‘Գ. Ջհանգիրյան. Այս ժառանգությամբ առաջ շարժվել հնարավոր չէ ‘

1123

Եթե նույնիսկ Մարտի 1-ի հանձնաժողովը ստեղծվի, բայց այդ հանձնաժողովի ներսում նաեւ գործադիր մարմիններին համապատասխան հանձնարարականներ չտրվեն, դրա ստեղծումն անիմաստ կլինի՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Կոնգրեսի խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա խոսքով, եթե իշխանությունները, ի վերջո, համաձայնեն հանձնաժողովի ստեղծմանը, ապա դա ընդամենը գործի սկիզբը կլինի: «Եթե նույնիսկ հանձնաժողովը ստեղծվի, բայց այդ հանձնաժողովի ներսում նաեւ գործադիրին չգնան համապատասխան հանձնարարականներ, որպեսզի օժանդակեն հանձնաժողովի աշխատանքներին, դա կլինի ուղղակի ստեղծել հանձնաժողով՝ ստեղծելու համար: Մենք դատախազական, քննչական լիազորություններով օժտված չենք լինելու, մենք ստիպված ենք լինելու հազարումի հարցումներով, առաջարկություններով դիմել գործադիր մարմիններին: Եթե նրանք բոյկոտեն մեր աշխատանքը, անիմաստ կլինի հանձնաժողովի ստեղծումը»,- նշեց պատգամավորը:

 Գագիկ Ջհանգիրյանն ասաց նաեւ, թե հույս ունի, որ իշխանություններն իրենց մեջ համարձակություն կգտնեն եւ կփորձեն բացահայտել Մարտի 1-ի հանցագործությունները:

«Իմ հույսը երեւի թե դատախազի հույս է: Ես չեմ կարծում, որ կա մի երկիր` լինի բռնապետություն, միապետոթյուն, թե հանրապետություն, որտեղ սպանությունները չպատժվեն: Ինքս էլ՝ որպես դատախազ ոչ բոլոր հանցանքների համար եմ պատիժ տվել; Հարյուրավոր դեպքեր` ոչ մեծ ծանրության, միջին ծանրության հանցանքներ են եղել, երբ, հաշվի առնելով տասնյակ հանգամանքներ`մեղադրյալի անցած ուղին, տուժածի հետ հաշտվելը, վնասները փոխհատուցելը եւ այլն, բազմաթիվ մարդկանց ազատել ենք քրեական պատասխանատվությունից: Բայց ազատել սպանության համար նախատեսված պատժից, ես այդպիսի բան չեմ տեսել: Ես հիմա չեմ ուզում փակել կոմպրոմիսի ճանապարհը: Գուցե ես անուղղելի հավատավոր եմ, բայց հույս ունեմ եւ ուզում եմ հավատալ, որ ի վերջո՝ նաեւ այս իշխանություները պետք է գիտակցեն, որ արյան վրա շարունակել հնարավոր չէ», — ասաց պատգամավորը:  

«Ես հուսով եմ, որ իշխանությունն իր մեջ քաղաքական համարձակություն կգտնի: Այս ժառանգությամբ առաջ շարժվել հնարավոր չէ: Մեկ պրոբլեմ, երկու, երեք… Հայաստանի նման երկիրը չի կարող ոտքերին այսպիսի ծանրաձողեր ոտքերին կապած՝ առաջ շարժվել: Դրա համար ես թույլ տվեցի, որ իշխանությունը, կոալիցիան քննարկումներ կատարեն: Ինձ համար՝ որպես զեկուցողի պարզ դարձավ մի բան. Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով չստեղծելն առավել անբարենպաստ է լինելու իշխանությունների համար, քան ստեղծելը»,- հավելեց ԱԺ պատգամավորը:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘ Պետդեպի ներկայացուցիչ. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով’