‘Գ.Ջհանգիրյան. «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի նախագիծը բանկերի լոբբինգի արդյունք է ‘

949

Կառավարության կողմից ներկայացված «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» եւ կից ներկայացված օրենքների, նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին հարց ուղղեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Գագիկ Ջհանգիրյանը նախ բարձրաձայնեց միջազգային ֆինանսական կենտրոնների աջակցությամբ մեր օրենսդրություններում ներդրվող ինստիտուտների վերաբերյալ իր մտահոգությունը. «Շատ զգուշավորությամբ է պետք մոտենալ, տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր վիճելի հարցեր են հարուցվում»,- նշեց նա: Այնուհետեւ պատգամավորը անդրադարձավ գույքի ոչնչացման, յուրացման, վատնման դեպքերին եւ հիշեցրեց, որ քրեական պատասխանատվությունը այդ դեպքերում սկսվում է զգալի չափերից:  «Այստեղ դուք միանգամից մտցնում եք խոշոր չափ, ըստ էության, մեծ հաշվով՝ այդ 179, 185 հոդվածները լիովին ներառում են այն 185/1-ը, ինչը դուք առաջարկել եք»: Ջհանգիրյանի կարծիքով՝ դա բանկերի լոբբինգի արդյունք է կամ գուցե նաեւ համաշխարհային բանկի: «Քանի որ տեղյակ չի մեր քրեական օրենսդրությունից, ասում է՝ «Այս հոդվածն էլ թող լինի, այս սանկցիան, որ եթե խախտեն՝ այ այս հոդվածը լինի»: Բայց չի կարելի ենթարկվել լրիվ այդ թելադրանքներին»:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն, ի պատասխան՝ վստահեցրեց, որ որեւէ միջազգային ինստիտուտի պարտադրանք չկա, ավելին, նրա խոսքով՝ բավականին շատ ինստիտուտներ, սրա հետ մեկտեղ, որ առաջարկվում էր Համաշխարհային բանկի կողմից, չեն ընդունել:
Ըստ Արսեն Մկրտչյանի՝ Քրեական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը ծնվել էր իրավակիրառ հարցերի պատճառով, թեեւ ինքը նույնպես բնավ հակված չէ որեւէ իրավահարաբերություն քրեականացնել: Սակայն, ինչպես Մկրտչյանն է ասում՝ «Դեպքը, որ տեղի է ունենում իրականում, անձինք իրենց գույքն են  փչացնում: Եւ թե նախաքննության մարմինը, թե դատական պրակտիկան խոսում են այն մասին, որ իրենց գույքը փչացնելու համար մեր քրեական օրենսգիրքը որեւէ հետեւանք չի առաջացնում: Խնդիրը ավելի խորն է. ակնհայտորեն՝ քրեական հանցագործություն է կատարվում շարժական գույքի նկատմամբ, որի պատասխանը չկա որեւէ տեղ»: Գագիկ Ջհանգիրյանը, հակասություն տեսնելով՝ արձագանքեց. «Մեկ ասում եք՝ սա հաշվառման համակարգ է, ոչ թե պետական գրանցման, եւ այդ հաշվառման համակարգը պաշտպանելու համար քրեական  նորմ ենք ներմուծում: Այդպիսի բան չի կարող լինել, եթե հաշվառում է, թող հաշվառեն, ինչի՞ ենք քրեական նորմ ներմուծում: Այսինքն, սա արդեն իրավունքի գրանցման հարց է: Եթե ես իմ գույքը ոչնչացնում եմ, ասենք, մի անմարդաբնակ վայրում, որեւէ մեկի իրավունքներին ու շահերին վնաս չեմ պատճառում, այդտեղ քրեորեն պատժելի որեւէ բան չկա: Եթե այդ գույքը ինչ-որ բանկում գրավ է դրված, ուրեմն՝ իր գույքը չի լրիվ, ուրեմն՝ թող իրավապահ մարմինները իրենց անգործությունը չպատճառաբանեն օրենքի բացակայությամբ»:

Նախորդ հոդվածը‘Շտապ. Դեկտեմբերի 10-ն Եռյակը հանրահավաք-երթ կանցկացնի. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Պեսկով. ՌՖ-ին երաշխիք է պետք, որ Ուկրաինան չի մտնի ՆԱՏՕ’