‘Գ. Ջհանգիրյան. Հայաստանում առաջացած կառավարման ճգնաժամի մասին (Տեսանյութ)’

2581

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը՝ Լեւոն Զուրաբյանի եւ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ.

Կառավարման ճգնաժամին անդրադառնալիս գրեթե միշտ կարևորվում են գործադիր իշխանության իրավակարգության, արհեստավարժության, ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու, բարդ տնտեսական իրավիճակներում արագ ու օպտիմալ լուծումներ գտնելու, տնտեսական ազատությունները ապահովելու, բիզնես միջավայրի  ազատականացման ունակությունները:

Երբեմն անդրադառնում են նաև օրենսդիր իշխանության լեգիտիմության, պրոֆեսիոնալ ունակություններին, օրենսդրական  քաղաքականության մշակման և իրականացման հնարավորություններին և այլն:

Դատական իշխանությունում, նրան սպասարկող իրավապահ մարմիններում առկա համակարգային ու խորը ճգնաժամը կամ բոլորովին անտեսվում, կամ հետին պլան է մղվում:

Այնինչ դատական իշխանության անկախ, օրինական ու անխափան աշխատանքը ինքնին ոչ միայն պետության կարևորագույն գործառույթն է, այլև գործադիր և օրենսդիր իշխանությունների Սահմանադրական և օրենսդրական զսպումների ու հակակշիռների ապահովման գլխավոր երաշխիքը:

Արձանագրենք, սակայն, որ մեր երկրում դատական իշխանությունը (ինչպես և օրենսդիրը ) յուրացված, ուզուրպացված է գործադիր իշխանության կողմից: Դատական իշխանության ամբողջական բռնագրավման գործընթացի սկիզբը դրվեց 2005թ. Սահմանադրական փոփոխություններով և օրենսդրական արձանագրումն  ստացավ 2007թ. ՀՀ դատական օրենսգրքի ընդունմամբ, որով ավարտին հասցվեց դատական բուրգի կառուցումը ՀՀ վճռաբեկ դատարանի ու նրա նախագահի ենթակայությամբ:

Խզվեցին դատարանների ու դատավորների հորիզոնական և ուղղահայաց բոլոր կապերն ու հարաբերությունները գործադիր, օրենսդիր և իրավապահ մարմինների հետ (որքան էլ զարմանալի ու անհավանական այդ բազմաթիվ առնչությունները ամբողջության մեջ ապահովում էին վերջիններիս հարաբերական ինքնուրույնությունը, հակակշռում ու զսպում այս կամ այն մարմնի անհագուրդ ախորժակը ) դատարաններն ու դատավորները մեկ օրում հայտնվեցին դատական բուրգի գլխի միանձնյա և տոտալ վերահսկողության ներքո:

Հանուն արդարության՝ պետք է ասել, որ դատաիրավական բարեփոխումների անվան տակ ներկայումս իրականացվող օրենսդրական փոփոխությունները, ոչ միայն չեն բարելավում ստորադաս դատավորների ու դատարանների անկախության երաշխիքները, այլև ավելի են կենտրոնաձիգ դարձնում ենթակայությունը բուրգի ներսում: Քանի որ դատավորների ինքնավարության գոյություն ունեցող բոլոր մարմինները ստեղծված իրավիճակում, փաստացի, Վճռաբեկ դատարանի նախագահի «կալվածքներն» են, և նա դրանք, ինչպես ցանկանում՝ այնպես էլ կառավարում է:

Ստորադաս դատարանների ու դատավորների նկատմամբ անլուր վերահսկողության մարմին է նաև Դատական դեպարտամենտը: Իր կառուցվածքային ստորաբաժանումներով և կենտրոնից նշանակվող, կենտրոնին հաշվետու աշխատակիցներով այն դարձել է դեպարտամենտի ղեկավարին ենթարկվող մի յուրահատուկ «լրտեսային» ցանց, որը տեղյակ է դատարաններում տեղի ունեցող յուրաքանչյուր շարժի, ինչի մասին օպերատիվ զեկուցվում է վերադասին:

Դատական համակարգում առկա  օրենսդրորեն ներդրված ենթակայության ու կախվածության դրույթներին մի շարք կատեգորիաների գործերով գումարվում է զեկուցագրերի, համաձայնեցումների ու հաշվետվությունների ապօրինի մի ամբողջ համակարգ, որի արդյունքում արդեն անհարմար է խոսել դատավորի ինքնուրույնության մասին:

Էլ չենք խոսում առանձին դեպքերի մասին, երբ ստորադաս դատարանների դատավորներին պարտադրվում է ոչ միայն գործի ելքի որոշումը, այլև  պատրաստի դատական ակտի նախագիծը: Երբեմն օպերատիվ վերահսկողություն է իրականացվում նաև դատական պրոցեսի ընթացքի վրա. ասենք՝ այս կամ այն միջնորդության հետ ինչպես վարվել, մեղադրանքի տեսանկյունից աննպաստ վկայի հարցաքնությունը շարունակե՞լ, թե՞ ոչ և այլն:

Կարծեմ՝ հիմա արդեն ընկալելի է թե ինչպիսի կախյալ և կաշկանդված վիճակում է գտնվում մեր ողջ դատական համակարգը:

Ահա թե ինչու այն ի վիճակի չէ իրականացնել սահմանադրական իր առաքելությունը:Սանձել պետական մարմիններին, պաշտպանել շարքային քաղաքացուն վարչական ու իրավապահ մարմինների ոտնձգություններից,  կամայականություններից, հավուր պատշաճի՝ պաշտպանել քաղաքացու կյանքի իրավունքը, նրա պատիվն ու արժանապատվությունը, գույքն ու սեփականությունը:

Փաստորեն՝ հասարակ քաղաքացու համար արդարադատությունն ու դատական պաշտպանությունը ՀՀ-ում անհասանելի երազանք են մնում,օրենքի ու դատարանի առաջ հավասարության սահմանադրական սկզբունքները՝ դատարկ ու բովանդակազուրկ դեկլարացիաներ:

 Ահա գլխավոր պատճառը, թե ինչու է մեր քաղաքացին լքում իր տունն ու հայրենիքը: Ոչ միայն այն պատճառով, որ կյանքի պայմաններն են վատ, որ աշխատանք չկա, որ քիչ են վարձատրում, այլ որ անպաշտպան է, որ երկրում արդարադատություն ու արդարություն չկա: Ցանկացած վեճում միշտ հաղթում է փողատերը, պաշտոնյան ու զոռբան:

ՀՀ դատական համակարգը արմատական բարեփոխման կարիք ունի: Պետք է ստեղծել այնպիսի դատական իշխանություն, որտեղ անկախ կգործեն բոլոր ,այդ թվում և առաջին հերթին՝ ստորադաս դատարաններն ու առանձին դատավորները: Դատարանների անկախությունը պետք է երաշխավորել ոչ միայն դեկլարատիվ օրենսդրական նորմերով, այլ ապահովել գործնականում:

Անկախ դատարանի գոյությունը կփոխի ներքաղաքական ողջ մթնոլորտը, Հայաստանից չեն փախչի սեփական քաղաքացիները, օտարերկրյա  ներդրողները, կկրճատվեն վարչական ապօրինություններն ու կամայականությունները, Հայաստանի քաղաքացին իրեն պաշտպանված ու  մարդ կզգա:

Նախորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Մեր երկրին անհրաժեշտ է ընտրված, ոչ կոռումպացված իշխանություն ‘
Հաջորդ հոդվածը‘Մանուկյան. «Freedom House»-ի տվյալներով՝ ՀՀ-ն կիսաավտորիտար երկիր է (Տեսանյութ)’