‘Գ.Ջհանգիրյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ Ազգային Կոնգրեսի անվիճելի առաջնորդն է» (տեսանյութ)’

1267

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն է Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: 

Պետրոս Ղազարյան — Մենք շարունակում ենք հետեւել ներքաղաքական զարգացումներին և այսօր օրակարգի կարեւորագույն թեմաները կքննարկենք Ազգային Ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Գանք միանգամից Օսկանյանի դեպքին, քանի որ այս շաբաթվա ներքաղաքական հիմնական թեման դա է: Պարոն Ջհանգիրյան ցանկացած հարց ունի մեկ ընդհանուր կոնտեքստ, հետո մանրամասների մեջ կգնանք: Ընդհանուր կոնտեքստով նայենք. սա քաղաքական հետապնդո՞ւմ է, թե՞ իրավական գործընթաց: Ըստ էության, հանրությունը, քաղաքական թիմերը բաժանվում են էս երկու կարծիքի:

Գագիկ Ջհանգիրյան — Պետրոս, Հայ ազգային կոնգրես խմբակցությունը իր տեսակետը հայտարարությամբ հայտնեց և այդ հայտարարության մեջ միանշանակ կարծիք հայտնվեց, որ մենք այդ քրեական հետապնդումը դիտում ենք որպես քաղաքական հետապնդում, ուստիև հրաժարվեցինք մասնակցել քվեարկությանը:

Պ.Ղ. – Բարի: Պարոն Ջհանգիրյան երկու հոդվածով է՝ փողերի լվացում և յուրացում: Դուք որպես նաև իրավաբան, փորձագետ, կասե՞ք` ի՞նչ է նշանակում փողերի լվացում, կարո՞ղ եք մանրամասնել: 

Գ. Ջ.  Իհարկե, կարող եմ: Կարող եմ այդ հոդվածի վերաբերյալ նույնիսկ դասախոսություն կարդալ, վերլուծել այդ հանցակազմի օբյեկտիվ կողմը, սուբյեկտիվ կողմը, օբյեկտը, սուբյեկտը, բայց ես չէի ցանականա մտնել այդ դետալների մեջ, որովհետև նաև Ազգային Ժողովի այդ միջնորդագրի քննարկման ժամանակ Ազգային Ժողովում մենք ձեռնպահ մնացինք այդ հարցի մանսագիտական կողմի քննարկումից, որովհետև քաղաքական ենթատեքստը այնքան ակնհայտ էր, որ գտանք ոչ նպատակահարմար: Ես մի բան կարող եմ ասել, քանի որ այդ գործի նյութերին ես տեղյակ չեմ, իսկ միջնորդագրում ավելի շատ ինչ-որ տեսակետներ են շարադրված և ոչ թե ապացույցներ են բերված ու վեր լուծված  հանցակազմի կողմերի առկայությունը կամ բացակայությունը, ինչը, իմ կարծիքով, շատ սխալ է, ուղղակի ասեմ, եթե մի կողմ թողնենք այդ խարդախության հոդվածի մեկնաբանությունը, որի, էլի եմ ասում` քրեական նյութերին ծանոթ չեմ, ուղղակի այս փողերի լվացման դեպքում մի շատ կարևոր հանգամանք կա, որը իրավաբանական բուհ-ի ցանկացած երրորդ կուրսի ուսանող,  պետք է որ իմանա, որ փողերի լվացման հոդվածով մեղադրանք կարելի է առաջադրել մի միայն այն ժամանակ, երբ կա մեկ ուրիշ դատական ակտ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված է համարվում այդ հանցավոր գույքի ապօրինի լինելը, այսինքն՝ գույքը հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը:

Պ.Ղ . — Տվյալ դեպքում փողերը:

Գ. Ջ. — Տվյալ դեպքում փողերը, այսպիսի հիշատակում ես չհանդիպեցի, հետևաբար, առնվազն էդ մասով ինձ համար շատ վիճարկելի է մեղադրանքի առաջադրումը: Ավելին չասեմ:

Պ.Ղ — Պարոն Ջհանգիրյան, այսինքն, եթե որեւէ մեկին, տվյալ դեպքում` Օսկանյանին մեղադրում են քրեական գործով որպես մասնակից մարդ, նախօրոք պետք է լինի ինչ-որ դատական որոշում, որ այդ փողերը ապօրինի ճանապարհո՞վ են ձեռք բերվել:

