սակայն վերջին երկու օրվա ընթացքում այդ կանչերի թվի ավելացում չի դիտվել: Ինչպես հոսպիտալացված, այնպես էլ ամբուլատոր հիվանդների շրջանում կազմակերպված և իրականացված վիրուսաբանական հետազոտությունների արդյունքում գերակշռում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 28-ին հոսպիտալացված հիվանդը (58-ամյա տղամարդ), որը բժշկական օգնության էր դիմել արդեն իսկ ծայրահեղ ծանր վիճակում և սուր շնչառական անբավարարությամբ, մարտի 6-ին մահացել է: Ցավոք, հիվանդը ոչ միայն բավական ուշ էր դիմել բժշկական օգնության, այլև հրաժարվել էր հիվանդանոցային բուժումից։ Չափազանց ծանր վիճակում հայտնվելուց հետո միայն շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց։

Հավելենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով այսօր եվրոպական տարածաշրջանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ԱՀԿ անդամ 53 երկրի կողմից ներկայացված մշտադիտարկման արդյունքները: Աճ է արձանագրվել նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատված գրիպի և դրանից առաջացած բարդությունների: Ներկայումս եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրներում շրջանառում են ինչպես գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, գրիպի Բ տեսակը, այնպես էլ շնչառական վարակների այլ հարուցիչներ:

Նախորդ հոդվածը‘Մանկապիղծ հոգևորականների զոհերը Հռոմի Պապի թեկնածուների սև ցուցակ են ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘«Բարեւ զորավար 2». Րաֆֆի Հովհաննիսյանը գյումրեցի ոստիկաններից պահանջեց ձերբակալել իրեն (տեսանյութ)’