‘Դալլասում ոստիկաններին սպանած անձն ավելի լայնածավալ հարձակում էր ծրագրել’

1711

Դալլասում հինգ ոստիկանների սպանած և ևս յոթին վիրավորած անձը մտադիր էր ավելի լայնածավալ հարձակում գործել, հայտարարել է քաղաքի ոստիկանապետ Դևիդ Բրաունը:

Ըստ ոստիկանապետի՝ 25-ամյա Միկա Ջոնսոնը վրդովվել է, երբ իմացել է, որ Ամերիկայում ոստիկանությունը սպանում է անզեն աֆրոամերիկացիների, և նպատակ է դրել սպանել սպիտակամորթ ոստիկանների:

Ինչպես CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Բրաունը, ինքը համոզված է, որ Ջոնսոնն ավելի մեծ պլաններ է ունեցել: Նրա կարծիքով՝ բանակի պահուստային Ջոնսոնը, ըստ երևույթին, տիրապետել է պայթուցիկներ պատրաստելու արվեստին:

Ոստիկանությունն ուսումնասիրում է Ջոնսոնի տանը հայտնաբերված օրագիրը, սակայն Բրաունը տեղեկացրել է, որ իրենց առայժմ չի հաջողվել «գաղտնազերծել այն»:

Այս ընթացքում Միացյալ Նահանգներում թափ է հավաքում Մինեսոտայում և Լուիզիանայում վերջերս աֆրոամերիկացիների սպանությունների հետ կապված բողոքի ալիքը ոստիկանության դեմ:

Դալլասի իրադարձությունների պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է կրճատել իր եվրոպական շուրջայցը և արդեն այս շաբաթվա սկզբին այցելել քաղաք: Սակայն դեռևս Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, թե «Ամերիկան այնքան էլ պառակտված չէ, որքան կարծում են ոմանք»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Հակառակորդը հրադադարի պանպանման ռեժիմը խախտել է 14 անգամ’
Հաջորդ հոդվածը‘1 ամսով կդադարեցվի դեպի Հայաստան գազամատակարարումը’