Գ. Ջ. — Ոչ թե դատարանի որոշում, այլ` դատական ակտ, վերջնականը, սա նշանակում  է՝ դատավճիռ: Կարևոր չի, որ դա լինի Հայաստանի Հանրպետության դատական ակտ, կարող է լինել Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի որևէ պետության,  որով ապացուցված կլինի, որ տվյալ գույքը, տվյալ դեպքում այդ փողը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով: Եթե դուք նայեք այդ 190 հոդվածի 5-րդ մասը, ապա կտեսնեք` այնտեղ մի 20-24 հանցակազմ է թվարկված, որոնք քրեական իրավունքի մեջ կոչվում են՝ ուղեկցող հանցակազմեր, որոնց արդյունքում հնարավոր է, որ այդպիսի գույք կամ դրամական միջոցներ, բաժնետոմսեր, չգիտեմ ինչ, ձեռք բերված լինի: Այսինքն, պետք է լինի մի ակտ, ոչ միայն 190 հոդվածով, այլ նաև` այդ ուղեկցող հանցակազմերից որևէ մեկով, որով ապացուցված լինի, որ այդ գույքը՝ տվյալ դեպքում փողը, ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, որից հետո նոր որևէ անձի կարող  են մեղադրանք առաջադրել փողերի լվացման այդ 190 հոդվածով:

Պ.Ղ .- Դա մե՞ր օրենսդրությունն է պարտադրում:

Գ. Ջ. — Դա մեր օրենսդրության պարտադրանքն է: Նաեւ այդպիսի քաղաքականություն է որդեգրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Պ.Ղ . — Պարոն Ջհանգիրյան, նույնիսկ դատախազը էս հարցում համամիտ էր, որ դրանք Հանթսմանի օրինական ճանապարհով փոխանցած և օրինական գումարներն են:

Գ. Ջ. — Պետրոս, ճիշտն ասած, հիմա չեմ ուզում մենք մտնենք  էդ հարցի քննարկման մանրամասների մեջ:

Պ.Ղ. — Էդ պարագայում, ինչո՞ւ նման հոդված հենց Օսկանյանի դեմ, երբ որ ակնհայտ է, որ նման դատական ակտ չկա:

Գ. Ջ. — Մենք ասել ենք մեր հայատարարության մեջ, որ  քանի-որ էդ դրամական փոխանցումները, էդ առք ու վաճառքները եղել են տարի ու կես, երկու տարի առաջ, իսկ քրեական գործը հարուցվել է այս թվականի փետրվարի 25-ին, (եթե ես չեմ սխալվում), ակնհայտ է, որ սա քաղաքական ենթատեքստ ունի:

Պ.Ղ. — Կարող էին ուրշ հոդված գրել…

Գ. Ջ.- Չէ: Դա, այսպես ասեմ, միջազգային հնչեղություն ունեցող հոդված է:

Պ.Ղ. – Այսինքն, Օսկանյանի վարկաբեկմա՞նն է ուղղված:

Գ. Ջ. — Ես պատասխանեցի Ձեր հարցին, ասում եմ՝ դա միջազգային հնչեղություն ունեցող հանցատեսակ է: Էսպես ասեմ:

Պ.Ղ. — Պարոն Ջհանգիրյան դուք այն պադգամավորներից եք, ում Ազգային Ժողովը հանաձնել է ժամանակին:

Գ. Ջ. — Չէ, ինձ չեն հանձնել: Ինձ համար նույնիսկ համաձայնություն չեն խնդրել, տարել են էնպես, իրենց կամքով: Ես պատգամավոր չէի, ես այն ժամանակ գլխավոր դատախազի տեղակալ էի:

Պ.Ղ. — Այստեղ շատ կարեւոր է այդ պատգամավորին հանձնելու ինստիտուտի իմաստը: Դատախազը գալիս է, միջնորդագիր է գալիս եւ ո՞րն է մեծամասնության փաստարկը: Նրանք ասում են` ժողովուրդ, մենք չենք ասում Օսկանյանը մեղավոր է, մենք ասում ենք` եթե մենք չհանձնենք Օսկանյանին, ապա մենք արդարադատության դեմ ուղղակի սխալված, մեղանչած կլինենք, հա՞: Այդ պարագայում, էլ ինչի՞ համար է ընդհանրապես այդ ամեն ինչը, թող միանգամից ընդունեն, որ եթե դատախազությունը գալիս է, արդարության դեմ մեղանչած չլինելու համար` ցանկացած պատգամավորի թող միանգամից տանի, ինչո՞ւ է այս նորմը մտցված, ո՞րն է այս նորմի բովանդակությունը:

