‘Գ.Խաչատրյան. Հայաստանը ԵՏՄ-ից 84 միլիոն դոլար գրանտ է ակնկալում’

1089

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից 84 միլիոն դոլարի դրամաշնորհ կստանա, iLur.am-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: 

Նա նշեց, որ գումարը կհատկացվի օրենսդրական փոփոխությունների, բյուջետային աջակցության և այլ նպատակների համար:

Հարցին՝ ինչպես է ստացվում, որ ԵՏՄ անդամակցող Հայաստանին բյուջետային աջակցության համար գումար է հատկացնում նաև Եվրամիությունը  (օրերս ԵՄ-ը Հայաստանին 140-170 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրել), Խաչատրյանը  պատասխանեց. «Խելոք, ճկուն քաղաքականություն կիրառողները պետք է կարողանան ցանկացած միությունների առավելություններից օգտվել: Հիմա՝ փորձում ենք էդ անել, և հլը որ ստացվում ա», — ասաց նա:

Խաչատրյանը նշեց նաև, որ Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները և ռուբլու արժեզրկումը խնդիրներ կառաջացնի Հայաստանի տնտեսության համար, հատկապես՝ դժվարություններ կունենան դեպի Ռուսաստան ապրանք արտահանողները: Այդ պատճառով էլ նախարարը չի շտապում տնտեսական ակտիվության հետ կապված կանխատեսումներ անել:

Խոշոր գործարարի համբավ ունեցող նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունն «ազնվորեն» փորձում է պայքարել խոշոր բիզնեսում ստվերի դեմ: «Հեշտ չի, դա դժվար պայքար է, աշխարհի ոչ մի երկրում բիզնեսը հեշտությամբ չի համաձայնում հարկային դաշտ գալ: Կապերը, հովանավորչությունը, էդ բոլորը կան, բայց էդ կապերը մեր գործողությունների վրա չի ազդում, մենք էլ բավարար ռեսուրսներ ունենք՝ կարողանալու խաղի կանոններ հաստատելու համար», — ասաց նա:

Ընդ որում՝ Խաչատրյանն, ըստ էության, խուսափեց լրագրողների հարցի պատասխանից՝ ինչո՞ւ  եք խոշոր բիզնեսում ստվերը վերացնելու համար ընկել մանրերի հետևից: Նա միայն խորհուրդ տվեց որպես ֆինանսների նախարարության «լավ» աշխատանքի ապացույց դիտարկել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, որը, ըստ Խաչատրյանի, ամենաբարձրերից է ԱՊՀ երկրներում:

Նախորդ հոդվածը‘ԿԲ նախագահը գնաճի թեման «ցրում է» ձևացնելով, թե հարցը չի ընկալում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արամ Ա. Հայերը պետք է համախմբվեն և համատեղ ջանքերով բարձրացնեն Ցեղասպանության զոհերի ունեցվածքի վերադարձի հարցը’