‘Գ. Սահակյան. Բարձր աշխատավարձով հայ պաշտոնյաները ԵՄ-ում կդիմագրավեն ադրբեջանական լոբբիին’

721

Պետության իմիջը ոչ թե բարձր աշխատավարձ ստացող պաշտանյաներն են ձեւավորում, այլ Ռուսաստանում եւ Եվրոպայում աշխատանք որոնող հայաստանցիները, դատարկվող գյուղերն ու քաղաքները:

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը` անդրադառնալով նախօրեին պետական պաշտոնյաների վարձատրության  մասին օրինագծի քննարկման ժամանակ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների արտահայտած այն գաղափարին, թե «պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը պետության իմիջի խնդիրն է»: Պատգամավորի խոսքով, անընդունելի է, երբ իր բոլոր ծրագրերը ձախողած կառավարությունը նման օրինագիծ է ներկայացնում: Իր հերթին՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է օրինագծին: Միեւնույն ժամանակ, Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը կրկին օրակարգ է մտցնելու նվազագույն աշխատավարը 75 հազար դրամ սահմանելու եւ ՓՄՁ-ին աջակցելու մասին` կառավարության կողմից մերժված օրինագծերը:

Մինչդեռ, ՀՅԴ խմբակցությունից Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ օրինագիծը քննադատելը պոպուլիզմ է: Նա հիշեցրեց, որ վերջին 6 տարիներին պետական պաշտոնյաների աշխատավարձերը «մեկ լումայով անգամ» չեն բարձրացել:

Աղվան Վարդանյանի խոսքով, օրինագիծը վերաբերում է շուրջ 160 հազար ծառայողների, եւ ոչ միայն շուրջ 300 բարձրաստիճան պաշտոնյաների: «Անհասկանալի է, թե ինչու պետք է նախագահը 400 հազար դրամ ստանա, իսկ դատախազը` 1 միլիոնից ավելի», — հավելեց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն օրինագծի վերաբերյալ հայտարարեց, որ այն խտրական է: Նրա խոսքով, այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մանկավարժներ, բժիշկներ, հարյուր հազարավոր քաղաքացիներ ծայրահեղ աղքատության մեջ են ապրում, բարոյական չէ, երբ բարձրացնում են պաշտոնյաների վարձատրությունը: Նա նկատեց, որ այդ նույն պաշտոնյաներն են, որոնց միջոցով պարբերաբար կեղծվում են ընտրությունները: «Օրինակ, Գալուստ Սահակյանի եւ Հովիկ Աբրահամյանի համար ներկայիս 240 հազար դրամն էլ է շատ» , — նշեց Փոստանջյանը:

Ինքը` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայաստանցի պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը բացատրեց արտաքին քաղաքականության շահերի տեսանկյունից:

Նրա խոսքով, այն ժամանակ, երբ ադրբեջանցիներին հաջողվում է կաշառքների միջոցով Եվրախորհրդում ոչ հայանպաստ բանաձեւեր անցկացնել, հայ պաշտոնյաները պետք է դրան դիմագրավելու պոտենցիալ ունենան:  

«Բարձր պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան, իսկ դրա համար նրանք պետք է նորմալ աշխատեն: Մեր պետությունը պետք է կարողանա գոնե մի քիչ չափվել այլ պետությունների հետ: Միջազգային արենայում չենք կարողանում մեր դրսևորումները առաջ տանել, անընդհատ կոպեկներ ենք հաշվում գործուղումները կրճատելու համար: Մենք միշտ սուղ միջոցներով ենք փորձել միջազգային հարթակում խնդիրներ լուծել», — ասաց նա: 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատի ուներ հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի ընդունած` Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և մինչ այսօր գրանցած առաջընթացն ու անհաջողությունները ներկայացնող բանաձևը, որում, մասնավորապես, նշվում է, որ «անընդունելի է ԱրլԳ մի պետության կողմից մյուս պետության տարածքի զավթումը»: Բանաձեւում նշվում է նաեւ, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ՄԱԿ-ի ԱԽ ընդունած չորս բանաձեւերի հիման վրա:  

Նախորդ հոդվածը‘Պլանային դիտարկում ‘
Հաջորդ հոդվածը‘Դաշնակցականը կողմ է չինովնիկների աշխատավարձերի բարձրացմանը’