Գ.Ջ. — Քանի որ մեր Սահմանադրությունը կառուցված է իշխանությունների բաժանման սկզբունքի վրա, բացի էդ բաժանումից, այդ տեսությունը պարունակում է նաեւ հակակշիռների մեխանիզմ: Այ այս՝  պատգամավորի անձեռմխելիության ինստիտուտը կարեւոր հակակշիռ է, կամ խոչընդոտ է գործադիր եւ դատական իշխանությանը զսպելու համար: Սա նրա համար չէ, որ հանցագործություն կատարեն պատգամավորները եւ չպատժվեն, ընդհակառակը, սա մի ինստիտուտ է, որը պետք է ապահովի պատգամավորի անկաշկանդ գործունեությունը` դատական եւ գործադիր իշխանությունից: Այսինքն, սա զսպման մեխանիզմ է: Հիմա հակառակ օրինակ բերեմ, ասենք` գործադիր իշխանությունը, լավ իրականացնում է Կառավարությունը, բայց մաքուր գործադիր իշխանություն չէ, որ միայն  իրականացնում է Կառավարությունը: Եթե ուշադիր լինեք կառավարությունը նաեւ նորմատիվ ակտեր է բերում:

Պ.Ղ. Օրենքներ է բերում …

Գ.Ջ. – Չէ, օրենքներ չի բերում, ինքը նախագծեր է բերում, բայց ինքը նորմատիվ ակտեր է ընդունում, որոշումներ, կարգադրություններ: Այսինքն, կարելի է ասել, ինչ-որ չափով գործադիրը նաեւ օրենսդիր ֆունկցիա է իրականացնում: Էստեղ կա էս հակակշիռների մեխանիզմը, օրինակ՝ Ազգային ժողովը կարող է իմպիչմենտ հայտնել ենթադրենք նախագահին. սա էլ նախագահի ինստիտուտի հակակշռման մեխանիզմն է: Կառավարությանը կարող է անվստահություն հայտնել, սա էլ գործադիրի հակակշռման մեխանիզմն է, բայց ինքը ունի նաեւ իր ապահովագրման, այսպես ասած, մեխանիզմները սահմանադրական, որոնցից հենց կարեւորագույնը պատգամավորի անձեռմխելիության ինստիտուտն է, որպեսզի էսպես շատ հեշտ ու հանգիստ, կոպիտ ասած, պատգամավորների վրա ճնշում գործադրելը կամ ահաբեկելը, կամ ընդհանրապես, հաշվեհարդար տեսնելը հնարավոր չլինի: Սա է այս ինստիտուտի իմաստը, բայց մեզ մոտ դեռ այսպիսի դեպք չի եղել, որ որևէ Գլխավոր դատախազ գա Ազգային ժողով որևէ մի պադգամավորի կալանավորման միջնորդագրով եւ մերժվի կամ չբավարարվի: Մի դեպք եղել է Վանո Սիրադեղյանի ժամանակ, երբ կալանավորումը որպես խափանման միջոց  չի բավարարվել, հետո որոշ ժամանակ անց բավարարվել է որպես մեղադրյալ ներգրավելու այդ միջնորդագիրը, մնացած բոլոր դեպքերում բավարարվել է: Նույն այդ օրը Վարդան Օսկանյանի միջնորդագրի բավարաման ժամանակ, ես վկայակոչեցի մեր նախկին չորս քաղբանտարկյալ պատգամավորների այդ իմունիտետից զրկելու հարցը, երբ որ մի միջնորդագրով, ընդամենը մեկ միջնորդագրով, որը 2.5-3 էջ է, բավարարել էին չորս պատգամավորի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու գլխավոր դատախազի միջնորդությունը` ընդամենը մեկ ժամում: Երբ որ այդ երեք էջի վրա, երեք էջանոց այդ միջնորդագրում որևէ հանցակազմի տարր նշված չէր, որևէ ապացույց նշված չէր, որևէ, էսպես ասենք, դերակատարումների սահմանզատում նկարագրված չէր՝ թե այդ չորս պադգամավորից ով ինչ է արել: Բոլորին մի միջնորդագրով, ոնց որ, էսպես` մի ընդհանուր բլանկ լիներ, ուղղակի լրացվել էր, որևէ տարբերություն չկար:

Պ.Ղ.- Պարոն Ջհանգիրյան, թե այն ժամանակ, թե այս ժամանակ, ինչպես Գալուստ Սահակյանը ձեւակերպեց, ասեց, «մարդուն հնարավորություն տանք արդարանալու: Ինչի՞ եք զրկում մարդուն դատարանի առջեւ իր արդարությունը ապացուցելու իրավունքից»:

