‘Գ. Սահակյան. Արամ Մանուկյանը երբեւէ թշնամիների որոգայթների մեջ չի եղել նորանկախ Հայաստանում’

940

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «չի կարծում», թե վերջին շրջանում հասարակական եւ քաղաքական գործիչների դեմ բռնությունները քաղաքական ենթատեքստ ունեն:

«Մանավանդ՝ Արամ Մանուկյանի դեպքում: Մանուկյանը բարեկիրթ, բարեպաշտ անձնավորություն է, եւ որեւէ դեպքերում թշնամիների որոգայթների մեջ չի եղել նորանկախ Հայաստանում», — ԱԺ-ում լրագրողներին ասաց Սահակյանը: Նա նաեւ շղթայական կապ չի տեսնում «Նախախորհրդարանի» ակտիվիստներ ազատամարտիկների եւ Արամ Մանուկյանի դեմ բռնությունների միջեւ, որովհետեւ, ըստ Գալուստ Սահակյանի, «այն, ինչ տեղի է ունենում, ավելի շատ հարվածում է օրվա իշխանություններին»:

Հիշեցնենք, որ ԱԺ խմբակցություններն այսօրվա արտահերթ նիստի մեկնարկից առաջ պահանջում էին բռնությունների դեպքերը դատապարտող հայտարարությամբ հանդես գալ: Գալուստ Սահակյանը, ի պատասխան՝ առաջարկեց հայտարարությունը ընդունելու համար նիստ գումարել երեկոյան՝ հիմնական օրակարգը սպառելուց հետո: Խմբակցությունները, ի նշան բողոքի՝ բոյկոտեցին նիստը:

«Մենք Մարտի մեկ ենք տեսել, ավելի մեծ երեւույթներ ենք տեսել, ավելի մեծ ցավերով ենք տառապել տարիներ շարունակ, բայց երբեք ու երբեք նման խնդիր չի առաջացել, որ բերեք հայտարարություն անենք, ու ամեն ինչ լավ կլինի», — մեկնաբանելով բոյկոտը՝ ասաց Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով ոստիկանության զորքերի պետ Լյովա Երանոսյանի աղմկահարույց հայտարարությանը՝  ԱԺ նախագահը նկատեց, որ «պետական չինովնիկի բերանից հնչած այդ խոսքը ավելի կոշտ է արտաբերվում»: «Ես դատապարտում եմ, քանի որ պետական չինովնիկը պետք է ավելի զուսպ լինի: Բայց անզսպությունը դարձնել դրոշակ եւ հայտարարել, թե ով է կազմակերպել, ճիշտ չի», — ասաց Գալուստ Սահակյանը: 

Նախորդ հոդվածը‘Մի քանի ժամվա ընթացքում դրամը արժեզրկվել է 14 կետով. ԿԲ-ն ակնհայտորեն չի վերահսկում իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Ինչու է Շմայսի վարորդն ազատ արձակվել. Քննչական կոմիտեի խայտառակ բացատրությունը’