‘
Այս տարի լրանում է ՀՀ կառավարության 1941-Ա որոշման ընդունման տասնամյակը: Այդ որոշմամբ Երեւանի թոքերը՝ Դալմայի այգիները դրվեցին կառուցապատման տակ: Դալմայի այգիները պատմամշակութային եւ բնության հուշարձան է: Այգին հիմնադրել է Ուրարտուի Ռուսա 2-րդ արքան՝ մեզանից շուրջ 2 700 տարի առաջ, ինչի վկայությունը տարածքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունն է: Այն փաստում է, որ Ռուսա արքան Իլդարունի (Հրազդան) գետից ջրանք է անցկացրել՝ այս անջրդի տարածքը այգու վերածելու համար:
Խորհրդային տարիներին քաղաքի հտակագծի համաձայն, այգին զբաղեցնում էր 750 հեկտար տարածք: Կառավարության 1941-Ա որոշմամբ դրանից «խուզվեց» շուրջ 220-ը՝ այգու տարածքը սահմանվեց 533 հա: Արդեն իսկ կրճատված տարածքի կեսը կառուցապատման տակ դրվեց, իսկ մյուս կեսը պետք է վերածվեր անտառային գոտու:
«Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը iLur.am-ի ռեպորտաժում ասում է, որ բացի այն, որ չարաբաստիկ որոշումը հակաօրինական էր ամբողջությամբ, դրա կատարումն էլ թերի է մնացել, քանի որ մնացած 256 հա կանաչ տարածքի վրա անտառային գոտի ստեղծելու դրույթի իրականացման ուղղությամբ որեւէ քայլ չի կատարվել:
Այժմ այգու վրա փոշու ամպ է նստած. բուռն ընթացքի մեջ է Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող պողոտայի շինարարությունը: Ծառերի փոխարեն այստեղ բետոնե կոնստրուկցիաներ են աճում:
Մանրամասները՝ տեսանյութում
‘