Գ.Ջ. – Մեր Սահմանադրությամբ մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Եթե այդպես է, մենք երեւի թե մի 2 մլն չափահաս բնակիչ ունենք, բոլորին տանք, թող մեր դատարանները բոլորին հնարավորություն ընձեռեն իրենց արդարությունը ապացուցելու: Ծիծաղելի է նաեւ այն պատճառով այդ պնդումը, որ մեր դատական իշխանությունը, ինչպես տեսանք` նաեւ օրենսդիրը, ուզուրպացված է, յուրացված է գործադիրի կողմից: Հիմա դուք պատկերացրեք, եթե ասենք պատգամավորները, մեծամասնությունը չի կարողանում դիմագրավել Գլխավոր դատախազի մի միջնորդագրի եւ հանձնում է իրենց գործընկերոջը, դե պատկերացրեք էդ ամբողջ գործադիր ու դատական իշխանության ճնշումը էդ մեն ու մինուճար մի դատավորի վրա, որը պետք է որոշում կայացնի, եւ կպարզվի` էդ իրավիճակի ծիծաղելի լինելը: Եթե մենք իրոք անկախ դատարան ունենայինք, թե գործադիրից, թե օրենսդիրից, մրցակցային դատարան, որը արբիտր լիներ, ոչ թե մեղադրական դատավարություն իրականացներ, գուցե թե կարելի էր ինչ-որ վերապահումներով հանգիստ այդ պատգամավորներին հանձնել դատական իշխանության դատին: Բայց քանի որ մենք, ցավոք սրտի, հատկապես վերջին 5-6 տարիներին կորցրել ենք ոչ միայն դատարանների ինքնուրույնությունը, այլեւ ինչ-որ փոքր հարցերում գոնե շեղվելու նրանց իրավունքը, մեր դատարանները հիմա գործադիր իշխանությունից ավելի վատ վիճակում են: Ես սա ասում եմ, որպես այդ համակարգում բազմաթիվ կոլեգաներ, ծանոթներ ունեցող մարդ, որը թե նախկինում է աշխատել այդ համակարգի հետ, թե հիմա է հանդիպում, զրուցում եւ խոսում: Հիմա խայտառակ վիճակ է:

Պ.Ղ. –Պարոն Ջհանգիրյան, ցանկացած նման դեպք անդրադառնում է նաեւ երկրի, եւ ընդհանրապես, արդարության զգացման վրա: Ինչպե՞ս կանդրադառնա այս դեպքը սովորական քաղաքացիների արդարության ընկալման վրա:

Գ.Ջ. – Կարծում եմ` դուք էստեղ մի քիչ չափազանցնում եք, գուցե այդ ընկալումը ձեզ մոտ սուբեկտիվ է, որովհետեւ 4 տարի առաջ հարյուրից ավել մարդ ձերբակալվեց-կալանվեց, էդ միայն օրինական` դատավարական որոշումներով, թե ինչքանը ապօրինի ձերբակալվեցին, օրերով, շաբաթներով պահվեցին ոստիկանություններում, որեւէ մեկը չի հաշվառել, նրանցից 83-ն էլ անհիմն դատապարտվեց: Էն ժամանակ, Պետրոս, ոնց որ թե դուք էդպես ջանասեր չէիք:

Պ.Ղ.- Ես հարցնում էի, պարոն Ջհանգիրյան, ջանասեր էի:

Գ.Ջ. –Հիմա էս խնդրի հետ կապված, իշխանությունների համար այդքան ծանր չի այդ հարվածը, որքան ձեզ թվում է:

Պ.Ղ. –Այսինքն, ժողովուրդը սովոր է դրան:

Գ.Ջ. –Իշխանությունները դա, կոպիտ ասեմ, կատակով, ինչպես ես եմ մեկ-մեկ ասում` էդ վշտին կդիմանան:

Պ.Ղ. –Ես հանրության, սովորական քաղաքացու մասին էի ասում:

Գ.Ջ. – Եթե մեր հանրությունը, իր մեծամասնության մեջ, անտարբեր գտնվեց մոտ 100 քաղբանտարկյալների առկայության փաստի հանդեպ, ես փոքր թիվն եմ ասում, էս մեկի դեպքում էլ հասարակությունը էդ վշտին կդիմանա:

Պ.Ղ. – Վերջը ո՞րն է:

Գ.Ջ. –Վերջը շատ վատ է: Քանի դեռ մեր երկրում քաղաքական խնդիրները պետք է լուծվեն քրեական օրենսգրքի միջոցով, մենք ոչ մի տեղ չենք գնալու: Դոփելու ենք նույն տեղում: Ինչպես 2008 թվականին հանձնեցին 4 պատգամավորի, հանձնեց այն ժամանակվա կառավարող կոալիցիան, հիմա էլ` տեսեք, «տանում» են արդեն այդ կոալիցիայի ներկայացուցչին: Վաղը, ես վստահ եմ` «տանելու» են կոալիցիայի մաս կազմող մյուս ուժերի ներկայացուցիչներին եւ այսպես շարունակվելու է: Որովհետեւ մեզ մոտ, մեր երկրում ընդունված է, որ քաղաքական հարցերը լուծվում են Քրեական օրենսգրքով: Սա է խնդիրը:

Պ.Ղ.-Պարոն Ջհանգիրյան, ընդհանրապես, ասում են, որ օրենսդիրն է ձեւավորում գործադիր իշխանություն: Երբ որ նայում ենք Օսկանյանի այս գործընթացին, տպավորություն չկա՞, որ գործադիրն է մեր երկրում ձեւավորում օրենսդիր իշխանություն:

Գ. Ջ. — Բայց ինչո՞ւ միայն Օսկանյանի գործընթացին:

Պ. Ղ. –Լավ, ձեր դեպքը:

Գ. Ջ. — Մի քանի ամիս առաջ են, չէ՞, ավարտվել ԱԺ ընտությունները: Մենք ականատես եղանք, եւ ողջ բնակչության աչքի առաջ դա կատարվեց, թե ինչպես գործադիրը իր ուժային լծակներով, իր իրավապահ լծակներով, իր փողային լծակներով, գյուղապետերով, համայնքապետերով, քաղաքապետերով, նույնիսկ մանկապարտեզի վարիչներով, էլ չեմ ասում այլ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներով, ձեւավորեց օրենսդիր իշխանություն: Եւ մեր երկրում, ճիշտ եք ասում` Սահմանադրությունը գլխիվայր է շուռ եկած: Ընդհանրապես, ժողովուրդը ձեւավորում է երկու առաջնային մանդատ ունեցող մարմին: Մեկը` նախագահն է, այսինքն, ընտրում են նախագահին, մյուսը` ընտրում են Ազգային ժողովին: Մեզ մոտ հակառակն է: Այս գործադիրը, կառավարող խումբ ասեմ, կլան ասեմ, ինչ ասեմ, ընտրում է թե նախագահին, եւ թե Ազգային ժողովին` օգտագործելով այս քվեարկության իբր մեխանիզմը: Դրա համար էլ, ես վստահ եմ, այդ որոշումը չի կայացվել ԱԺ-ում` Օսկանյանին հանձնելու եւ այլն: Այդ որոշումը կայացվել է գործադիր իշխանության խոհանցում, բարձրագույն իշխանության աշխատասենյակում, ուղղակի այդ հանձնարարությունը փոխանցվել է ԱԺ` մեծամասնությանը:

Պ.Ղ. — Պարոն Ջհանգիրյան, փաստարկները այդ օրը ձեզ հասկանալի էին, թե՞ ոչ:

Գ. Ջ. — Ես այդպես ակտիվ չեմ մասնակցել էդ քննարկմանը, որովհետեւ ակնհայտ էր` ինչ է կատարվելու: Ես օբեկտիվ կհամարեի աադ միջնորդագիրը, եթե նա վերաբերվեր մարտի 1-ին Օսկանյանի դերակատարությանը եւ Օսկանյանին մեղսագրվեր ՔՕ-ի ինչ որ մի հոդված: Այդ ժամանակ գուցե ես էլ շահագրգիռ կքննարկեի, ապացույցներ կպահանջեի, բացատրություններ կլսեի: Երեւի թե նկատել եք, որ նույնիսկ հարց չեմ ուղղել` ոչ զեկուցողին, ոչ էլ` պարոն Օսկանյանին, որովհետեւ ակնհայտ էր քաղաքական ենթատեքստը:

Պ. Ղ.-Պարոն Ջհանգիրյան, մեր երկրում կա մտածելակերպի մի այսպիսի մոդել, երբ որ դուք եք խոսում արդարությունից, ասում են` ո՞վ, պարոն Ջհանգիրյա՞նը, հըլը հիշեք իր այն ժամանակվա մեղքերը, նա ի՞նչ իրավունք ունի էսօր խոսալ արդարությունից: Հիմա, ընդ որում, ձեր ֆրակցիայից, մարդ կա, որ ասում էր` լավ ա, թող Օսկանյանին դատեն, ես կողմ եմ քվեարկելու, որովհետեւ ինքը մարտի մեկի առումով իրեն ճիշտ չի պահել: Ուրիշ հանցանքի համար նա, իմ կարծիքով, մեղավոր է, սրա համար թող դատեն նրան:

Գ. Ջ.-Պետրոս, մեր ֆրակցիայի տեսակետը այդ հարցի վերաբերյալ չի ընդգրկել էդ մեր ընկերոջ դատողություններից եւ ոչ մի դրույթ, որովհեեւ մենք չենք ուզում, որ ապագայում Հայաստանում այսպես լինի` «դուք որ մեզ էսպես եք արել, մենք էլ ձեզ էսպես ենք անելու»: Ոչ, մենք ուզում ենք, որ եթե Ջհանգիրյանը հանցագործություն է կատարել, Ջհանգիրյանին դատեն իր կատարած հանցագործության համար: Օրինակ` եթե ես, 10 տարի դատախազ եմ եղել, 10 տարի աշխատել եմ Արդարատության նախարարությունում, մինչեւ առաջին փոխնախարարի պաշտոնի եմ հասել, որեւէ հանցանք էի կատարել,  (պաշտոնատար անձ եմ եղել, սրբեր էլ էս երկրի վրա չկան, բոլորը վաղուց վերեւում են), բարի լինեին, ինձ դատեին որեւէ հանցանքի համար, որը ես կատարել եմ: Բայց երբ ինձ մեղադրում են, թե ես ինչ-որ ոստիկանի հրել եմ, կամ նրա գրպանն եմ պատռել, դա արդեն ծիծաղելի է: Ինչպես է հիմա, դուք վատ եք տանում, ասում եք` ո՞նց կարելի է Օսկանյանին մեղադրել փողերի լվացման մեջ: Ես էլ ասում եմ` եթե այ էդ ինչ-որ մարդիկ ասում են արդարությունից Ջհանգիրյա՞նն է խոսում շատ լավ, Ջհանգիրյանը դատախազ է եղել, հարյուրավոր, գուցե հազարավոր մարդկանց դատի եմ տվել,  մեղադրական եզրակացություններ եմ հաստատել, պատիժներ եմ հանձնարարել, որ միջնորդեն դատարանում, եթե ես որեւէ հանցանք կատարել եմ, թող ինձ դատեին էդ հանցանքի համար: Եւ ոչ թե անհեթեթ մի մեղադրանքով, սկզբից իմ օրինական զենքերն էին անօրինական, ցույց էին տալիս եթերով (հետո եմ ես իմացել), իմ բոլոր որսորդական հրացանները, իմ բոլոր պարգեւատրական զենքերը, որոնցով այս իշխանություններն ու նախորդ իշխանություններն են ինձ պարգեւատրել: Այդ զենքերը ո՞նց կարող էին լինել անօրինական: Հետո էլ տեսան դա չի լինում, «պարզվեց», որ ես հրել եմ ինչ-որ ոստիկանի, գրպանն եմ պատռել, այն էլ` ձմռանը պատռել եմ ամառային համազգեստի գրպանը: Պատկերացնո՞ւմ եք` ափսոսել էին ձմեռային մի համազգեստ գտնել, գրպանը պատռել, բերել, չուլանից հանել էին ամառային մի հին կարճաթեւ վերնաշապիկ, որի գրպանը ես պատռել եմ փետրվարի 23-ին: Տեսնո՞ւմ եք` ծիծաղելի է:

Պ.Ղ.- Պարոն Ջհանգիրյան, ես ցանկանում եմ հիմա խնդրել մի քիչ ավելի լայն նայել, մեր երկրում տեղի ունեցավ մարտի մեկ, մենք խոսացինք, հասկացանք, որ չի կարելի ընդդիմություն-իշխանություն պայքարը տանել ատելության, տանել թշնամության, անվստահության, բեւեռացման, ամեն գնով դիմացինին կործանելու ճանապարհով, որովհետեւ դա բերում է այսպիսի բաների: Հիմա, երբ որ մի քանի ամիս է մնացել նախագահական ընտրություններին, մենք քաղե՞լ ենք մարտի մեկի դասերը, թե՞ ոչ:

Գ. Ջ.- Որեւէ դաս չենք քաղել, որովհետեւ մարտի մեկը մինչեւ այժմ բացահայտված չէ` ի զարմանս ինձ, որպես դատախազի, որպես իրավագետի: Մենք հենց այսօր շրջանառության մեջ ենք դրել ԱԺ-ում մարտի մեկի գործով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: Ի տարբերություն, էսպես ասած, էդ Նիկոյանի հանձնաժողովի, սա շատ կոնկրետ խնդիր է իր առջեւ դրել` ուսումնասիրել սպանությունների, հրազենային, գնդակային, բեկորային, այլ մարմանակն վնասվածքներ ստանալու դեպքերի հանգամանքները, դրանց` իրավապահ մարմինների` ՀՔԾ-ի, Գլխավոր դատախազության տրված որոշումների հիմնավորվածությունն ու օրինականությունը: Մենք շատ նեղ խնդիր ենք դրել, որպեսզի կարողանանք իրականացնել: Եւ ի՞նչ է պարզվում, պարզվում է, որ 4.5 տարի անց հարյուրավոր ոստիկանների աչքի առաջ, զինվորականների աչքի առաջ, հատուկ ծառայությունների աշխատակիցների, նաեւ, ես վստահ եմ` տեսանկարահանման պայմաններում կատարված 10 սպանություն, մի քանի հարյուր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքեր եւ որեւէ մեկը չի բացահայտվել: Այսպիսի բան հնարավոր չէ: Միակ ենթադրությունն այն է, որ այս իշխանությունները չեն ցանկանում դրանք բացահայտել: Այսինքն, պարտակում են` թե անմիջապես կատարողներին, թե հրաման տվողներին, եւ թե ամենաբարձր պատասխանատուներին:

