‘Գ. Սահակյան. Գրպանահա՜տ ենք, ինչ ենք, որ ստուգենք Իշխան Զաքարյանի ունեցվածքը’

913

ԱԺ ճնշող մեծամասնությունը կողմ է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածությանը: Փակ գաղտնի քվեարկությունը տեղի կունենա վաղը կեսօրին, հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մինչ այդ խմբակցությունները հայտնեցին իրենց դիրքորոշումները հարցի վերաբերյալ: Նախ` «Ժառանգությունը», Կոնգրեսը եւ Դաշնակցությունը հայտարարեցին, որ դեմ են Իշխան Զաքարյանի թեկնածությանը:

ԲՀԿ խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն դրական է վերաբերվում Զաքարյանի թեկնածությանը:  

«Չկա մեկը, որ կասկածում է Վերահսկիչ պալատի` վերջին տարիներին արած բացահայտությունների իսկությանը: Բայց բոլորս գիտենք, որ մեր երկրում չկա իրական անկախ մարմին», — նշեց նա: Պատգամավորի խոսքով, այս համակարգում, որտեղ մեկ հոգի է որոշում, թե ով է մեղավոր, ով` ոչ,  ՎՊ-ից ավելին, քան այսօր է արվում, պետք չէ ակնկալել: «Պետք է չափազանց խստապահանջ չլինենք այս մարմնի հանդեպ», — ավելացրեց Զոհրաբյանը:

Նա նշեց նաեւ, որ անվստահություն հայտնելով ՎՊ-ին՝ խորհրդարանը անվստահություն կհայտնի բյուջետային չարաշահումերը բացահայտող միակ գործուն մարմնին:

«Պիտի համագործակցել ՎՊ-ի հետ` օգնելու բացահայտել բյուջեի գանձագողերին: Եթե ոչ այսօր, ապա վաղը գալու է այն օրը, երբ ունենալու ենք անկախ մարմիններ», — նշեց Զոհրաբյանը:

ՀՀԿ խմբակցության անունից Գալուստ Սահակյանը, պաշտպանելով Իշխան Զաքարյանի թեկնածությունը, նշեց, որ ՎՊ-ն «անկախ մարմին է, որովհետեւ նրա գործունեությունը քննադատում են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը»:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ Սերժ Սարգսյանը քննադատեց, հետո առաջադրեց Իշխան Զաքարյանին` «Աշխատանքային պրոցես է: Մենք պետք է ուրախանանք, որ քննադատություն կա, ուսումնասիրություն կա», — ասաց Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ Իշխան Զաքարյանն իրականում չարաշահումների վերաբերյալ բացահայտումներ չի արել, այլ եզրակացություն է տվել:  

«Իսկ ինչ վերաբերում ա` ինչու դատախազություն չեն դիմել…Մեկնումեկդ գրություն գրեիք դատախազությանը: Ինչու՞ եք ամեն ինչ բարդում Զաքարյանի վրա», — դիմելով ընդդիմությանը` ասաց Սահակյանը: (Ի դեպ, ընդդիմության կողմից դատախազություն եւ բարձրագույն պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ուղարկված, չարաշահումների վերաբերյալ բազմաթիվ դիմումներն անխտիր մերժվել են` «փաստերի անհամապատասխանության» պատճառաբանությամբ – iLur.am):

Անդրադառնալով Իշխան Զաքարյանի ունեցվածքի վերաբերյալ քննարկումներին` Գալուսը Սահակյանը խորհուրդ տվեց քննել, թե ինչ միջոցների հաշվին են հարստություն ձեռք բերում ընդդիմադիր պատգամավորները: «Մենք գրպանահա՜տ ենք, ինչ ենք, որ անընդհատ այս հարցն արծարծենք: Մարդն ասում ա` ես իմ ունեցվածքը հավատարմագրել են, ես մաքուր եմ, դուք էլի ասում եք` որտեղից», — զարմացավ նա:  

Նախորդ հոդվածը‘Տ. Եգորյան. «Հարսնաքարի» գործով դատախազի ճառը ընդամենը շոու է’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային’