‘Գ.Սահակյան. Սերժ Սարգսյանը ժողովրդի նեղ զանգվածի հետ երբ հանդիպում է, ժողովրդական բառերով է խոսում ‘

1379

iLur.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը

— Նախընտրական քարոզարշավի ամենաքննարկվող հարցերից են դարձել Սերժ Սարգսյանի հայտարարությունները, մասնավորապես՝ «այդպես եք անում, որ խիարը թարս է բուսնում»: Ինքներդ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խոսքերը:

— Բնական եմ համարում, քանի որ ամբողջ քարոզարշավը բավական լավ է ընթանում, մենք կարողացանք դաշտ ստեղծել, եւ դա առավելություն եմ համարում: Ու հիմա այդ վիճակում լրագրողական արձագանքներ են ձեր ասածը, քանի որ ինտրիգներ չկան, բոլորն ազատորեն ճանապարհ են անցնում, լրագրողները կառչում են Սերժ Սարգսյանի խոսքերից: Իսկ Սերժ Սարգսյանը ժողովրդի նեղ զանգվածի հետ երբ հանդիպում է, բավականին ժողովրդական բառերով է խոսում, ինչպես մեր ցանկացած հայ:

— Բայց գյուղացի մարդը, որը միգուցե առաջին անգամն է տեսնում Ս.Սարգսյանին, ու հանկարծ՝ նրանից նման արտահայտություններ է լսում, ի՞նչ տպավորություն կունենա: Ու ընդհանրապես, որքանով է հարիր այդ խոսելաոճը նախագահի թեկնածուին:

— Նախագահի թեկնածուի, հայ մարդու համար շատ հարիր է: Ուղղակի լրագրողներն էլ բառերը վերցնում են, կոնտեքստից հանում են ու «համով նյութի» փնտրտուքի մեջ են գտնվում:

— Սոցիալական կայքերում էլ քննարկվում են այդ խոսքերը, ու ակնհայտ է, որ շատերը դա վատ են ընդունել:

— Այս տարիների ընթացքում այդ ոլորտում պրոֆեսիոնալներ են առաջացել, կարողացել են մատուցման ձեւեր մշակել: Եւ վարկաբեկման իմաստով նրանք պրոֆեսիոնալիզմ են ձեռք բերել: Ձեր ասածը դրա հետեւանք է: Իսկ ընդհանրապես, դա որեւէ ազդեցություն, հետեւանքներ չեն թողնի: Ցանկացածի խոսքը կարող են ներկայացնել այնպես, որ փուշը մանուշակ դառնա, կամ մանուշակը՝ փուշ: Այդ խաղերին մենք շատ լավ ծանոթ ենք, պարզապես՝ չենք արձագանքում, որովհետեւ ընտրությունների քարոզարշավից է նաեւ կախված ընտրությունների ընթացքը: Ուզում ենք հաշտ ու խաղաղ ընթանան ընտրությունները, որ մի անգամ ժողովուրդը տեսնի, որ էն վարկածները՝ զոռբայություն, փող բաժանել, այդ ճահճից դուրս գա: Դրա համար էլ մենք մեզ զսպում ենք ու չենք արձագանքում:

— Այսինքն՝ այս անգամ փող չի՞ բաժանվելու ընտրություններին:

— Բայց ո՞ր անգամ է փող բաժանվել: Պարզապես՝ այս անգամ հստակ չի բաժանվելու, որովհետեւ այս անգամ տրամադրված են ոչ թե իշխանությունները, այլ ՀՀԿ-ն, ու եթե նկատի փող բաժանելու ցանկացած դեպք, ապա պետք է իր մեկնություններով դեմն առնել ու հասնել նրան, որ ամենադաժան պատիժը կրի փող բաժանողը:

— Նախագահի 3 թեկնածուներ արդեն իսկ կասկածի տակ են դրել նախընտրական ցուցակների իսկությունը, չհաշված՝ այն ուժերը, որոնք հրաժարվեցին մասնակցել ընտրություններին: Արդյո՞ք արդեն իսկ կասկածի տակ չի դրված ընտրությունների մաքրությունը, քանի դեռ ընտրացուցակները նման վիճակում են:

— Եթե անգամ դա չլիներ, մեկ այլ բանից պետք է կառչեին՝ իրենց ուղին հարթելու համար: Ինչ կապ ունի ընտրացուցակը, երբ հանձնաժողովներում բոլորը վստահված անձինք ունեն, եւ նրանք նույն իրավունքներն ունեն, ինչ հանձնաժողովի անդամը:

— Ընտրակեղծիքի որջը հիմա թաքնված է ընտրացուցակներում. ընտրակեղծիքները գնալով պրոֆեսիոնալ կերպով են իրականացվում, պետական մակարդակով, առաջին հայացքից՝ աննկատ:

— Լավ, եթե նման բան կար, թող նախորդ ընտրություններում գոնե մեկ դեպք բերեին, ցույց տային: Ասում են՝ մենք հզոր ընդդիմություն ենք, թող մեկ դեպք բռնեին:

— Ընտրակեղծարարին բռնողը, բացահայտողը իշխանությունը պետք է լինի, այնինչ՝ ընտրկեղծիքը հիմա իշխանությունը, պետությունն է անում՝ ոստիկանությունն անձնագրային վարչությունով:

— Վստահված անձը տեղամասում կանգնելու, նկարելու իրավունք ունի, ոստիկանը նման իրավունք չունի: Թող բռնեին: Ինչի մասին է խոսքը:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ն ահազանգում է՝ քաղաքացուն անհիմն ազատել են աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինան՝ նոր «Բարսելոնա», Իսպանիան՝ առանց Չավիի եւ Անգլիան՝ 23 տարի անց. Տեսանյութ’