Պ.Ղ. – Իսկ քաղաքական առումո՞վ:

Գ. Ջ. -Բա դասերը ո՞նց պիտի քաղենք, եթե հանցագործությունը չի պատժվել, այն էլ` այնպիսի հանցագործություն, ինչպիսին` սպանությունն է, հանրավտանգ եղանակով կատարված սպանությունը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությունը. ինքնաձիգով, հրազենով, դիպուկահար հրացանով ամբոխի վրա կրակել են: Այդ սպանությունները եթե չեն բացահայտվել, ի՞նչ դասեր քաղելու մասին է խոսքը: Միայն մի դաս է մնում, որ «մենք ձեզ էլի կարող ենք գնդակահարել, եւ ոչ ոք դրա համար պատիժ չի կրի»: Ահա դասը: Ի՞նչ դասի մասին է խոսքը, եթե հիմա մարդասպանները մեր քաղաքում կամ հանրապետությունում շրջում են, ի՞նչ դաս պետք է քաղի ընդդիմությունը կամ հասարկությունը, այն է, որ Հայաստանում ոչ ոք պաշտպանված չէ, «եթե ուզենանք, կարող են նաեւ գնդակահարել փողոցում հազարավոր մարդկանց աչքի առաջ եւ դրա համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրի, այնպես որ, խելքներդ գլուխներդ հավաքեք»:

Պ.Ղ. — Բայց կներեք, պարոն Ջհանգիրյան, մենք տեսնում ենք, որ հիմա կոռուպցիայի դեմ պայքարը շատ ուժեղ սրանում է: Մի ծիծաղեք, մակարդակը բարձրանում է, ձերբակալում են սեփական կուսակցության անդամին, վարչության պետերին, պատասխանատուներին: Չկա՞ պայքար կոռուպցիայի դեմ:

Գ. Ջ.- Կոռուպցիայի դեմ պայքարն այդպես ընտրովի չի լինոմ, հրահանգով չի լինում: Ուրեմն, հավաքում խորհրդակցություն են անում ՊՆ-ում, ասենք` 10 օր առաջ ձերբակալել են ինչ-որ մթերողի, հանում են ԳՇ պետի տեղակալին իր պաշտոնից, հավաքվում-խոսում են սոցիալական ապահովության ոլորտի մասին, մյուս օրը ձերբակալում են Խաչիկյանին: Հիմա էլ, վստահ եմ, ինչ-որ ձերբակալություններ կլինեն առողջապահության ոլորտում, քաղաքաշինության ոլորտում եւ այլն:

Պ.Ղ. -Առաջ ասում էին քաղաքակնա կամք չկա, սա քաղաքական կամք է հենց:

Գ. Ջ. — Դե հիմա, ի՞նչ ասեմ, ինձ թվում է սա լավ PR ակցիա է: Այսինքն, իշխանությունները պատրաստ են զոհել նաեւ յուրայիններին: Դա լավ բան է, ես դրան դեմ չեմ, բայց ցավում եմ, որ դա էդպես ընտրովի է, կամպանիայով: Դա  մշտապես պետք է լինի: Էդ խաչիկյանի մասին նո՞ր իմացան: 3 տարի ասում էին, չէ՞` մամուլը, բոլորն ասում էին:

Պ.Ղ. -Մի քանի հազար դատավկա են հարցաքննել, գործը բարդ է:

