‘Գրողների միության նախագահի թեկնածուները հայտնի են. Լիսկայի մտերիմը կպայքարի Էդվարդ Միլիտոնյանի և Դավիթ Սարգսյանի դեմ’

1865

Այսօր, ժամը 16:00-ին, լրացավ Գրողների միության (ԳՄ) նախագահի պաշտոնում առաջադրումների վերջնաժամկետը: Գրանցվել են ԳՄ նախագահի 3 թեկնածուներ՝ բանաստեղծ, ՀԳՄ նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը և արձակագիր, լրագրող, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը: Այս մասին iLur.am-ին հայտնեց ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:

Ըստ էության՝ առաջադրումներ կարող են լինել նաև համագումարի օրը, որը կայանալու է հոկտեմբերի 20-ին, բայց այդ դեպքում նախագահի թեկնածուի ծրագիրը չի հրապարակվի ԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթում», ու բացի այդ՝ համագումարի օրն առաջադրվածների օգտին չեն կարող քվեարկել սփյուռքահայ գրողները, քանի որ նրանք քվեարկելու են հեռակա և նախօրոք: Այսպիսով՝ կարելի է փաստել, որ պայքարը ԳՄ նախագահի թափուր պաշտոնի համար կընթանա հենց այս երեք թեկնածուների միջև:

Առաջադրվածներից՝ Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունը արտահերթ համագումարի նախապատրաստական աշխատանքները ղեկավարող հանձնաժողով է ներկայացվել մի խումբ գրողների կողմից: Իսկ Հովիկ Հովեյանը և Դավիթ Սարգսյանը ինքնառաջադրվել են:

Էդվարդ Միլիտոնյանn այժմ կատարում է ԳՄ նախագահի պարտականությունները, քանի որ նախկին նախագահի օրոք եղել է ԳՄ քարտուղարը: Նա նաև զբաղեցնում է Գրահրատարակչական գործի գործակալության պետի պաշտոնը: Մեր փոքրիկ հարցումը ԳՄ մի քանի անդամների շրջանում փաստեց, որ հենց Միլիտոնյանն է համարվում նախագահի ամենահավանական  և ամենաընդունելի թեկնածուն:

Ինչը չի կարելի ասել Հովիկ Հովեյանի մասին: Վերջինս հայտնի է մի շարք սկանդալային պատմություններով: Մասնավորապես, Հովիկ Հովեյանը ՀՀ պատմության ընթացքում այն քիչ բարձրաստիճան պաշտոնյաներից է, որոնք ստիպված են եղել հրաժարական տալ իրենց վարքի պատճառով: Հիշեցնենք, որ 2006 թ. բախում էր եղել Հովիկ Հովեյանի ու նրա թավջութակահար որդու եւ մի էլեկտրիկի միջեւ: Բարեբախտաբար, միջադեպը մահացու ելք չէր ունեցել: Սակայն Հովիկ Հովեյանը ստիպված եղավ հրաժեշտ տալ մշակույթի նախարարի պաշտոնին: Ներկայացնում ենք 2006 թ. կայքերից մեկի հրապարակած նորությունը Հովիկ Հովեյանի հրաժարականի մասին:

«ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Հովիկ Հովեյանը հունվարի 5-ին հրաժարական է տվել: Դրա նախորդ օրը նախարարը որդու՝ Վաչեի, և նրա ընկերների հետ մասնակցել է էլեկտրացանցում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ժամանակ ատրճանակի խզակոթով հարվածել է երկու հոգու գլխին»: Հովեյանը նաև Սյունիքի նախկին տխրահռչակ մարզպետ Սուրիկ «լիսկա» Խաչատրյանի մտերիմներից է: Հենց նրան էր iLur.am-ի տեսախցիկը ֆիքսել Խաչատրյանի հետ «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում, մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունից մի քանի օր հետո: Այս պահին դեռևս հայտնի չէ՝ Հովեյանը արդյոք կփորձի՞ օգտագործել իր իշխանական կապերը ԳՄ նախագահի պաշտոնին տիրանալու համար: Սակայն մեր աղբյուրները ԳՄ-ում դա բոլորովին չեն բացառում:

Երրորդ թեկնածուի՝ Դավիթ Սարգսյանի մասին շատ բան հայտնի չէ: Նա 13 տարի՝ մինչև 2011թ. հունիսի 17-ը, եղել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենը: Հայտնի է նաև, որ Սարգսյանը եղել է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահը և ՀՅԴ անդամ է:

Քիչ առաջ Դավիթ Սարգսյանը նաև հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքում.  «Հարգելի բարեկամներս, րոպեներ առաջ ինձ հայտնեցին, որ հոկտեմբերի 20-ին կայանալիք Հայաստանի գրողների միության նախագահի ընտրության թեկնածուները պաշտոնապես երեքն են՝ Էդվարդ Միլիտոնյանը, Հովիկ Հովեյանը և Ձեր խոնարհ ծառան: Ակնկալում եմ արդար, թափանցիկ և քաղաքակիրթ ընտրություններ… Ասենք, գրողների ընտանիքին հակառակ տարբերակն անհարիր և անպատվաբեր կլինի: Հուսանք…»

Այս պահի դրությամբ պարզ է, որ հիմնական պայքարն ընթանալու է Էդվարդ Միլիտոնյանի և Հովիկ Հովեյանի միջև: Նշենք նաև, որ չհաշված ԳՄ վերջին համագումարը, որը տեղի էր ունեցել այս տարի՝ արձակուրդային ամենաթեժ պահին, վերջին մի քանի համագումարները բավականին բուռն ընթացք են ունեցել: Եվ ինչպես կքվեարկեն միության 525 անդամները՝ կանխագուշակելը բավականին դժվար է:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում դանակի հարվածներով սպանված Ադրբեջանի քաղաքացու են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Իտալիա — Հայաստան՝ 2-2. Եվ կրկին փորձված «դրսի» տարբերակ’