‘Գ. Ծառուկյան. Տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկերն ավելացնելու փոխարեն արտոնություն են տալիս’

734

«Գնաճի, թանկացումների եւ կյանքի վատացման հետ կապված՝ հարցի լուծումը տնտեսության զարգացումն է, թե չէ մնացածը հեքիաթներ են, որը մենք ամեն օր լսում ենք», — Ֆիզիկական կուլտուրայի պետական ինտիտուտում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ի պատասխան դասախոսներից մեկի հարցի՝ պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ ձախողումները կապել գազի եւ նավթի բացակայության հետ՝ աբսուրդ է, քանի որ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ երկրներ, որոնք նավթի եւ գազի պաշարներ չունեն, բայց ունեն զարգացած տնտեսություն:

«Ամենակարեւորը՝ երկրում պետք է լինի մրցակցային տնտեսություն, պայմաններ, հնարավորություն եւ արդարություն, որ մարդիկ կարողանան լիարժեք աշխատել, ապրել: Տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ թե հարկերն են ավելացնում, այլ թեթեւացնում են, արտոնություններ են տալիս, որ մարդիկ կարողանան աշխատել, որ գործազրկություն չլինի: Հիմնական մոտեցումը սա է: Այլ լուծում չկա», — ասել է Գագիկ Ծառուկյանը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի եւ հեռանկարների մասին՝ ԲՀԿ նախագահը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը չի կարող օգուտ բերել Հայաստանին:

«Ռուսաստանը մեզ համար ամենակարեւոր բարեկամ պետությունն է: Ռուսաստանն ամենակարեւոր տնտեսական գործընկերն է: Ռուսաստանն այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարեւորագույն ռազմավարական գործընկերն է: Ռուսաստանում այսօր ապրում է մեկ միլիոնից ավելի հայ, որոնք աշխատում են, գումար վաստակում, ուղարկում Հայաստան՝ օգնելով ընտանիքին եւ հարազատներին: Այնպես որ, ես չեմ կարծում, որ որեւէ հայ մարդ կցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Ես չեմ կարող պատկերացնել, որ մեկը կարող է լինել այդպիսին», — ասել է Ծառուկյանը: Zham.am-ը փոխանցում է, որ այս նախադասությունից հետո Ծառուկյանի խոսքն ընդհատել են ծափահարություններով: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Մենք պետք է պատրաստ լինենք Հալեպից մեծ արտագաղթին’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Վերջնական գնահատական տալ հնարավոր է միայն Ասոցացման համաձայնագրի հրապարակումից հետո’