Գ. Ջ. – Գիտեք` ի՞նչ կա, էդտեղ 1000 վկա հարցաքննելու խնդիր չկար, էդ մեծության գումարը չէր կարող տնօրինվել Լոռու մարզի ինչ-որ մի տարածքի մի պաշտոնյայի աշխատասենյակում: Այ վերջերս մենք ԱԺ-ում լսեցինք Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Ինչքան էլ էդ ՎՊ-ի նախագահը փորձել էր, էսպես, քողարկել, մեղմ բառ եմ օգտագործում, վատնումների փաստերը, (վատնումն ամենաանմեղ հանցագործությունն է, հափշտակության ավելի ծանր տեսակներ կան), այնուամենայնիվ, ակնհայտ երեւում էր այդ զեկույցից, որ գրեթե բոլոր ոլորտներում գողանում են եւ էդ գողացածի բաժինը բյուջեով ֆինանսավորման առնվազն  25 տոկոսն է: Հիմա լսեցինք էդ ամբողջ հաշվետվությունը, մենք էլ արտահայտվեցինք, եւ առաջարկեցինք, որ հարգելի գործընկերներ` լավ լսեցինք, դուք 5 տարի է ուղարկում եք Իշխան Զաքարյանի ծառայութան էս ուսումնասիրության արդյունքները դատախազություն, ուղարկում եք քննչական մարմիններին, նրանք բռնում են 1-2 էսպես միջինից ցածր կամ միջին պաշտոնյայի քրեական մեղադրանք են առաջադրում, դատում-դատապարտում են, բայց էդ միլիոնավոր դրամները, ես կասեի դոլարները, էսպես էլ մնում են գողացված: Եկեք` որպես օրենսդիր մարմին, իսկ մենք լծակներ ունենք, ժամանակավոր հանձնաժողով ստեղծենք, ուսումնասիրենք, թե ինչ փաստեր են ուղարկվել, էդ փաստերին ինչ իրավական գնահատականներ են տրվել: Որեւէ ընթացք չստացավ: Այսինքն, հնչեց այդ զեկույց-ելույթը, լսեցին: Հիմա էլ նոր բյուջե ենք ձեւավորում, ես տնտեսագետ չեմ, իրավաբան եմ, բայց եթե մենք ինչ-որ գերատեսչության, (չեմ ուզում մասնավորեցնել), ուսումնասիրել է վարչապետի վերահսկողական ծառայությունը, նախագահի վերահսկողական ծառայութունը, կամ հենց էդ նույն ՎՊ-ն, եւ ապացուցել է, որ էդ գերատեսչությունում գնումների ոլորտում, կամ այսինչ ոլորտում հափշտակությունները մոտ 25-30 տոկոս են ընդհանուր ծախսից, ու հիմա մենք էլի պլանավորում ենք եկող տարվա բյուջեն եւ պլանավորում ենք, ըստ էության, նույն համամասնություններով, այ եղբայր, եթե 20-30 գողացել են, բայց էդ ոլորտը մնացել է կանգնուն, աշխատել է, ուրեմն, այդ 20-30 տոկոսը մի հատկացրեք այդ ոլորտին, հատկացրեք այլ նպատակների` թոշակներ բարձրացրեք, աշխատավարձ բարձրացրեք:

Պ.Ղ.-Եւ մեր հաղորդման վերջին հարցերի փուլը: Մի քանի ամսից նախագահական ընտրություններ են, մամուլը շատ գրեց, որ Կոնգրեսում քննարկվում է կամ Լեւոն Զուրաբյանի, կամ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունները: Քննարկվել է ոչ թե հրապարակային, այլ` կուլիսային: Ձեր դիրքորոշումն ինչպիս՞ին է:

Գ. Ջ.- Ես ձեզ կարող եմ ազնվորեն ասել, որ որեւէ էդպիսի քննարկում` անդրկուլիսային, կուլիսային, գոյություն չունի: Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի անվիճելի առաջնորդն է, եւ թող ինձանից չնեղանան ոչ Զուրաբյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ մնացած ընկերները, էդպիսի հարց չի կարող քննարկվել եւ չի քննարկվել: Գուցե ինչ որ փոքրիկ խմբեր իրենց մտքում, խոհանոցում, անկողնու մեջ քննարկել են, բայց որեւէ նման քննարկում չի եղել:

Պ.Ղ.- Եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, կսատարե՞ք Կոնգրեսից այլ թեկնածուի:

Գ. Ջ. — Ես ձեզ միանշանակ ասեմ հետեւյալը` ես կարծում եմ, որ եթե պայմանները նպաստավոր լինեն մեր հիմնադիր նախագահի առաջադրվելու համար, ուրեմն, կառաջադրվի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եթե այդ առաջադրման պայմանները նպաստավոր չլինեն Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, ես կարծում եմ` դրանք բացարձակ աննպաստ կլինեն ցանկացած մեկ ուրիշի համար: Այսքանը: 

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլի համաշխարհային աստղերի առանձնատները. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Անջեյ Կասպրշիկ. Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են խոսքս’