‘Գրիպի համաճարակը նվազման միտում ունի, բայց արձակուրդները երկարաձգում են’

1056

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները եւ հիմք ընդունելով առողջապահության նախարարի առաջարկը, հրաման է արձակել հանրակրթական հիմնական և նախնական ու միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգել եւս մեկ շաբաթով՝ մինչև մարտի 31-ը: Գարնանային արձակուրդները մեկնարկել են մարտի 18-ին: 

Հիշեցնենք, iLur.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր համաճարակաբան Լիանա Թորոսյանն ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ դպրոցներում  «գրիպի համաճարակի մասին խոսք անգամ լինել չի կարող»:

«Նախադպրոցական և դպրոցական հաստատությունների ուսումնական գործընթացը կարող է հետաձգվել, եթե ընդհանուր բացակայությունները գերազանցեն 20%-ը: Այնինչ, հանրապետության դպրոցների ընդամենը 30 տոկոսում վարակի տարածման ցուցանիշը 5 % է», — մարտի 14-ին ասել էր Լիանա Թորոսյանը:

Այսօր կրկին հետաքրքրվեցինք տիկին Թորոսյանից՝ ինչպե՞ս է ստացվեց, որ մեկ շաբաթում վարակի տարածման արդյունքները ստիպեցին արձակուրդները երկարաձգելու որոշում կայացնել:

Ըստ գլխավոր համաճարակաբանի, գարնանային արձակուրդի ընթացքում անցկացված մոնիթորինգը ցույց է տվել, որ վարակների դեպքերն իջնում են: «Չնայած դեռ ընդհանուր առմամբ մնում է բարձր մակարդակի վրա՝ 10 տոկոս, բայց կա նվազման միտում հատկապես մանկահասակ երեխաների շրջանում: Առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի նվազում, եւ քանի որ վարակի հարուցիչները շրջանառվում են բնության մեջ, դրա համար էլ մենք խորհուրդ տվեցինք երկարաձգել արձակուրդը, որպեսզի նորից երեխաները ինչ-որ վարակի վտանգի տակ չհայտնվեն», — ասաց Լիանա Թորոսյանը:

Հիվանդանոցներում սուր շնչառական վարակների դեպքերով մանկահասակ երեխաների մեծ հոսքը տիկին Թորոսյանը բացատրեց, մասնավորապես, նրանով, որ ծնողները ամենաթեթեւ դեպքերում իսկ դիմում են հիվանդանոց, «ինչը ողջունելի է»:    

Գլխավոր համաճարակաբանը տեղեկացրեց նաեւ, որ վերջին շրջանում H1N1 վիրուսից («խոզի գրիպ») 3 մահացության դեպք է գրանցվել, երեքն էլ մեծահասակներ են՝ 43, 58 եւ 29 տարեկան քաղաքացիներ:Ինչ վերաբերում է օրերս Տավուշում մահացած 7-ամյա երեխային, ապա, ըստ Լիանա Թորոսյանի, նրա մոտ H1N1 վիրուսի առկայությունը դեռ չի հաստատվել:    

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին’
Հաջորդ հոդվածը‘Կրակոց Ազգային Ժողովի մոտ. Դանակով զինված անձը փորձել է ներխուժել խորհրդարան ‘