‘Գրոհայինները Սիրիայի վերաբերյալ Մեդվեդևի խոսքերն ընկալել են որպես «Ռուսաստանի նոր դիրքորոշում»’

820

Սիրիայի ազատ բանակը, որը միավորում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ զինված դիմակայություն ցույց տվող ուժերին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ արևմտյան մի շարք ԶԼՄ-ներին տրված հարցազրույցներում Սիրիային վերաբերող որոշ արտահայտություններ մեկնաբանել է որպես «Ռուսաստանի նոր դիրքորոշում» սիրիական ճգնաժամի նկատմամբ, ասված է ՍԱԲ-ի միացյալ հրամանատարության հատուկ հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости -ն:

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տրված հարցազրույցում Մեդվեդևը, մասնավորապես, հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «ճակատագրական սխալ» է գործել՝ չընդառաջելով քաղաքական բարեփոխումներ անցկացնելու՝ չափավոր ընդդիմության պահանջին: Նա նաև կարծիք էր հայտնել, որ աստիճանաբար սիրիական վարչակարգի պահպանման հնարավորությունները պակասում են, և նրա ճակատագիրը պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը: Իսկ գերմանական «Հենդելսբլատ» թերթի հետ զրույցում Մեդվեդևն ընդգծել է, որ Ռուսաստանը «պատրաստ է շփումների՝ բոլորի հետ», սակայն հանդես է գալիս հակամարտության ռազմական լուծման դեմ: «Սիրիական ազատ բանակի միացյալ հրամանատարությունը հույս ունի, որ Ռուսաստանի վարչապետի հայտարարությունները կնպաստեն ՄԱԿ-ի ԱԽ-ում սիրիական ռեժիմի  հեռացման հարցի աշխուժացմանը և բռնությունների դադարեցմանը»,- ասված է ՍԱԲ-ի հայտարարության մեջ:

Սիրիացի ապստամբները նաև համոզմունք են հայտնել, թե ռուսաստանյան ղեկավարության «նոր դիրքորոշումը» Սիրիայի ժողովրդին հնարավորություն կտա ցանկացած ճանապարհով հեռացնել Ասադին: «Ժամանակն աշխատում է մեր դեմ՝ սիրիական ժողովրդի տառապանքներին, ծայրահեղականությանը և անիշխանությանը վերջ տալու մեր ձգտման հարցում, -ինչին ձգտում է Ասադը: Նա, ով խաղադրույք է արել Ասադի հաղթանակի վրա, լիակատար պարտություն է կրել: Ասադը խնդրի հիմնական մասն է, ոչ թե դրա լուծումը», -ասված է փաստաթղթում:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել. Նախնական տվյալներով 20 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Միջադեպերը որևէ ազդեցություն չեն ունենա ընտրությունների վրա’