‘
Ես հույս ունեմ, որ նա կկարդա այս շարքը
և կհրավիրի ինձ քննարկելու այն որևէ սրճարանում,
կպատվի օղի, զեյթուն, կիտրոն,
— Լավ է, – կասի,
հետո կառաջարկի իր տուն տեղափոխվել
քննարկելու համար հանգիստ ու ավելի մանրամասն:
Եվ մինչ ես, կոնյակի բաժակը ձեռքիս,
կճեմեմ ֆուգաների ու տոկատաների հնչյունների ներքո`
ուսումնասիրելով նրա գրադարանը
արածող պախրայի հայացքով,
նա դուրս կցատկի պահարանի հետևից
սատիրի պես մերկ, կհամարձակվի վրաս և
քարշ տալով ինձ գրասեղանի մոտ`
ականջիս մեջ թաց կշշնջա.
— Շարքը, որ տպել ես, թույլ է,
Հիմար ոտանավորների մի բույլ է`
Սենտիմենտալ, ծեծված, կնիկական`
Առումներով թե թեմատիկ, թե ոճական:
Ես ինքնապաշտպանության փորձեր կանեմ`
ապացուցելով, որ ճշմարտությունը սիրում է ծեծվել,
ինչպես և` շատ կանայք, ու ոչ ոք
իրավունք չունի զրկել նրանց դրա իրավունքից,
և որ անիմաստ է բանաստեղծություն գրելը,
եթե սենտիմենտալ հիմարություններ
պիտի դուրս չտաս…
— Բանաստեղծություն գրելուդ իմաստը
Պարզ է` սիրահարությանդ փաստն է,
Բայց ձիդ Պեգաս չէ, ու Պառնասն անհաս է,
Սիրահարվելը քեզ, ջանիկս, շատ վնաս է:
Ես կմկկամ մատաղացու գառան նման,
կմկկամ ու կկերկերամ, թե սիրահարվելը
բանաստեղծություն գրելուց կարևոր է,
անհուն մանթռաժից
աչքերիս անկյուններում գոյացած
արցունքի կաթիլները կգլորվեն այտերս ի վար,
իսկ նա կտարուբերի գլուխը
և մարմին փշաքաղեցնող ձայնով կորոտա.
— Լսի’ր, որդի’ս, պատգամ որպես,
Դու իրավունք չունես գրել այսպես,
Միայն մեծ, հզոր, անձեռակերտ, անեղծ,
Տիեզերակործան ու տիեզերաստեղծ:
Եվ կնայի ինձ, ինչպես Պանտոկրատորը գմբեթատակից`
հղփացած օլիգարխի անթափանց, չնկատող հայացքով,
ձեռքս կտա իր ոսկեծայր «Parker»-ը,
— Գրի’ր, – կհրամայի,
ու կգրեմ նրա մարմնի վրա`
մեսրոպատառ,
լեզվով հեզաճկուն, հազարագանձ… Հայո’ց:
2004
www.groghucav.am
‘